Աշխարհ

03.07.2013 17:02


Զեկույց. ԼՂ հակամարատության գոտում լարվածությունը սրվում է սպառազինությունների մրցավազքին զուգահեռ

Զեկույց. ԼՂ հակամարատության գոտում լարվածությունը սրվում է սպառազինությունների մրցավազքին զուգահեռ

«Միջազգային ճգնաժամային խումբը» իր նոր զեկույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին` նշում է, թե հակամարատության գոտում լարվածությունը սրվում է սպառազինությունների մրցավազքին զուգահեռ:

Զեկույցում անդրադառնալով Ռուսաստանից մեկ միլիարդ դոլարի զինատեսակներ գնելու Ադրբեջանի քայլին՝ զեկույցի հեղինակները հիշեցնում են հունիսի 26-ին Բաքվի զորահանդեսում Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալից հայտարարությունները, թե հարկ եղած դեպքում հսկողության տակ կառնեն միայն Լեռնային Ղարաբաղին հարակից անվտանգության գոտին, այլև բուն հայկական տարածքները: Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբանների փոխանցմամբ՝ Բաքվի կողմից ուժի ցուցադրությանն ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախարարության մի անանուն պաշտոնյա ասել է, որ հայկական ուժերը իրենց տրամադրության տակ հեռահար հարձակողական համակարգեր ունեն, որոնք Ադրբեջանի տարածքում կարող են ոչնչացնել ցանկացած թիրախ։ Զեկույցում գրվում է, որ այդ պաշտոնյայի խոսքերից չի հասկացվում՝ խոսքը Հայաստանին վաճառված ռուսական զենքի՞ մասին է, թե Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տրամադրության տակ եղած զինատեսակների է:

Միջազգային ճգնաժամային խմբում նաև մտավախություն է արտահայտվում, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն հանդիպել և լարվածության թուլացման նպատակով նոր երկկողմ հանդիպման պատրաստկամություն էլ չեն ցուցաբերում, մինչդեռ հակամարտության շփման գծում հրադադարի խախտումները չեն դադարում, և ինչպես ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշչիցյանն է արձանագրել, հայ ադրբեջանական լարվածությունը հասել է պայթունավտանգ սահմանի:

Զեկույցում նաև նշվում է Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի հնարավոր վերագործարկման առթիվ միջազգային հանրության մտավախությունների մասին՝ նշելով, որ դա կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել:

Զեկույցն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների մակարդակով հնչած ափսոսանքին, թե բանակցային գործընթացը մտել է փակուղի, և հակամարտող կողմերին կոչ են արդել ակտիվացնել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Այս խորագրի վերջին նյութերը