Քաղաքական

13.07.2009 19:50


Արամ Սարգսյան. «Եռյակի հայտարարությունը հակասության մեջ է մտնում բոլոր այն իրողությունների հետ, որոնք այսօր կան»

Արամ Սարգսյան. «Եռյակի հայտարարությունը հակասության մեջ է մտնում բոլոր այն իրողությունների հետ, որոնք այսօր կան»

-Եթե մինչ այս մենք ասում էինք, որ ԼՂՀ ներկայացուցիչները պետք է լինեին բանակցային կողմ, ապա այժմ ես դա նպատակահարմար չեմ գտնում մի պարզ պատճառով։ Նրանք արդյոք պե՞տք է քննարկեն Մադրիդյան սկզբունքները, որոնք ընդունելի չեն իրենց համար։ Արդյոք պե՞տք է քննարկեն այն ամենը, ինչ ձևավորվել է առանց իրենց մասնակցության,- «7օր»-ի հետ զրույցում ասել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, խոսելով օրեր առաջ Ստեփանակերտում կայացած խորհրդաժողովում հնչած այն բազմաթիվ կարծիքներ մասին, որ ԼՂ-ն պետք է դառնա բանակցային կողմ, և ցանկացած որոշում պետք է Արցախի ժողովրդի որոշմամբ լինի։ -Իրենք կարող են քննարկել այն, ինչին իրենք են մասնակցել, տեղյակ են և առաջարկություններով ևս հանդես են եկել։ Այնպես որ, այս պահին երկու տարբերակ կա. եթե սկսում են մասնակցել, ապա դա պետք է սկսվի զրոյից, կամ եթե սկսում են մասնակցել այն հիմքի վրա, որը ձևավորվել է արդեն մադրիդյան սկզբունքների հիման վրա, ապա նրանք դրանք անընդունելի կհամարեն և կհայտարարեն, որ դա իրենց համար չի։ Երկու տարբերակն էլ ժխտողական են։ Այլ հարց է, որ եթե իրենք մերժելու են այդ սկզբունքները, ապա պետք է ներկայացնեն այլընտրանքային ծրագիր, որով իրենք կարող են ասել, թե ինչն է իրենց համար ընդունելի, ինչի մասին իրենք կարող են քննարկումներ անցկացնել։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությանը.

–2007 թվականի նոյեմբերի վերջին ես այդ բոլոր սկզբունքները, որոնք մի փոքր մոդիֆիկացիայի էին ենթարկվել, ներկայացրել եմ հանրությանը, ասելով, որ դրանք անընդունելի են հայկական կողմի համար։ Այժմ առավել քան համոզված եմ, որ դրանք ընդունելի չեն։ Կարծում եմ, որ այդ եռյակի հայտարարությունը, ձևավորված այդպիսի սկզբունքները միանշանակ միակողմանի են և հակասության մեջ են մտնում բոլոր այն իրողությունների հետ, որոնք այսօր կան։ Հայկական կողմը պարտավոր է դա միանշանակ ներկայացնել։  Եթե խոսվում է փախստականների վերադարձի մասին, ապա միանշանակ է, որ մենք մեր փախստականների հարցը պետք է բարձրացնենք։ Եթե խոսվում է այն մասին, որ այնտեղ պետք է հանրաքվե կայանա, ապա  ուզում եմ հիշեցնել, որ ԼՂ-ի հիմնահարցի էությունը ԼՂ-ի կարգավիճակն է, և եթե կարգավիճակը հենց առաջնային հարցը չի դառնում և չի ընդունվում, ապա քննարկելու այլևս որևէ խնդիր չկա, որովհետև մյուս բոլոր հարցերը ածանցյալ են, որոնք առաջացել են Ադրբեջանի հրահրած պատերազմի հետևանքով,–ասել է Ա.Գ. Սարգսյանը։

Այնպես որ, ըստ Արամ Սարգսյանի, «ամեն ինչ վերից վար վերափոխման կարիք ունի»։

-Այսպիսի իրավիճակում այսպիսի հայտարարությունն ընդունել որպես ուղղորդող, համարում եմ, որ այն հակահայկական քայլ կլինի,- եզրակացրել է Ա. Գ. Սարգսյանը։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը