Հարցազրույց

12.07.2013 14:50


Ա. Մուսախանյան. «Գործարարների և դեմոկրատկան ուժերի միացումը ռեժիմին հաղթելու միակ ձևաչափն է»

Ա. Մուսախանյան. «Գործարարների և դեմոկրատկան ուժերի միացումը ռեժիմին հաղթելու միակ ձևաչափն է»

Հարցազրույց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ Արշակ Մուսախանյանի հետ

Դուք նախկին «Հայոց համազգային շարժման» կուսակցության անդամ եք, և այսօր ներկայացված եք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչությունում: Այս անցումը ինչոր կերպ ազդե՞լ է Ձեր՝ որպես կուսակցականի, սկզբունքների, նապատակների և քաղաքական օրակարգի վրա:

–Քաղաքական առումով ոչինչ չի փոխվել: Մինչ անվանափոխումը, ՀՀՇ-ի համար գործունեության հիմք էին «Հայ ազգային կոնգրեսի» քաղաքական խորհրդի որոշումները: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, մեր խնդիրն է Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումը: Որոշակի փոփոխություն է կրել գաղափարական շրջանակը: Եթե ՀՀՇ-ն դասական ազատական կուսակցություն էր, ապա Կոնգրեսը որդեգրել է սոցիալական ազատականության գաղափարախոսությունը: Այն ավելի ընդունելի է դարձել նաև այն նոր կուսակցականների համար, որոնք կարծում են, որ հասարակության կյանքը և շուկայական հարաբերությունները կարգավորելու համար պետությունն ավելի շատ գործառույթներ պետք է իրականացնի: Անփոփոխ են մնացել ՀՀՇ-ի այն հիմնարար գաղափարները, որոնք գալիս են դեռևս 90-ականների սկզբից: Դրանք են` պետականության, ժողովրդավարության, բոլոր հարևաննների հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու, քաղաքական պրագմատիզմի, «ոտքերդ վերմակիդ
չափով մեկնելու» սկզբունքները:

Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում անհրաժեշտ է փոփոխություն՝ սահմանադրական կամ քաղաքացիական, կամ գիտական ձևակերպմամբ՝ բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսքով։ Ի՞նչ կասեիք այդ մասին։

–Մենք գիտենք, որ տոտալիտարիզմը ոչ թե տուն կամ մեքենա ունենալու հնարավորության բացակայությունն է, այլ արտադրական ռեսուրսների տոտալ վերահսկումը: Ակնհայտ է՝ Սերժ Սարգսյանի գլխավորած վարչակազմը փորձում է ենթարկեցնել ցանկացած գործարարի և վերահսկել հայաստանյան յուրաքանչյուր կապիտալ: Բայց ռեժիմը հասարակության աչքերում ոսոխ է դարձնում հենց գործարարին, որը ունենալով հսկայական տնտեսական կարողություն՝ այնուամենայնիվ վարչակազմի զոհն է, ռեժիմի հպատակը: Բուրժուադեմոկրատական հեղափողությունը, կամ այլ կերպ ասած՝ քաղաքացիական հեղափոխությունը, ենթադրում է հասարակարգի փոփոխություն: Մի կողմից՝ ժողովրդավարության հաստատում և մարդու իրավունքների գերակայություն, մյուս կողմից՝ գործարարների ազատագրում, շուկայական հարաբերությունների, փոքր ու միջին խավի ձևավորում: Մենք պետք է հասկանանք, որ գործարարները արտադրող են, աշխատատեղ ստեղծող, տնտեսություն զարգացնող, այլ ոչ թե թշնամիներ: Այլ հարց է, որ այսօր նրանք գործում են հարկային դաշտից դուրս, որի դիմաց հսկայական գումարներ են «մուծում» իշխանություններին` Սերժ Սարգսյանի ռեժիմին: Բուրժուան, կամ այլ կերպ ասած՝ սեփականատերը, իր հերթին պետք է գիտակցի, որ անհրաժեշտ է թոթափել ռեժիմի լուծը, մտնել օրինական և մրցակցային դաշտ: Վերջապես՝ ձևավորել կանխատեսելի և երաշխավորված գործարար միջավայր: Կա ժողովրդավարական շարժում, որը, համոզված եմ, կրկին ակտիվանալու է, իսկ գործարարների և դեմոկրատկան ուժերի միացումը ռեժիմին հաղթելու միակ ձևաչափն է:

Հարցազրույցը վարեց Տաթևիկ Պողպատյանը

Այս խորագրի վերջին նյութերը