Կարծիք

12.07.2013 17:11


Նինա Մարգարյան.

Նինա Մարգարյան.

Պատմությունը, ինչպես ցույց է տալիս իրականությունը, մեզ այդպես էլ ոչինչ չսովորեցրեց, և մենք նորից ու նորից նույն սխալն ենք անում, որի պատճառով հայ ազգը պատմության ընթացքում բազմաթիվ զոհեր է տվել և ցեղասպանություն տեսել: Վերջերս նորից սկսեցի հանդիպել այն միտքը, որ պետք է ազատվել ղարաբաղյան կլանից: Եւ այստեղ ինձ մոտ հարց է առաջանում. բա էլ ինչո՞ւ ենք մենք ոռնոց դնում, երբ տարբեր տիպի ադրբեջանամոլ շիկահեր կանայք մեր ԱԺ-ում ելույթներ են ունենում, եթե նույնիսկ մենք ենք մեզ տարանջատում ղարաբաղցիներից ու բացահայտ այդ ամենի մասին խոսում: Այսինքն՝ մենք ինքներս նմանատիպ արտահայտություններով պնդում ենք, որ հայը ու ղարաբաղցին` տարբեր ազգեր են ու տարբեր ժողովուրդներ: Սակայն այս ամենը ես գտնում եմ ոչ թե սխալ, այլ կործարար մեզ բոլորիս համար, քանի որ հայ ազգը չպետք է իր մեջ արհեստական տարանջատումներ ստեղծի, այլապես կործանվելու է, քանի որ նմանատիպ արտահայտություններով հենց մենք ենք Ադրբեջանին հնարավորություն տալիս խոսել այն բանի մասին, որ Ղարաբաղը Հայաստանի ու հայի հետ ոչ մի կապ չունի, ինչը, իհարկե, մեծագույն սուտ է և ոչ մի կապ չունի իրականության հետ: Այո, պետք է պայքարել, բայց պայքարել կոնկրետ անձանց դեմ, գիտակցելով, որ չարիքը և դավաճանությունը ազգություն չունի: Իսկ եթե շարժվենք այն տրամաբանությունով, որ պետք է պայքարել, օրինակ, ղարաբաղյան կլանի դեմ, ապա ճիշտ նույն տրամաբանությամբ մենք կարող ենք պայքարել, օրինակ, սյունիքցիների դեմ, քանի որ նույն Լիսկան Սյունիքից է: Իսկ երբ իշխանությանը գա, ասենք թե, լոռեցին, ով գուցե նույնպես անգրագետ, կործարար քաղաքականություն կվարի, ապա մենք կսկսենք պայքարել Լոռու կլանի դեմ...ու այսպես շարունակ, մինչև ինքներս մեզ չոչնչացնենք: Նենց որ, ժողովուրդ, կարծում եմ, որ պետք է պայքարի ճիշտ թիրախներ ընտրել ու այդ թիրախներին ճիշտ որակավորում տալ, քանի որ չարիքը իսկապես ազգություն և այլ նմանատիպ հատկանիշներ չունի, և պետք չէ արհեստական տարանջատումներ ստեղծել առանց այդ էլ մեր փոքր ազգի մեջ: Հավատացեք, որ դրանից շահում է ոչ թե հայ ազգը, այլ միայն ու միայն մեր թշնամին:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/nina.margaryan.7/posts/597665550273579

Այս խորագրի վերջին նյութերը