Քաղաքական

16.07.2013 16:11


ՀՅԴ. «Քաղաքական ցինիզմի այսօրինակ դրսևորումը խաթարեց ընտրական գործընթացը»

ՀՅԴ. «Քաղաքական ցինիզմի այսօրինակ դրսևորումը խաթարեց ընտրական գործընթացը»

Հուլիսի 14-ին Պռոշյան համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ընտրություններն արտահերթ էին, քանի որ սպանվել էր գործող գյուղապետ, ազատամարտիկ, “Մարտական Խաչ” 2-րդ աստիճանի շքանշանակիր Հրաչ Մուրադյանը:

Թե Պռոշյանի բնակիչները, թե հասարակությունը, թե մենք համոզված էինք, որ միայն արդար ու ազատ ընտրությունները կլինեին լուրջ երաշխիք` մեղմելու լարվածության ու կասկածանքի մթնոլորտը գյուղում, կնպաստեին ներհամայնքային համերաշխության ձևավորմանն ու սպանության լիարժեք բացահայտմանը:

Հույս կար, որ գոնե այս ընտրությունները, հաշվի առնելով վերոնշյալ առանձնահատուկ հանգամանքները, կանցնեն բնականոն հունով` սկսած առաջադրվողներից մինչև բուն ընտրական գործընթացը:

Ցավոք, ընտրություններն անցան վերջին շրջանում տեղի ունեցած բոլոր մակարդակների ընտրություններին հատուկ տրամաբանությամբ: Կրկին գործի դրվեցին հանրածանոթ բոլոր մեթոդները` վարչական լծակների կիրառում, արտաքին միջամտություն, պարտադրանք, ընտրակաշառք և այլն:

Արդյունքում հաղթանակն արձանագրվում է սպանված համայնքապետի` նախորդ ընտրություններում մրցակից հանրապետական թեկնածուի օգտին:

Քաղաքական ցինիզմի այսօրինակ դրսևորումը խաթարեց ընտրական գործընթացը, խորացրեց համայնքում առկա լարվածությունը:

Հակառակ այս իրողությանը` մենք հորդորում ենք Պռոշյանի բոլոր բնակիչներին տուրք չտալ նոր լարվածություն ստեղծելու հնարավոր փորձերին, միաժամանակ վստահեցնում ենք, որ հասարակության համախմբմամբ հետամուտ ենք լինելու Հրաչ Մուրադյանի սպանության լիարժեք բացահայտմանը և մեղավորներին պատժելուն:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Այս խորագրի վերջին նյութերը