Քաղաքական

02.08.2013 11:11


Դիվանագիտական սկանդալ. լիտվացի ենթադրյալ դիվանագետները քննարկում են ԼՂ հիմնախնդիրը (ձայնագրություն)

Դիվանագիտական սկանդալ. լիտվացի ենթադրյալ դիվանագետները քննարկում են ԼՂ հիմնախնդիրը (ձայնագրություն)

Ինչպես գրում է «ilur.am»–ը, «YouTube»-ում տարածվել է մի ձայնագրություն, որը կարող է լուրջ դիվնագիտական սկանդալի պատճառ դառնալ: Ձայնագրությունն իբր ներկայացնում է լիտվացի երկու դիվանագետների՝ Հունգարիայում Լիտվայի դեսպան Ռենատաս Յուշկայի եւ Լիտվայի ԱԳՆ Արեւելյան հարեւանության քաղաքականության վարչության փոխտնօրեն Զենոնաս Կումիտայտիսի հեռախոսազրույցը:

Ձայնագրությունն ուղեկցող անգլերեն տեքստի համաձայն՝ զրուցակիցները ի թիվս այլ հարցերի շոշափում են Վիլնյուսում նոյեմբերին տեղի ունենալիք ԱրլԳ գագաթնաժողովին ընդառաջ մի շարք հարցեր, մասնավորապես ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված:

Այս համատեքստում Կումիտայտիս ներկայացող անձը հիշեցնում է այս տարվա գարնանը Լիտվայի Սեյմում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին:

Ի պատասխան՝ Յուշկա ներկայացող անձը հայտարարում է, թե ավելի ճիշտ կլինի ասել «ոչ թե Լեռնային Ղարաբաղ, այլ Արցախ»: Ընդ որում՝ նա նաև նշում է, թե այդ հարցում ինքը հայամետ դիրքորոշում ունի, քանի որ «նրանք քրիստոնյա են, տուժել են ստալինյան ռեժիմից, որը փոխել է նրանց տարածքը, ինչպես և Լիտվայինը»: Յուշկան նաև հավելում է, թե ճիշտ չի համարում միանշանակ պնդել, թե «Լեռնային Ղարաբաղը պետք է վերադարձվի (ենթադրաբար՝ Ադրբեջանին-խմբ.), քանի որ այդ դեպքում ամեն ինչ կարող է նույն կերպ ավարտվել, ինչպես «Սաֆարովի միջադեպը»:

Իր հերթին նրա զրուցակիցը («Կումիտայտիսը») հարց է տալիս, թե որքանո՞վ էր տեղին «բարեկամության խումբ» ստեղծելը, հատկապես՝ եթե ուշադրություն դարձնենք այն փաստին, որ նոյեմբերին Վիլնյուսում տեղի է ունենալու «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, որին ցանկալի կլինի տեսնել հնարավորինս մեծ թվով մասնակիցների: Նա նաև հավելում է, թե «բարեկամության խմբի» ստեղծումը դիվանագիտական լարվածության առիթ է հանդիսացել, և լիտվական կողմը ստիպված է եղել ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին էլ բացատրություններ տալ իր դիրքորոշման վերաբերյալ: Նա նշում է նաեւ, որ ադրբեջանցի դիվանագետներից մեկը այս առիթով նույնիսկ սպառնացել է լիտվացի դիվանագետներին՝ «զգուշացե՛ք»: «20 տարվա մեջ երբեք նման ուշադրություն չի եղել այդ հարցի նկատմամբ»,- հավելում է «Կումիտայտիսը»: «Յուշկան» հարցնում է իր զրուցակցին, թե, այնուամենայնիվ, ԼՂ հակամարտության հարցում նրա համակրանքն ավելի շատ ում կողմում է: «Եթե հարցին մոտենանք Ռուսաստանի տեսակետից, ապա պետք է հարց տանք, թե այդ երկրներից որն է ավելի ռուսաստանամետ, որը՝ ոչ: Կրոնական ու զուտ մարդասիրական տեսակետից հայերը, անշուշտ, ավելի մոտ են, թեպետ նրանք էլ «փտած» են: Ըստ իս՝ կարևորը, որ նրանք երկուսն էլ «նույն նավի վրա մնան»՝ մինչև գագաթնաժողովը»,- պատասխանում է «Կումիտայտիսը»:

Ղարաբաղյան թեմայից հետո զրուցակիցները մշուշոտ արտահայտություններով քննարկում են Երեւանի հետ ինչ-որ բանակցություններ: Ենթադրաբար, լիտվացի դիվանագետներն ինչ-որ հարցի պատասխան են ակնկալում Երեւանից, որը ձգձգում է պատասխանը:

Նշենք, որ ձայնագրության անգլերեն ենթագրերը թերի են ու ամբողջովին չեն ներկայացնում լիտվերենով ընթացող խոսակցության բովանդակությունը: Ուշագրավ է նաեւ, որ տեսագրության վերնագիրը ենթադրում է, որ այն շարունակություն ունի:

Լիտվայի իշխանությունները, ի պատասխան Ադրբեջանից ուղարկված հարցման, արդեն արձագանքել են ձայնագրության փաստին՝ այն որակելով որպես սադրանք:

«Լիտվայի ԱԳՆ-ն չի մեկնաբանում տեղեկատվական սադրանքները: Ներկայումս հետաքննություն է տարվում, իսկ հեռախոսազրույցի բովանդակությունը ոչ մի ընդհանրություն չունի պետության պաշտոնական դիրքորոշման հետ»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ասված է Լիտվայի ԱԳՆի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ: Նույնպիսի մեկնաբանությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանում Լիտվայի դեսպանատունը:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը