Լրահոս

03.08.2013 10:21


Անի Կաղինյան. «Համոզված եմ՝ փոքր հաղթանակները ճանապարհ կբացեն մեծ հաղթանակների համար»

Անի Կաղինյան. «Համոզված եմ՝ փոքր հաղթանակները ճանապարհ կբացեն մեծ հաղթանակների համար»

Հարցազրույց «Եկեք կանխենք գազի սակագնի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անի Կաղինյանի հետ

–«Եկեք կանխենք գազի սակագնի թանկացումը» նախաձեռնության անդամները գազի և էլեկտրաէներգիայի թանկացումները հաստատած ՀԾԿՀին դատի էին տվել։ Սակայն դատարանը հետ էր վերադարձրել հայցադիմումը։ Ի՞նչ հիմնավորմամբ։

–Այո՛, մենք գազի և էլեկտրաէներգիայի թանկացումների հարցով մեր խախտված իրավունքները վերականգնելու նպատակով պարտավորեցման հայցով դիմել էինք ՀՀ վարչական դատարան: Սակայն վարչական դատարանը 15–օրյա ժամկետում վերադարձրեց հայցը՝ հիմնավորելով, որ այն չի կարող լինել պարտավորեցման հայց։ Բացի դրանից, մենք հայցում ներկայացրել էինք, որ ցանկանում ենք՝ դատը լինի բանավոր ընթացակարգով, այսինքն՝ ապահովվի դատական նիստի բաց և թափանցիկ լինելու հանգամանքը, սակայն վարչական դատարանը առանց հիմնավորելու պնդում է, որ պետք է հայցը քննվի գրավոր ընթացակարգով:

Պատրաստվո՞ւմ եք նորից հայցադիմում ներկայացնել դատարան։

Մենք հայցում, բավարարելով վարչական դատարանի պահանջները, որոնք չնայած հակասում են մեր իրավունքներին, հուլիսի 31-ին նորից դիմեցինք ՀՀ վարչական դատարան: Հիմա սպասում ենք, թե այս անգամ ՀՀ վարչական դատարանը ի՞նչ կորոշի:

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ պայքարը կարո՞ղ է որևէ արդյունքի հանգեցնել։ Չէ՞ որ որոշումն արդեն կայացվել է, ՀՀ իշխանություններն էլ այն վերանայելու կամք, կարծես, չեն դրսևորում։

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ պայքարը նույնպես կարող է շատ արդյունավետ լինել։ Ինչպես տեսանք տրանսպորտի հետ կապված վերջին իրադարձություններից, ամեն բան հնարավոր է: Ոչ լեգիտիմ ճանապարհով ընտրված իշխանությունները չեն կարող արտահայտել սեփական ժողովրդի կամքը, բայց ժողովուրդը կարող է ինքնակազմակերպվել և ստիպել, որ իշխանությունները կամք դրսևորեն ու պաշտպանեն ժողովրդի իրավունքները:

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ տրանսպորտի սակագնի բարձրացման ժամանակ հասարակական այսպիսի աննախադեպ համախմբում եղավ, և հաջողվեց, թեկուզ ժամանակավոր, կասեցնել որոշումը, բայց գազի և էլեկտրաէներեգիայի թանկացման դեպքում ընդամենը մի փոքր խումբ մարդիկ դուրս եկան պայքարի։

Տրանսպորտի սակագնի թանկացման ժամանակ հասարակությունը դուրս եկավ փողոց և հիմնականում 14-ից մինչև 30 տարեկան քաղաքացիներն էին, ինչը շատ ողջունելի էր, որովհետև քաղաքացին ակնհայտ ամեն օր տեսնում էր, որ ինչ-որ մեկը մտնում է իր քսակը և այնտեղից իր կամքին հակառակ թալանում է իրեն: Իսկ գազի և էլեկտրաէներգիայի դեպքում այդպես չէ, և միգուցե դա էր պատճառը, որ քաղաքացիները չկարողացան արագ ինքնակազմակերպվել, բայց ես հավատում եմ, որ փոքր հաղթանակները ճանապարհ կբացեն մեծ հաղթանակների համար:

Այս հարցո՛ւմ էլ հնարավոր համարո՞ւմ եք նման լայնամասշտաբ համախմբումը։

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացման շուրջը հավատում եմ, որ անպայման կլինի համախմբում, որովհետև ՀՀ քաղաքացին այլևս չի կարողանում ապրել իր հայրենիքում։ Որպեսզի կարողանանք կանխել ահագնացող արտագաղթը, սոցիալ-տնտեսական խոր ճգնաժամը, պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին և պայարենք, որովհետև նահանջելու տեղ չունենք:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը