Քաղաքական

29.08.2013 19:39


ՀԱԿ խմբակցության հայտարարությունը

ՀԱԿ խմբակցության հայտարարությունը

ԱԺ աշխատանքների վերսկսման կապակցությամբ, օգոստոսի 29-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության անդրանիկ նիստը:

Խմբակցության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Նիստում քննարկվել են առաջիկա նստաշրջանում Հայ Ազգային Կոնգրես խմբակցության գործունեության ծրագիրը, ներառյալ օրինագծերի, արտահերթ օրինագծի և հարցապնդման հիմնական ուղղությունները: Խմբակցության հիմնական օրենսդրական նախաձեռնությունները վերաբերելու են Հայաստանի քաղաքական և տնտեսական համակարգի առողջացման հետ կապված այնպիսի խնդիրներին, ինչպիսիք են ընտրական համակարգի բարեփոխումը, մենաշնորհային տնտեսական միջավայրի վերացումը, ժողովրդավարության, մամուլի և խոսքի ազատության աջակցումը, գործող ռեժիմի կողմից ուժային լուծումների հնարավորությունների սահմանափակումը, ավանդների և սոցիալական այլ խնդիրների լուծման ուղղված օրենսդրության ընդունումը, կոռուպցիայի շարունակական բացահայտումը, ինչպես նաև ակտուալ հասարակական և քաղաքական հնչեղություն ունեցող հարցերի արծարծումը»:

Խմբակցությունը նաև գնահատել է վերջերս քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների նկատմամբ ոստիկանական գործողությունները և այդ կապակցությամբ հայտարարություն ընդունել, որում ասվում է.

«Իշխող ռեժիմի դեմ տևական ակտիվ քաղաքական պայքարի ընթացքում ձևավորված քաղաքացիական հասարակությունը, ինչպես և սպասելի էր, պետք է դրսևորեր իր ինքնուրույն հակազդեցությունը նույն ռեժիմի կամ նրա հովանավորյալների կողմից իրականացվող զանազան ապօրինությունների ու կամայականությունների դեմ։ Բնապահպանական հարցեր, հասարակության կամ նրա տարբեր շերտերի իրավունքներն ու շահերը ոտնահարող, նրանց հարստահարող ու կեղեքող որոշումներ, քաղաքաշինական նորմերի ոտնահարումներ և նմանօրինակ այլ հարցերն են, որ վերջին տարիներին դարձել են քաղաքացական շարժումների օրակարգը։ Որքան էլ առաջին հայացքից լոկալ թվացող, սակայն դրանք բոլորը միասին վկայությունն են ռեժիմի ու նրա գործելակերպի դեմ ծավալվող հասարակական նեգատիվիզմի և անհանդուրժողականության, որ գործնականում վերածվում է առճակատման։ Ընդ որում, այնպիսի խնդիրներ, ինչպես անհիմն թանկացումները, տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, ամբողջ Երևանը վճարովի ավտոկանգառի վերածումը և այլն, հասարակական հրապարակային դժգոհության տեսքով ծավալվելու հսկայական պոտենցիալ ունեն։

Գիտակցելով քաղաքացիական շարժումների ծավալման վտանգավորությունն իր համար, վարչախումբը վերջին շրջանում կոշտացրել է իր վերաբերմունքը և անցել, ըստ էության, ոստիկանական տեռորի, ինչը ուղեկցվում է ոչ միայն ապօրինի քայլերի, այլ հաճախ նաև ցինիզմի դրսևորումներով։ Ոստիկանությունը օրինականության, հասարակության ու քաղաքացու անվտանգ կյանքի ու իրավունքների պաշտպանության փոխարեն վարչախմբի ձեռքին վերածվել է իշխանավորների ու նրանց դրածո կեղեքիչ օլիգարխների շահերը պաշտպանող պատժիչ գործիքի։ Խաղաղ պիկետների և ցույցերի մասնակիցների դեմ գործադրվում է ուժ, ծեծ, զանազան սադրանքներ, ոտնահարվում են մարդկանց տարրական իրավունքները։ Սեփական քաղաքացու դեմ ապօրինի բռնության գործադրումը իշխանության ոչ թե ուժի, այլ վախի վկայությունն է իրականում։

ԱԺ «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը խստորեն դատապարտում է ոստիկանության միջոցով խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող ապօրնի գործողությունները, ապօրինություններ, որոնց համար պատասխանատվությունը ընկնում է համապատասխան գերատեսչության ղեկավարի և անձամբ Սերժ Սարգսյանի վրա»։

Այս խորագրի վերջին նյութերը