Լրահոս

04.09.2013 11:23


Գագիկ Մինասյանը հրաժարվում է մեկնաբանությունից, Գալուստ Սահակյանը չկա

Գագիկ Մինասյանը հրաժարվում է մեկնաբանությունից, Գալուստ Սահակյանը չկա

Ինչպես հայտնի է, օգոստոսի 3–ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու պատրաստակամության մասին։ Այնինչ երեկ ՀՀԿ–ականները վստահություն էին հայտնում, որ չափազանց մեծ է նոյեմբերի վերջին Հայաստանի կողմից ասոցացման համաձայնագրի ստորագրման հավանականությունը, և որ դա՛ է ճիշտ ճանապարհը։

Նրանցից մեկն էլ ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էր, ում դիրքորոշումն այսօր փորձեցինք ճշտել Սերժ Սարգսյանի հայտարարության հետ կապված։

Գագիկ Մինասյանը, սակայն, հրաժարվել է մանրամասն մեկնաբանություններից։ Ներկայացնում ենք մեր հարցուպատասխանն ամբողջությամբ։

–Ձեզ համար անակնկա՞լ էր Սերժ Սարգսյանի հայտարարությունը Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ։

–Կարծում եմ՝ պետք է որոշակի ժամանակ անցնի, ծանոթանանք ամբողջ ինֆորմացիային ու նոր այդ մասին խոսենք։

–Բայց Ձեզ համար սպասելի՞ էր, որ Պուտինի հետ երեկվա հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը Մաքսային միությանը միանալու պատրաստակամություն կհայտնի։

Ես, կարծեմ, շատ հստակ պատասխանացի։

–Հարցն այն է, որ նաև անձնապես Դո՛ւք կողմ էիք ասոցացման համաձայնագրի ստորագրմանը։ Հիշեցնեմ, որ ընդամենը օրեր առաջ՝ հուլիսի 15–ին և օգոստոսի 1–ին, մասնավորապես հայտարարել էիք, որ այդ համաձայնագրի ստորագրմամբ կլուծվեն տնտեսական մի շարք խնդիրներ, կլուծվի փակ սահմանների հարցը, աշխատատեղեր կբացվեն, արտագաղթի խնդիրը լուծելու նոր հնարավորություններ կտրվեն և այլն։ Այսինքն, հիմա այս հարցերը մնացին օդում կախվա՞ծ։

–Սիրելի՛ս, ես կարծում եմ, որ քեզ շատ հստակ պատասխանեցի։ Երբ մենք մանրամասնկիմանանք ամբողջ ընթացքի մասին, այն ժամանակ ես կարող եմ ձեզ պատասխանել։

–Սերժ Սարգսյանը կուսակցության հետ նախապես չի՞ քննարկել, որ պատրաստվում է Մաքսային միությանը միանալու համաձայնագիր կնքել։

–Նախագահը կուսակցության հետ շատ հարցեր է քննարկում, և չեմ կարծում՝ այդ հարցերի մասին մենք պետք է խոսենք ձեզ հետ։

–Մանրամասները նախապես չի՞ ներկայացրել, որ հիմա նոր եք սպասում ամբողջական ինֆորմացիային։

–Դուք ուշադիր չեք լսում։ Ես քիչ առաջ այդ հարցին պատասխանեցի։ Դուք կրկնում եք այն, ինչ ես ասել եմ։

Նշենք նաև, որ ընդամենը մեկ օր առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ համոզմունք էր հայտնում, որ Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրի Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սահակյանը նշել էր, թե համաձայնագրի ստորագրման համար որևէ խանգարող հանգամանք չկա:

Նա նաև չէր համաձայնել այն պնդումներին, թե պաշտոնական Մոսկվան լուրջ ճնշումներ է գործադրում՝ փորձելով հետ պահել Հայաստանին ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից: Իսկ Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումից սենսացիաներ չէր ակնկալել:

«Հնարավո՞ր է՝ այդ հանդիպումից հետո պարզ դառնա, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն և չի նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը» «Ազատություն» ռադիոկայանի հարցին Սահակյանն արձագանքել էր.

«Չեմ կարծում, նման բան չի կարող լինել, որովհետև ասոցացման համաձայնագիրը հայ-ռուսական հարաբերությունների նույնիսկ ենթատեքստում որևէ խանգարիչ հանգամանք չի առաջադրում, և նաև Մաքսային միության քննարկումներն այնքան խորացած չեն, որ կարողանանք այսօր դիրքորոշում արտահայտել, առավել ևս՝ Հայաստանը մաքսային սահման չունի Ռուսաստանի հետ»:

Գ. Սահակյանն ավելացրել էր. «Նույնիսկ եթե որոշակի հանգամանքներ ծնվեն, քանի որ մաքսային սահման չունենք, մենք այստեղ որոշակի վերապահումներ կունենանք, կարծում եմ»։

Այսօր, սակայն, Գալուստ Սահակյանի հետ զրուցել մեզ չի հաջողվում։ Նա այդպես էլ չի պատասխանում հեռախոսազանգերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը