Քաղաքական

04.09.2013 12:24


Նաիրա Զոհրաբյանը բանակցություններ վարողներից բացատրություններ է պահանջելու

Նաիրա Զոհրաբյանը բանակցություններ վարողներից բացատրություններ է պահանջելու

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արած այն հայտարարությունը, թե Հայաստանը մտնում է Մաքսային միություն, քաղաքական ուժերի ներկայացուցիչներից շատերը մեկնաբանել չեն ցանկանում: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ իրենց կուսակցությունը առայժմ սպասում է արտաքին գերատեսչության ղեկավարների բացատրություններին, որից հետո նոր իրենք հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:

«Ի՞նչը մեկնաբանենք, եթե մենք չունենք տեղեկացվածություն, ի՞նչ է շահելու, օրինակ, դրանից Հայաստանը, կամ ի՞նչ է կորցնելու, միգուցե լավ է, միգուցե վատ է: Ես չգիտեմ, օրինակ, թե ինչ է սպասվում մեզ Վիլնյուսում նոյեմբերին, ինչ-որ բան սպասվո՞ւմ է, թե՞ չի սպասվում: Դատելով Եվրամիության պատասխանատուների հայտարարություններից` այլևս ոչինչ չի սպասվում, բայց այդ մասին մեզ, խորհրդարանին, քաղաքական ուժերին պիտի տեղեկացնե՞ն արտաքին գերատեսչության պատասխանատուները: Երբ որ իրենք հարկ կհամարեն գալ խորհրդարան և քաղաքական ուժերին տալ հստակ բացատրություն, տեղեկատվություն, այդ ժամանակ էլ, կարծում եմ, արժե ստանալ քաղաքական ուժերի մեկնաբանությունները: Զրոյական ինֆորմացիայի պայմաններում ես հրաժարվում եմ որևէ բան մեկնաբանել»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշել է, որ րոպեներ առաջ հայտնի է դարձել, որ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կարելի է համարել փակված:

«Ընդամենը 15 րոպե առաջ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հստակ հայտարարեց, որ ասոցացման պայմանագրի ստորագրման թեման կարելի է համարել փակված, բայց ես կրկնում եմ, որ մենք բացատրություններ սպասում ենք առաջին հերթին մեր արտաքին գերատեսչության պատասխանատուներից»,- նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը: Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ բարձրացնելու է հարց խորհրդարանում, որպեսզի բանակցություններ վարողները հանդես գան համապատասխան բացատրություններով: «Ովքեր որ բանակցություններ էին վարում ասոցացման պայմանագրի շուրջ, ովքեր տեղյակ են, թե ինչ է տալու մեզ Եվրասիական միությունը, միգուցե նոր հեռանկարնե՞ր է բացում մեզ համար, բայց եթերներով, ենթադրություններով մեկնաբանություններ ակնկալելը, կարծում եմ, ճիշտ չէ»:

ԲՀԿ–ական պատգամավորը վերջում ասել է, որ իրենք որևէ մեկնաբանություն չեն տա այնքան ժամանակ, քանի դեռ իրենց խորհրդարանականներին, քաղաքական ուժերին հստակ տեղեկատվություն չի տրամադրվել:

Փայլակ Ֆահրադյան

Աղբյուրը՝ galatv.am

Այս խորագրի վերջին նյութերը