Քաղաքական

13.09.2013 14:48


Ֆյուլե. «Հայաստանն այլևս ի վիճակի չի լինելու նախաստորագրել ասոցացման համաձայնագիրը» (տեսանյութ)

Ֆյուլե. «Հայաստանն այլևս ի վիճակի չի լինելու նախաստորագրել ասոցացման համաձայնագիրը» (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Երևանում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության ձևաչափի հանդիպումը, որին մասնակցել են նաև ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և նրա գրասենյակի ներկայացուցիչ Հելգա Շմիխտը։ Հանդիպմանը հաջորդել է պատվիրակությունների ղեկավարների ասուլիսը։

Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Հայաստանն այլևս ի վիճակի չի լինելու նախաստորագրել այն համաձայնագիրը, որի շուրջ բանակցել ենք երեք ու կես տարի: Միաժամանակ նա նշել է, թե Եվրոպական միությունը հետաքրքրված է արձանագրված ձեռքբերումների հիման վրա տարբեր բնավագառներում խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ:

Պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր Հայաստանի հետ այլ փաստաթղթի ստորագրումը, ԵՄ հանձնակատարն ասել է. «Ասոցացման համաձայնագիրը մեկ փաստաթուղթ է, երկու համաձայնագիր չկա։ Ես եկել եմ, որպեսզի լսեմ, հասկանամ մեր հայ գործընկերների հավակնությունները, ցանկությունները... Կասկածում եմ, որ հնարավոր կլինի մի այդպիսի փաստաթուղթ նախապատրաստել նախքան Վիլնյուսի գագաթաժողովը»։
Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ Եվրամիությունը մտադիր է ստորագրել ասոցացման պայմանագիրը Ուկրաինայի և նախաստորագրել Վրաստանի ու Մոլդովայի հետ:

«Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո Հայաստանն այլևս չի կարող նախաստորագրել համաձայնագիրը»,–հերթական անգամ հայտարարել է ԵՄ հանձնակատարը։

Այս խորագրի վերջին նյութերը