Լրահոս

17.09.2013 14:07


Երվանդ Բոզոյան. «Իշխանափոխության հնարավորությունը վաղուցվանի՛ց կա»

Երվանդ Բոզոյան. «Իշխանափոխության հնարավորությունը վաղուցվանի՛ց կա»

Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ

–Հատկապես վերջին շրջանում շատ է խոսվում, որ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը թուլացնում է Հայաստանը։ Իսկ ներքին քաղաքականության մասի՞ն ինչ կասեք։

–Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր։ Թուլացած ներքին քաղաքականությունն ազդեց արտաքինի վրա։ Սերժ Սարգսյանը փորձեց իր լեգիտիմությունը փնտրել դրսում և շատ խոստումներ տվեց արտաքին խաղացողներին։ Այսինքն, ի սկզբանե նրա թույլ կողմը հենց ներքի՛ն քաղաքականությունն էր։ Սերժ Սարգսյանի վարած հատկապես տնտեսական քաղաքականության պատճառով էր, որ Հայաստանը հայտնվեց այս վիճակում։

–Խնդում եմ մի փոքր մանրամասնեք՝ ներքին քաղաքականությունում ինչպե՞ս են արտահայտվում նրա ձախողումները։

–Երբ 2008թ. Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, ամբողջ աշխարհում միջազգային ֆինանսական ճգնաժամ էր։ Դրանից դուրս գալու համար բոլոր երկրները փորձում էին թեթևացնել հարկային բեռն իրենց արտադրողների համար, սոցիալական աջակցություն ցուցաբերել սեփական ժողովրդին, այսինքն՝ փորձում էին բոլորի բեռը քիչ թե շատ թեթևացնել։ Հայաստանում վարվեց ճիշտ հակառակ քաղաքականությունը։ Այդ ժամանակ ստվերային տնտեսության դեմ պայքարի պատրվակով տնտեսվարող սուբյեկտների վիճակն է՛լ ավելի ծանրացրին։ Մուլտիպլիկացիոն էֆեկտ առաջավ՝ ֆինանսական ճգնաժամին զուգահեռ՝ բիզնեսմենների վրա ավելացան նաև պետության կողմից իրականացվող ճնշումները։ Մարդիկ իրենց բիզնեսները սկսեցին դուրս հանել Հայաստանից, իսկ կապիտալի դուրս հանումը նշանակում է աշխատատեղերի կրճատում, սոցիալական վիճակի վատթարացում։ Շատերը գործազուրկ դարձան և ստիպված սկսեցին Հայաստանից գնալ։ Դրա հետևանքով արդեն սկսվեց կրճատվել մեր երկրի շուկան. առողջ, գործունյա զանգվածը գնաց, և մնաց թոշակառու զանգվածը։ Փաստորեն, Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքում մեր երկիրը հայտնվեց փակ ցիկլում։ Ձախողումները, բնականաբար, շատ էին, բայց առանցքայինը տնտեսությունն էր։

–Չկա՞ նաև մարդկային գործոնը, նկատի ունեմ այն, որ Սերժ Սարգսյանը պարզապես չի տիրապետում իրավիճակին։

–Այս ամենը կախված է հենց դրանից։ Եթե մարդն իր պատկերացումներով այնպիսին է, որ չի համապատասխանում էկոնոմիկայի զարգացման ժամանակակից պատկերացումներին, արդյունքն էլ սա է լինում։

–Ներկա պայմաններում ի՞նչ հնարավոր զարգացումներ եք տեսնում։

–Անկեղծ ասած, որևէ լուրջ հեռանկար չեմ տեսնում, որովհետև այդ հեռանկարը պայմանավորված է նաև վստահությամբ։ Երբ 5 տարի նույն մարդիկ նույն քաղաքականությունն են վարել, դժվար է ժողովրդին համոզել, որ հաջորդ 5 տարվա ընթացքում այդ մարդիկ կփոխեն իրենց քաղաքականությունը։ Մանավանդ, վերջինները չեն հայտարարում, որ սխալ քաղաքականություն են վարել, ասում են՝ մենք ամեն ինչ ճիշտ ենք արել։ Իսկ քանի որ վստահություն չկա, նշանակում է՝ բնականաբար, ոչ մի փոփոխություն էլ չի լինելու։

–Իսկ իշխանափոխության հնարավորություն չե՞ք տեսնում։

–Իշխանափոխության հնարավորությունը վաղուցվանի՛ց կա։ Ուղղակի իշխանափոխության համար համապատասխան ուժերը պետք է գիտակցեն, որ անհրաժեշտ է կոնսոլիդացվել և ճանապարահային քարտեզ ձևավորել այդ իշխանափոխության համար։ Դրա լավագույն տարբերակն ընտրություններն էին, բայց այդ խնդիրը նրանք չկարողացան լուծել։ Իշխանությունը մանիպուլյացիաների շնորհիվ կարողացավ տրոհել քաղաքական դաշտը՝ բաժանի՛ր, որ տիրես կոնցեպտով, ինչպես նաև ձևավորեց կեղծ ընդդիմադիրներ, կեղծ արևմտամետներ, հասարակությանն ապատեղեկացրեց իր վրա աշխատող ԶԼՄ–ի միջոցով։ Արդյունքում ստացվեց մի իրավիճակ, երբ մարդիկ թեև դժգոհ էին իշխանություններից, բայց չգիտեին, թե ինչ ճանապարհով պետք է գնալ, ո՞վ է ճիշտ։ Եթե հասարակության մեջ այդպիսի մթնոլորտ է, նա չի կարողանում կողմնորոշվել։ Հասարակությունը կարող է կողմնորոշվել միայն շատ մեծ ցնցման ժամանակ։ Իսկ անորոշության պայմաններում իշխանությունը միշտ հաղթող է դուրս գալիս։ Ցավոք, երբ ընտրություններն ավարտեցին, մարդիկ տեսան, որ իշխանությունը կարողացավ ներսում վերարտադրվել նաև թե՛ ռուսներին, թե՛ եվրոպացիներին տված խոստումների գնով ընտրախախտումների վրա աչք փակելու շնորհիվ։ Բայց վերարտադրվելով ներսում՝ իշխանությունը լրջագույն խնդիր ունեցավ, քանի որ չի կարողանում լուծել սոցիալ–տնտեսական հարցերը, իսկ եթե նախկինում ինչ–որ խոստումներ էր տալիս դրսին, ապա այսօր արդեն առնվազն եվրոպացիները խորապես հիասթափված են Հայաստանի իշխանությունից։

–Այսինքն, ստացվում է, որ պետք է սպասել հաջո՞րդ ընտրություններին։

–Այսպես ասեմ՝ եթե Հայաստանում քաղաքացիներին հաջողվեր առողջ քաղաքական դաշտ ձևավորել, եթե ավելի հետևողական լինեին այս ուղղությամբ, ապա, կարծում եմ, մինչև հաջորդ ընտրություններ մենք չէինք սպասի։ Ցավում եմ, որ տեխնոլոգիական իմաստով քաղաքական ուժերը պատրաստ չէին նորմալ կոնսոլիդացվելու և ճիշտ քայլեր ձեռնարկելու արդյունքում արագացնել իշխանափոխությունը։ Բայց չեմ բացառում, որ առաջիկայում դա չի լինի։ Ամեն ինչ կախված է քաղաքական ուժերի պահվածքից և պատկերացումներից, ինչպես նաև հասարակության մեջ աշխատանք տանելուց։ Հասարակությանը պետք է հստակ ճանապարհային քարտեզ ներակայացվի, թե քաղաքական ուժերն ինչ կոնկրետ քայլեր են առաջարկում։ Հստակություն է պետք։ Եթե հստակությունը չկա, հասարակ մարդը, ճիշտ է, կդժգոհի իշխանությունից, բայց անորոշ վիճակի մեջ կմնա, թե ինչու պետք է աջակցել սրան կամ նրան։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը