Քաղաքական

18.09.2013 10:15


«Մաքսային միությանը» միանալու վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը հստակ է

«Մաքսային միությանը» միանալու վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը հստակ է

Վերջին շրջանում քաղաքական դաշտի ամենաքննարկվող թեման Հայաստանի` Մաքսային միությանը միանալու հարցն է: Այս առումով բավականին շատ են հարցադրումները, թե ինչու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մինչեւ այսօր լռում այդ հարցի շուրջ: Այս թեմայով էլ «zham.am»-ը պարզաբանում խնդրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, որը մասնավորապես ասաց.
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երբևէ չի խուսափել երկրի համար կարևոր հարցերի վերաբերյալ դիրքորոշումներ հայտնելուց, և Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկության հետ կապված հարցում ևս կա հստակ դիրքորոշում: Նախ՝, առաջին հերթին, դեռ վաղ է խոսել Մաքսային միություն մտնելու մասին, քանի որ առայժմ խոսվում է միայն Հայաստանի ցանկության մասին, որը դեռ բավականին ժամանակ ու ընթացակարգ է պահանջում՝ իրականություն դառնալու համար: Եվ հետո, մեր խորին համոզմամբ, ՀՀ-ում շատ քիչ մարդ գիտի կամ հավանաբար գրեթե ոչինչ չգիտի, թե ինչ ասել է անդամակցություն Մաքսային միությանը: Երբ անցած կլինենք այս ճանապարհի գոնե մի մասը և երբ գոնե մոտավորապես ուրվագծված կլինեն անդամակցության արդյունքներն ու հետևանքները, այդ ժամանակ հնարավոր կլինի միայն առավել առարկայական գնահատականներ հնչեցնել:
Իսկ մինչ այդ Գագիկ Ծառուկյանը դեռևս սեպտեմբերի 2-ին Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում ուսանողների հետ կայացած հանդիպման ժամանակ շատ հստակ և երկիմաստությունը բացառող գնահատական է տվել հայ-ռուսական հարաբերություններին, այն է՝ Ռուսաստանը Հայաստանի բարեկամ երկիրն ու կարևորագույն տնտեսական գործընկերն է, մեր երկրի անվտանգության համակարգի պահպանման կարևորագույն ռազմավարական գործընկերն է, և այնտեղ ապրում են միլիոնից ավել մեր հայրենակիցներ, և դժվար թե որևէ մեկը կամենա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում:
Այնպես որ, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ և դրանց զարգացման անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը շատ հստակ է, իսկ Մաքսային միությանն անդամակցելու ցանկության հետ կապված հարցին դեռ ժամանակային քննություն է սպասվում»:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը