Տնտեսական

22.07.2009 18:14


Արման Մելիքյան

Արման Մելիքյան

-Համաշխարհային ճգնաժամը, իհարկե, դեր ունի, բայց կարիք չկա ամեն ինչ պատճառաբանել ճգնաժամի ազդեցությամբ,- «7օր»-ին ասել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի տնտեսական անկումը՝ մինչև 16,3%, պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամով.

-Եթե մենք մի քիչ այլ բնույթի տնտեսություն ունենայինք և այլ կառավարման համակարգի պայմաններում, գուցե այդ անկումը լիներ ոչ թե 16,3%, այլ՝ 2% կամ զրոյական։

Ա. Մելիքյանը նշել է, որ ՀՀ տնտեսության կառավարման համակարգը արատավոր է և համարժեք չի գործել տնտեսական ճգնաժամից բխող մարտահրավերները հաղթահարելու տեսանկյունից.

-Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք տնտեսության խեղվածության մասին են խոսում,- ասել է Ա. Մելիքյանը՝ հավելելով,-կան օբյեկտիվ գործոններ, որոնք, անկախ տնտեսության և տնտեսագիտական օրենքներից, ազդում են այս վիճակի վրա։ Առաջին հերթին դա իշխանության հանդեպ ունեցած բնակչության անվստահությունն է, որը բիզնեսի, տնտեսության ոլորտում, բնականաբար, հանգեցնում է տնտեսական ցուցանիշների անկման։ Դա նաև կապված է այն հանգամանքի հետ, որ տնտեսությունը մենաշնորհային է։

Ա. Մելիքյանի համոզմամբ՝ ՀՀ տնտեսական անկումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկրում «լուրջ փոփոխություններ չեն կատարվել ոչ միայն ձևական առումով, այլև՝ ըստ էության»։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը