Քաղաքական

14.10.2013 16:35


Տիգրան Առաքելյանին դատարանի դահլիճից ազատ արձակեցին. «Երբեք ինձ անազատ չեմ զգացել» (տեսանյութ)

Տիգրան Առաքելյանին դատարանի դահլիճից ազատ արձակեցին. «Երբեք ինձ անազատ չեմ զգացել» (տեսանյութ)

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի,Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը։

Դատարանը բոլոր 4–ին էլ մեղավոր ճանաչեց, սակայն Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ կիրառեց համաներում, Տիգրան Առաքելյանին ազատեց պատժի կրումից, խափանման միջոց կալանավորումը վերացրեց և դատական նիստի դահլիճից ազատ արձակեց։

Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ էլ դատարանը որոշեց նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։

Տիգրան Առաքելյանը դատարանի դահլիճից դուրս եկավ ներկաների «Տիգ–րա՛ն, Տիգ–րա՛ն» բացականչությունների ներքո։ Դատարանի դահլիճից դուրս հավաքված բազմաթիվ աջակիցների հետ ողջագուրվելուց հետո Տ. Առաքելյանը հայտարարեց.

–Հաղթում է կա՛մքը. պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ։

Նա նաև ընդգծեց, որ երբեք իրեն անազատ չի զգացել, թեկուզ և եղել է քրեակատարողական հիմնարկում։

–Ինչպես ապօրինի բռնել էին, այնպես էլ ապօրինի բաց թողեցին։ Իրական հասարակական ճնշում կար իշխանությունների վրա, դրա համար իրենք մի քայլ հետ գնացին։ Սրանից հետո ավելի ակտիվ եմ լինելու,–ասաց Տ. Առաքելյանը։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ընդգծեց, որ իրենց պայքարը պսակվեց հաջողությամբ։

–Մեր բոլոր 4 տղաները գտնվում են ազատության մեջ և շարունակելու են իրենց պայքարը։ Այս վճռից մենք ուրախանալու բան չունենք։ Դատավորը տղաներին մեղավոր ճանաչեց, մեզ այսպիսի արդարադատություն պետք չի։ Մենք այսպիսի արդարադատությունը համարում ենք դատապարտված,–հայտարարեց Լ. Զուրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը