Լրահոս

15.10.2013 15:40


Փ. Հայրապետյանի դիտարկումները

Փ. Հայրապետյանի դիտարկումները

Հարցազրույց ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանի հետ

–«Օֆշորային գործը» հետաքննող քննչական խումբն օրերս վերադարձել է Կիպրոսից։ Ձեզ արդեն տեղյակ պահե՞լ են, թե ինչ է նրանց այնտեղ հաջողվել պարզել։

–Ոչ մի նորություն էլ չկա. ինձ ոչինչ չեն ասել, ո՛չ մի բան։

–Ոչ էլ կանչել են ոստիկանությո՞ւն։

–Մի քանի օր առաջ նորից կանչեցին հարցաքննության։ Ես ասել էի՝ երբ էդ խուլիգան Աշոտին հարց տվեցի՝ լավ, հլը մի հատ ասա, էդ փողերն ի՞նչ ես արել, ասեց՝ բանկին կաշառք եմ տվել։ «Հետքը» գրել էր իմ ասածները, հիմա ինձ կանչեցին հարցաքննության, հարցրեցին՝ դո՞ւ ես ասել։ Ասեցի՝ ե՛ս չեմ ասել, ինչ ինքը ասել ա, ես էլ էդ եմ պատմել։ Ասեցի՝ գտեք բերեք, առերեսում արեք, թող ասի՝ ո՞ւր ա դրել էդ փողերը։ 12 միլիոն փող ա ստացել, ո՞ւմ ա տվել, ի՞նչ ա արել, մի մասն ատկատ արե՞լ ա բանկին։

–Հնարավո՞ր է՝ բանկից բացի՝ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանին էլ ատկատ արած լինի։

–Դե, վարչապետն օֆշորի էդ ընկերությունում գրանցված ա, նրա հաշվին փող ա դրվել, էդ գրավից փողը եկել ա Հայաստան, էդ փողը տվել են, ոսկի են առել։ Ո՞վ ա արել։ Որ վարչապետը չլիներ, ո՞վ էդ վարկը կտար։ Արի հիմա գնանք մի բանկից 1000 դոլար փող ուզենք, կտա՞ն։ Հեղինակավոր մարդիկ եք, հլը գնացեք ասեք՝ 5 հազար դոլար ա ինձ պետք։ Կասեն՝ ինչի՞ համար։ Պիտի գրանցես՝ ինչի համար, իմանան՝ ուր ես տանում... Եթե բիզնես–ծրագրով 10 հազար տոննա ոսկի կար, 10 մլն ադամանդ կար, էլ իմ թառլան շենքերն ինչի՞ էին գցում կրակը։ Էդի սարքել էին, որ իմ պես հարիֆների ունեցածը գողանային, էդքա՛ն բան։

–Դուք կարծում եք, որ այդ գողության մեջ մասնակցություն է ունեցել նաև Տիգրան Սարգսյա՞նը։

–Իհա՛րկե։ Ե՛ս չեմ ասում. կոնկրետ իր անունով օֆշորում գրանցված ա ընկերությունը։

–Դե, Տիգրան Սարգսյանն ասում է՝ առանց իր իմացության են գրանցել։

–Գիտեք ինչ, էդ Աշոտ կոչեցյալը դատախազին նամակ ուղարկեց, որ ես գրել եմ Տիգրան Սարգսյանի անունն ինձ «կռիշ» լինելու համար։ Ես էլ ասում եմ՝ եթե երկրի վարչապետը գողին «կռիշ» ա կանգնում, ավելի՛ ծանր հանցագործություն ա, քան նրան թույլատրել վարկ վերցնելը։ Եթե «կռիշ» ա կանգնում գողին, ինչի՞ մասին ա խոսքը։

–Իսկ ե՞րբ էին ձեզ կրկին ոստիկանություն կանչել։

–Մի քանի օր առաջ էր, կոնկրետ չեմ հիշում։ Գլուխս խելք ա՞ մնացել, այ բալա ջան։ Էս տարիքիս, էս վիճակի մեջ ամբողջ ունեցածս վերցրին, ոչ մեկից հույս չունեմ։

–Հիմա ձեր հին ընկերներից ոչ մեկը ձեզ չի՞ աջակցում։

–Ի՞նչ ընկեր, կապիտալիզմի ժամանակ ընկեր չի լինում։ Ընկեր կար Սովետական Միության ժամանակ, էսօր ընկեր չկա՛. էսօր սա՛ղ թալանչիներ են։

–Ու բոլորը ձեզանից երե՞ս են թեքել «օֆշորային» այս պատմությունից հետո։

–Գիտեք, ինձ իրենք պետք էլ չեն, համ էլ ես չեմ ուզում իրանց նեղություն տամ։

–Հնարավո՞ր է, որ պարզապես վախենում են ձեզ հետ շփվել։

–Այո՛, իհա՛րկե վախենում են։ Որ վարչապետի դեմ գործ ունեմ, վախենում են, բա ի՞նչ պիտի անեն։ Մարդ են, էսօր ամեն ինչից վախենում են։ Ամեն քայլափոխի կարան գլուխներն ուտեն։ Ինչի՞ մասին ա խոսքը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը