Քաղաքական

07.11.2013 12:00


Տեր–Պետրոսյանի առաջարկի հետքերով

Տեր–Պետրոսյանի առաջարկի հետքերով

«Բարևի» մոռացված «հեղափոխության» հիմնական մասնակիցներ հանդիսացող «Ժառանգությունն» ու ՀՅԴ–ն այժմ լուռ են։ Առաջինը ներկուսակցական խնդիրների մեջ է խճճված, իսկ երկրորդն ուզում է ինտեգրվել իշխանության հետ, սակայն առայժմ կարողացել է միայն դեսպանի պաշտոն ստանալ, այն էլ գերմանացիները թարսի պես չեն հաստատում Վահան Հովհաննիսյանի «ագրեմանը»։

Նշյալ ուժերից փորձեցինք պարզել, թե ինչ կարծիքի են Լևոն Տեր–Պետրոսյանի վերջին ելույթի վերաբերյալ։

«Ժառանգությունից» մեր հարցերին պատասխանեց Արմեն Մարտիրոսյանը։

–Համամի՞տ եք ՀԱԿ նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ 2013թ. հոկտեմբերի 30–ի հոդվածում առկա կետերի հետ և հատկապես՝ «Սերժ Սարգսյանի հեռացումն այլընտրանք չունի» պնդման հետ։

–Կարծում եմ` Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 4–ի իր հայտարարությամբ արդեն ամեն ինչ ասել է, և Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությունը մեկնաբանելու կարիքն առանձնապես չունեմ։ Շատ ավելի ճիշտ կլիներ՝ այն ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը պայքար էր սկսել կեղծված նախագահական ընտրություններից հետո, ինչպես 2008թ. «Ժառանգությունը» և Րաֆֆի Հովհաննիսյանն աջակցեցին, նույնկերպ և այդ աջակցությունը լիներ 2013 թվականին։ Եվ այդ հոդվածի անհրաժեշտությունը չէր էլ լինի։

–Բայց հետընտրական շրջանում ՀԱԿ–ի ներկայացուցիչները բավականին ակտիվորեն մասնակցում էին ձեր հանրահավաքներին։

–Ես հենց այնպես չասացի՝ ոչ միայն մասնակցել, այլ նաև այն աջակցությունը, որը մենք էինք անում 2008 թվականին։

–Չեմ ուզում կրկին անցյալ վերադառնալ, բայց քանի որ հիշատակեցիք, պետք է հարցնեմ՝ այդտեղ նաև ձե՛ր մեղքը չէ՞ք տեսնում, որովհետև հստակ ուրվագծված չէր, թե դուք ուր եք գնում, և ինչ եք ուզում։ Լևոն Տեր–Պետրոսյանն ասաց, չէ՞, թող ասեն՝ ինչ են անելու, մենք էլ սատարենք իրենց։

–Բոլորն էլ նույն բանն են անելու. դա ընդամենը բառախաղ էր։ Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից հրաժարականի պահանջին, նորից եմ կրկնում՝ սեպտեմբերի 4–ին Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի զբաղեցրած աթոռը թողնելու մասին հստակ հայտարարություն արել է (Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, սեպտեմբերի 4–ին հայտարարել է, որ գուբերնատորի վերածված Սերժ Սարգսյանը պետք է հեռանա և անորոշ ժամանակով հեռացել է Հայաստանից՝ հայտնվելով ԱՄՆ–ում. լրիվ «Րաֆֆի–սթայլ»– Ա.Մ.)։

–Այսինքն, համակարծի՞ք եք Տեր–Պետրոսյանի հետ, որ Սերժ Սարգսյանն անհապաղ պետք է հրաժարական տա։

–Ոչ թե համակարծիք ենք, այլ կարծում եմ՝ այս դեպքում Լևոն Տեր–Պետրոսյա՛նն է համակարծիք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ (Մնում է, որ Րաֆֆին ինքն իր հետ համակարծիք լինի–Ա.Մ.)։

–Այսօր «Ժառանգություն»–ում կարծես խոր անորոշություն կա հետագա անելիքների հետ կապված։

–Բացարձակ անորոշություն չկա։ Մեր անելիքները միշտ նույնն են եղել՝ արմատական բարեփոխումներ և իշխանափոխություն։ Կարծեք թե օրակարգը գնալով ավելի շատերի մոտ է հրամայական դառնում։

–Այդ օրակարգը, ըստ ձեզ, մինչև գալիք ընտրություննե՞ր իրականություն կդառնա, թե՞ էլի հույսն ընտրական գործընթացների վրա է։

–Չեմ կարող ասել։ Դա մի քանի գործոններից է կախված։

Արեգնազ Մանուկյանը

Հ.Գ.։ Ինչպես արդեն նշել էի վերևում, Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածի վերաբերյալ փորձեցինք ճշտել նաև ՀՅԴ-ի կարծիքը: Այդ կուսակցության խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը, սակայն, կտրականապես հրաժարվեց մեկնաբանություններից: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ, պարզապես ասաց. ««Ինչու» հարցին ևս չեմ պատասխանում»:

Այս խորագրի վերջին նյութերը