Լրահոս

22.11.2013 11:43


Հայկ Խանումյան. «Սերժ Սարգսյանն Արցախի տարածքի մի մասը կասկածի տակ դնող հայտարարություններ է արել»

Հայկ Խանումյան. «Սերժ Սարգսյանն Արցախի տարածքի մի մասը կասկածի տակ դնող հայտարարություններ է արել»

Հարցազրույց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ

–Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վերջին օրերին տարօրինակ ակտիվացում չե՞ք նկատում։

–Ժամանակ առ ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների իշխանությունները հույսեր են կապել արցախյան կարգավորման հարցում առաջընթացի հետ: Դա հատկապես զգացվել է Հայաստանում և Ադրբեջանում կարևոր ընտրական գործընթացների ավարտից հետո: Սակայն միշտ էլ միջնորդների հույսերը չեն արդարանալու, մինչև որ վերջիններս չփոխեն իրենց մոտեցումները կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Ավելին, հստակ է, որ արցախյան հակամարտության լուծման միակ բանալին Արցախի՝ որպես գործոնի և հիմնական սուբյեկտի ճանաչումն է: Ժամանակն է, որպեսզի միջնորդները և միջազգային հանրության մյուս անդամներն անմիջական կապեր հաստատեն Ստեփանակերտի հետ և զարգացնեն միջպետական բնականոն հարաբերությունները: Սա՛ է հակամարտության լուծմանը տանող ամենակարճ ճանապարհը:

–Դրանո՞վ են նաև պայմանավորված տարբեր երկրների պաշտոնյաների և կառույցների հայտարարությունները, որոնք հատկապես ողջունեցին ՍարգսյանԱլիև հանդիպումը և իրենց աջակցությունն առաջարկեցին խնդրի կարգավորման հարցում։ Ավելին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այդ հանդիպումից անմիջապես առաջ էր շտապել զանգահարել Սերժ Սարգսյանին։

–Տարբեր երկրների պաշտոնյաների ողջույնները մեծ մասամբ պրոտոկոլային բնույթի գործողություններ են և պայմանավորված են այն հանգամանքով, որ նախագահները կարողացել են հաղթահարել Կազանի սինդրոմը և կրկին գործընթաց սկսել:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո իշխանական լրատվամիջոցները շարունակ տարածում էին, թե Սերժ Սարգսյանը բարձր տրամադրությամբ է դուրս եկել բանակցային սենյակից։ Բայց արդյոք նա ի վիճակի՞ է Հայաստանի և Արցախի շահերից բխող հանգրվանի բերել մեզ։

–Հայության շահերից բխող հանգրվանն առնվազն 12 հազար կմ քառակուսի տարածքով Արցախի ճանաչումն է՝ որպես անկախ պետություն կամ ՀՀ մաս: Սերժ Սարգսյանն իր նախագահության տարիներին արել է հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում վերոնշյալ հանգրվանի տրամաբանությունը: Մեզ այս նպատակին կարող են տանել միայն այն իշխանությունները, որոնց օրոք չենք ունենա արտագաղթ, և որոնց օրոք ինտենսիվ հայրենադարձության ծրագրեր կիրականացվեն: Ինչպես հասկանում եք, Ս. Սարգսյանի իշխանությունը զգալիորեն հեռու է այս որակներից:

Եթե Հայաստանի գործող իշխանությունը շարունակի համառորեն հրաժարական չներկայացնել, դա չի՞ հանգեցնի ղարաբաղյան պատերազմի վերսկսմանը։

–Թույլ, ոչ լեգիտիմ, սեփական հասարակության կողմից մերժված իշխանությունները միշտ էլ վտանգավոր են երկրի անվտանգության համար: Սակայն պետք չէ Ս.Սարգսյանի հրաժարականը կամ պաշտոնում մնալը կապել ղարաբաղյան պատերազմի վերսկսման և Ղարաբաղի գործոնի հետ ընդհանրապես: Ղարաբաղյան պատերազմի զսպման ամենամեծ գործոնը Արցախի ժողովուրդն է, որն ապրում է իր հայրենիքում, փորձում ստեղծել ուժեղ հասարակություն և կարևոր հասարակական ինստիտուտներ, և չնայած առկա տնտեսական և սոցիալական խնդիրներին՝ դա պատերազմը կանխարգելող ամենամեծ գործոնն է:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը