Լրահոս

09.01.2014 11:56


Միքայել Մելքումյան. «ԲՀԿ-ն ներկայիս կառավարության քաղաքականությունն է մերժում»

Միքայել Մելքումյան. «ԲՀԿ-ն ներկայիս կառավարության քաղաքականությունն է մերժում»

«Zham.am»-ի հարցերին է պատասխանել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
-Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր տարեվերջյան ասուլիսում նշում էր, որ իր վարչապետ աշխատած տարիները նախորդներից տարբերվում էին նրանով, որ պետությունն առաջին անգամ հրաժարվել է տնտեսության մեջ գործել «գիշերային պահակի» կոնցեպտով: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Ճիշտն ասած` այդ «գիշերային պահակի» բովանդակությունն ինձ համար այդքան էլ հասկանալի չի, երևի ի նկատի ուներ միջամտության աստիճանը պետության, տնտեսության կարգավորման հարցերի: Բայց պետք է ասեմ, որ եթե մենք խոսենք ընդհանրապես տնտեսական ցուցանիշների մասին, ապա պետք է ասեմ, որ սոցիալական և տնտեսական քաղաքականությունը անցնող մի քանի տարիներին և հատկապես 2013 թվականին, բնականաբար, ծրագրված ցուցանիշները չեն կատարվել: Խոսքը գնում է պետական բյուջեով նախատեսված տնտեսական աճի մասին, որ նախատեսված է եղել 6,2 տոկոս, պաշտոնական սպասելիքը 4,1 տոկոս է, բայց, կարծում եմ, 3,5 տոկոսից ավելի, մենք տնտեսական աճ չենք ունենա, տնտեսական ակտիվության ցուցանիշն էլ 3,1 տոկոս է, եթե չեմ սխալվում: Սպասենք փետրվարին այդ ամփոփումները կլինի:
Դա նշանակում է, որ մեր հանրապետությունում գիշերային, թե ցերեկային պահակ և այլն և այլն, որևէ դեր չի խաղացել: Այսինքն` պահակ լինելու հանգամանքից կախված չի եղել, այլ պահակը պետք է փոխարինվեր հերթափոխով աշխատողով: Եթե գիշերային պահակի մասին է խոսքը, դա նշանակում է, որ ցերեկային պահակ էլ պետք է ունենալ: Բայց ես, իհարկե, պահակի կարգավիճակին դեմ եմ: Ինչ վերաբերում է տնտեսական աճի բաղադրիչներին, ապա պետք է ասեմ, որ կոնկրետ արդյունաբերության ոլորտում կառավարությունը նախատեսում էր 9,3 տոկոս աճ: Մենք ունեինք 6-6,5 տոկոսի սահմաններում նախատեսվող աճ: Ընդ որում, արդյունաբերության ողնաշարը կազմող ոլորտներում` գազի և էլեկտրաէներգիայի սպառման ծավալները իջել են, ինչը նշանակում է, որ ընդհանուր աճը բավականին թերի է: Արդյունաբերության ոլորտում, քանի որ խոսք էր գնում դիվերսիֆիկացիայի մասին, մենք խնդիր ունենք, որ այն այդպես էլ չկայացավ:
-Վարչապետը նշում էր, որ առաջին անգամ է, որ Հայաստանում իրականացվում է արդյունաբերական քաղաքականություն, մինչդեռ, ըստ նրա, նախկինում այդպիսի քաղաքականություն չի եղել: Ինչպիսի՞ն է բացարձակ թվերով եղել արդյունաբերական աճը մինչև 2008 թվականը և 2008 թվականից հետո:

-Բնականաբար, 2000-2008 թվականներին ՀՀ-ում տնտեսական հիմնական աճի տեսակարար կշռին եթե անդրադառնանք, եղել է շինարարության ոլորտում, բայց շինարարություն ասելով՝ չենք հասկանում միայն շինարարությունը, որովհետև կար շինանյութերի արդյունաբերություն նաև ցեմենտի, գաջի բնական քարանյութերի և այլն: Պետք է ասեմ, որ այդ թվականներին կար երկնիշ տնտեսական աճ: Խոսքը գնում է մինչև 13 տոկոս աճի մասին և արդյունաբերության աճի տեսակարար կշիռը ակնառու է եղել, բայց առաջին տեղում շինարարությունն է եղել: Եթե մենք համեմատություն ենք անցկացնում օտարեկրյա և տեղական ներդրողների հետ, ապա պետք է ասել, որ այդ տարիներին որոշակիորեն գրավիչ դաշտ է եղել ներդրում իրականացնողների համար: Իհարկե, ներդրումների ոլորտը ընդգրկում է նաև ենթակառուցվածքները, հեռահաղորդակցությունը, էներգետիկան, ճանապարհները և այլն, բայց խնդիրը դրա մեջ չէ: Խնդիրն այն է, որ տարեցտարի պետությունը ցույց է տվել, որ տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու արդյունքում որոշակի շահութաբերություն են ապահովում: Եթե ես ասեմ այդ տարիներին ամեն ին լավ է եղել, ճիշտ չեմ լինի, իհարկե, բայց որ ինքը ցույց է տվել որոշակի բարենպաստ միջավայր, բարենպաստ ռեժիմ, դրա մասին մենք կարող ենք արձանագրել:
Ասեմ, որ իմ կողմից շրջանառության մեջ է դրված արդյունաբերության քաղաքականության մասին օրենքի նախագիծը, որը դեկտեմբերի 19-ին կառավարությունում քննարկվեց, որոշակի հարցադրումներ արվեցին և այդ հարցադրումները պետք է անպայման ԱԺ-ում քննարկվեն: Կոնկրետ այն, ինչ որ ասվել է անցած հինգ տարիների ընթացքում դիվերսիֆիկացիայի մասին, որպես արդյունաբերության զարգացման գործոններից մեկը, կարծում եմ, ցուցանիշները ցույց են տալիս, որ դա չի իրականացել:
Ինչ վերաբերում է կառավարության հռչակած արդյունաբերության քաղաքականությանը, 3-4անգամ միայն հայեցակարգեր են փոփոխվել, և պետությունը այստեղ սահմանափակվել է միայն մասնավորի հետ նստել քննարկելու ձևաչափի մեջ և որոշակի հարկային արտոնություններ տալու մեջ: Արդեն հունվարից գործում է այդ օրենքը Ավելացված արժեքի արտոնության մասին, որ մենք 300 միլիոն դրամը իջեցրինք 200 միլիոն դրամի:
Եթե այդ օրենքը ընդունվում է, նշանակում է մեր կողմից ինչ-որ բաներ ուղղորդվում են, և կառավարությունը ինչ-որ բաներ ընդունում է, բայց իմ հարցադրումն այն է, որ կառավարությունը էլ ավելի շատ մեզ լսի, մեր խորհուրդը լսի, որպեսզի ակնառու արդյունքների հասնի: Ես կարծում եմ, որ արդյունաբերական քաղաքականությունը, ըստ էության, համակարգային չի իրականացվում, դրա արդյունավետությունը բավականին ցածր է: Մեր կողմից նախաձեռնած օրենքի նախագծում հիմնական միտքը հետևյալն է, որ պետք է օրենքի մակարդակով արդյունաբերության ոլորտում լինի եռամյա ծրագիր և այդ օրենքի շրջանակներում պետք է պետական կառավարման համակարգի բոլոր պաշտոնյաները` սկսած վարչապետից, վերջացրած մարզպետներով ու համայնքի պետերով, օրենքով ունենան իրավունքներ և պարտականություններ՝ այս քաղաքականությունն իրականացնելու համար: Պայքարը օլիգոպոլիաների դեմ, փաստորեն, իր արդյունքը չի տալիս, մենք չունենք նորմալ տնտեսական մրցակցությունը կարգավորող օերնսդրություն և վարչարարություն:

- Պարո՛ն Մելքումյան, շատ էր խոսվում, որ 2009 թվականի տնտեսական անկումը` 14,4 տոկոսով հիմնականում պայմանավորված էր մինչև 2008 թվականը ստեղծված «շինարարական փուչիկով»: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Ես միանշանակ այդ փուչիկ հասկացության հետ համաձայն չեմ: 2000-2008 թվականների կառավարությունը գտել էր այն ռեցեպտը, ֆորմուլան, որով ինքը այդ փուլում տնտեսությունը պետք է զարգացներ:
Միանգամից ասեմ, որ այդ թվականներին և հիմա էլ շինարարություն հոսող գումարները ուրիշ ոլորտներ չեն գնալու: Որովհետև շինարարությանն ուղղված գումարները ուղղված են հենց շինարարական, անշարժ գույքի ձևավորման և այդ շուկաների համար:
2007-2008 թվականներին արդեն շինարարության շրջանառության ծավալը հասել էր 800 միլիարդ դրամի, այսօր մենք իջել ենք 400 միլիարդ դրամի: Այսինքն` երկու անգամ իջել է: Այսինքն` շինարարությանը թերագնահատելը և խոսել շինարարության մասին՝ ասելով, որ դա փուչիկ է` իր բացասական հետևանքները տալիս է: Որովհետև շինարարությունը նշանակում է շինանյութերի արդյունաբերություն, տրանսպորտ, ծառայություններ, ճարտարապետություն, նախագծային աշխատանքներ: 2007-2008 թվականների դրությամբ այդ ոլորտում աշխատում էր շուրջ 170 000 մարդ, իսկ ամբողջ արդյունաբերության մեջ այսօր աշխատում է 83 000 մարդ: Շինարարությունը չի կարելի թերագնահատել, այլ ընհակառակը՝ պետք է խթանել, որ ներդրումներ կատարվեն:

Մանրամասները՝ zham.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը