Քաղաքական

18.01.2014 14:39


Նաիրա Զոհրաբյան. «Հունվարի 1–ից ուժի մեջ է մտել պետական ռեկետի, գանձագողության և գրպանահատության օրենքը»

Նաիրա Զոհրաբյան. «Հունվարի 1–ից ուժի մեջ է մտել պետական ռեկետի, գանձագողության և գրպանահատության օրենքը»

Այս պահին Ազատության հրապարակում ընթացող «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հավաքին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ հունվարի 1–ից ուժի մեջ է մտել պետական ռեկետի, պետական գանձագողության, պետական գրպանահատության օրենքը։

–Սո՛ւտ է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը բխում է ՀՀ քաղաքացու շահերից։ Այդ օրենքը բխում է միայն իշխանությա՛ն կլանի շահերից, որին օդի պես անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ։ Սա բացահայտ ռեկետ է՝ ամենաբարձր մակարդակով։ Ինչքա՞ն պետք է արհամարհեն, նվաստացնեն ու չսիրեն սեփական ժողովրդին, որ նրան հասցնեն այս վիճակին։ Սա ցինիկ մոտեցում գնահատելը շատ մեղմ է,–ասել է Ն. Զոհրաբյանը։

Նա ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի ուսանողները ևս ներկա են այս հավաքին, ովքեր պարզել են «Ապացուցի՛ր, որ չես ստել մեզ դասավանդելիս» գրությամբ պաստառը։

–ՍԴ–ն պետք է ապացուցի, որ ոչ թե իշխանության սպասարկուն է, այլ ՀՀ–ի Սահմանադրության։ Սա մեր միասնական պայքարի առաջին քայլն է լինելու, մենք միայն կարող ենք հաղթել միասին։ Երկիրը հասցված է այն վիճակին, որ որևէ քաղաքական ուժ առանձին չի կարողանալու հարց լուծելու։ Մենք միասնական պետք է լինենք, միասնական կանխենք պետական այս ջեբկիրությունը, կասեցնենք գազի պայմանագիրը, միասնական կառուցենք այն Հայաստանը, որտեղից մարդիկ չեն փախչելու։ Միասնական լինենք, և միասնական ուժով մենք հաղթելու ենք,–եզրափակել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը