Քաղաքական

18.01.2014 17:15


Երվանդ Բոզոյան. «Հայաստանում հզոր քաղաքացիական շարժում է սկսվում»

Երվանդ Բոզոյան. «Հայաստանում հզոր քաղաքացիական շարժում է սկսվում»

Հայաստանում ստեղծվել են բոլոր նախադրյալները մասշտաբային քաղաքացիական շարժման առաջացման համար, որը կմիավորի ընդդիմադիր ուժերը կառավարող կուսակցության դեմ պայքարում: Նման կարծիք REGNUMլրատվական գործակալության հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Անդրադառնալով հունվարի 18-ի հանրահավաքին քաղաքագետն ասել է, թե այն այնքան էլ սովորական չէ առաջին հերթին այն պատճառով, որ նախաձեռնողը հասարակական կազմակերպություն է:
«Բողոքի ակցիան նախաձեռնել է «Մենք դեմ ենք» հասարակական շարժումը եւ այս գաղափարը պաշտպանել են քաղաքական ուժերը, որոնք իշխանության մաս չեն կազմում: Փաստորեն, խոսքը ոչ թե ընդդիմադիր ուժերի միավորման, այլ այն մասին, որ ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրը պաշտպանել է վերին աստիճանի ապաքաղաքական երրորդ կազմակերպության նախաձեռնությունը»,- շեշտել է Երվանդ Բոզոյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու մինչ օրս ընդդիմադիր ուժերին չէր հաջողվում ընդհանուր հայտարարի գալ, իսկ «Մենք դեմ ենք»-ի մատուցմամբ դա հաջողվեց, քաղաքագետն ասել է. «Բանն այն է, որ կոնկրետ այս դեպքում քննարկվում է մեկ շատ հստակ հարց, այսպես կոչված, կենսաթոշակային բարեփոխումը, որն այս երկրում բացի իշխանություններից որեւէ մեկին ձեռնտու չէ: Սովորաբար, երբ խոսքը վերաբերում է ընդդիմության միավորմանը, առաջ են քաշվում բազմապիսի հարցեր, ինչը դժվարացնում է գործը եւ պայմանավորվել չի հաջողվում: Այս դեպքում ամեն ինչ մի փոքր այլ է եւ քաղաքական ուժերը հարում են առանձին վերցրած հկ-ին, արտահայտում են նրա շահերն այնտեղ, որտեղ հասարակական կազմակերպությունն ի վիճակի չէ դա անել: «Մենք դեմ ենք» շարժումն էլ իր հերթին ներկայացնում է բավական լայն զանգվածների` հիմնականում խոշոր ընկերությունների աշխատակիցների, միջին խավի շահերը»:
Երվանդ Բոզոյանը համոզված է, որ իշխանությունները` ի դեմս ՀՀԿ-ի, մինչեւ վերջ չեն հասկանում, թե ինչպիսի լուրջ հասարակական-քաղաքական գործընթացներ են սկսվել երկրում: «Բանն այն է, որ Հայաստանի բնակչությունը հիմնականում քաղաքականությունից հեռու է կանգնած, հատկապես հիմա, երբ ընտրությունները վերջերս են կայացել: Այսուհանդերձ, իշխանությունները ձեռնամուխ եղան, այսպես կոչված, կենսաթոշակային բարեփոխմանը: Նրանք հարվածում են մարդկանց գրպանին եւ տրորում չափից ավելի շատ մարդկանց շահերը: Բնականաբար, առաջանում են բողոքի գործողություններ»: Քաղաքագետը կարծում է նաեւ, որ իշխանությունները հայտնվել են ցուգցվանգային վիճակում, քանի որ, եթե զիջեն ցույց կտան իրենց թուլությունը եւ ստիպված գնալու են մինչեւ վերջ: «Այս ամենը միայն կուժեղացնի բողոքի մասնակիցներին, հատկապես եթե հաշվի առնենք, որ իշխանությունների վերջին գործողությունները միայն ավելացնում են դժգոհների բանակը: Տրանսպորտի գնի բարձրացման անհաջող փորձը, գազի գնի թանկացումը եւ այլ որոշումներ ավելի քան մեծ դժգոհություններ են առաջացրել: Վերջին հաշվով, գալիս է մի ժամանակ, երբ դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է քեզնով զբաղվում»,- նկատել է Բոզոյանը:
Անդրադառնալով կենսաթոշակային, այսպես կոչված, բարեփոխմանը, քաղաքագետը շեշտել է, թե դա ոչ թե բարեփոխում է, այլ ծաղր ու ծանակ: Նա ավելացրել է, թե միջին հայաստանցին,լավագույն դեպքում, ապրում է հնգամյա պլանով եւ երկարաժամկետ պլաններ չի կազմում: «Մարդիկ չգիտեն, թե ինչ է լինելու վաղը, բայց ստիպված են իրենց աշխատավարձի 5-10 տոկոսը մի կողմ դնել, որ դրանք օգտագործեն մի քանի տասնամյակ հետո: Ժողովուրդը մտածում է, որ իշխանությունները ցանկանում են յուրացնել իրենց գումարները: Հայաստանում կառավարող էլիտան բարեփոխումների անվան տակ փորձում է ներքին պարտք վերցնել` ազատ միջոցների պակասը լրացնելու համար: Իշխանությունները նման են այն խորհրդային հարբեցողին, որը մեկ շիշ օղի գնելու համար ամեն անգամ վաճառում է տան եղած իրերից մեկը: Խոստանում են գումարները վերադարձնել 25-30 տարի հետո, բայց այն ժամանակ ներկա իշխանություններից որեւէ մեկը չի լինելու»,- ընդգծել է Երվան Բոզոյանը:

Top-news.am

Այս խորագրի վերջին նյութերը