Տնտեսական

05.08.2009 17:32


Գուրգեն Արսենյանը համոզված է, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային գործողությունները ծխածածկույթ են. «Այդպես չեն աշխատում ու չեն պայքարում ճգնաժամի դեմ»

Գուրգեն Արսենյանը համոզված է, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային գործողությունները ծխածածկույթ են. «Այդպես չեն աշխատում ու չեն պայքարում ճգնաժամի դեմ»

Ամիսներ առաջ Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ և ծխախոտի ներկրմամբ զբաղվող «Արսօյլ» ընկերության ղեկավար Գուրգեն Արսենյանը հայտարարել էր, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին խաղի հստակ կանոններ կային, որոնք պահպանվում էին, սակայն որոնք այժմ խախտվում են: Խաղի կանոններ ասելով՝ Գ. Արսենյանն ի նկատի է ունեցել ՀՀ կողմից ընդունված և միջազգայնորեն ճանաչված պարտավորություները և դրանց կիրառումը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Ամիսներ հետո էլ Գ. Արսենյանը մնում է նույն համոզմունքին՝ որպես վառ օրինակ բերելով ծխախոտի ոլորտը։ Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ ՀՀ-ն անդամակցության պայմանագիր է կնքել՝ համաձայն որի սահմանվել է հարկային այնպիսի ռեժիմ, որով ներմուծվող ապրանքի համար վճարվող հարկը 15%-ով ավելի թանկ կարող է լինել, քան տեղական արտադրանքի համար սահմանվածը։ Սակայն 2008թ. դեկտեմբերին օրենսդրական փոփոխություն է կատարվել՝ ըստ որի  ծխախոտի ներմուծման համար ներկրողը վճարում է 65 հազ. դրամ, արտադրողը՝ 47,5 հազ. դրամ։ Ըստ Գ. Արսենյանի՝ այս ամենից ապշած են նաև ծխախոտ արտադրող և արտահանող համաշխարհային կազմակերպությունները։

-Համեմատե՛ք այդ թվերը և մեր ընդունած պարտավորությունները։ ԱԺ-ն ընդունել է մի օրենք, որ վավերացվել է նախագահի կողմից, որով խախտել ենք ԱՀԿ-ի հետ անդամակցելու մեր ստանձնած պարտավորությունները։ Ինչի՞ կամ ո՞ւմ համար ենք խախտել, ես չգիտեմ,- ասում է Գ. Արսենյանը՝ բացառելով նաև այդպիսով տեղական արտադրողին խթանելու և պետական բյուջեի մուտքերն ավելացնելու դրդապատճառները։ Որպես ապացույց՝ ՄԱԿ նախագահն առաջարկում է համեմատել 2007 և 2008թթ. պետական բյուջեի հարկային մուտքերը և համոզվել, որ ծխախոտի ոլորտից ստացված հարկերի ծավալները նվազել են, իսկ ծխախոտի վաճառքի գինը՝ բարձրացել։

Գ. Արսենյանը չի կասկածում, որ խաղի կանոնները խախտվել են, որովհետև նախկինում որևէ պաշտոնյա չէր համաձայնի միջազգային պարտավորություններին դեմ գնալ և դրանց հակասող նման գործողություն կատարել։

Նրա խոսքերով՝ ՀՀ ներկա կառավարությունը նաև 2010թ. բյուջեի շահութահարկի գործունեության տակ  ական է դնում, ինչպես նաև չարդարացված կերպով արտաքին աղբյուրներից հսկայական վարկեր վերցնելով՝ պարտքային բեռն է ավելացնում։ Այս քաղաքականությանը ՄԱԿ նախագահը դեմ է, առավել ևս, որ միջազգային վարկերը կառավարությունն ուղղում է ոչ թե, օրինակ, գյուղատնտեսությունը խթանելուն, այլ տրամադրում է շինարարության ոլորտին։

-Փող տալ շինարարությունն ավարտելու համա՞ր... 10 տարի հետո դրա վրա ծիծաղալու են և հումորի ֆակուլտետի շրջանավարտները դիսերտացիաներ են գրելու, որ կար այսպիսի մի կառավարություն, կառավարության ղեկավար, որը էս, էս, էս պայմաններում որոշել էր Հայաստանի պետության անունից պարտքով փող վերցնել ու տալ շինարարներին, որ ավարտեն այն շինությունները, որոնք ոչ մեկին պետք  չեն։

ՄԱԿ նախագահն ասում է, որ երկար ժամանակ լռում էր՝ թողնելով, որ ՀՀ ներկա կառավարությունն իր հակաճգնաժամային քաղաքականությունն իրականացնի և բացթողումները շտկի, բայց հիմա արդեն տեսնում է, որ գործադիր մարմինն անկարող է և անգործունյա.

-ՀՀ կառավարության հակաճգնաժամային գործողությունները ծխածածկույթ են։ Այդպես չեն աշխատում ու չեն պայքարում ճգնաժամի դեմ։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը