Լրահոս

10.02.2014 12:44


Կուտակայինը պարտադրելու համար կառավարությանը հանարավոր է՝ դատի տան

Կուտակայինը պարտադրելու համար կառավարությանը հանարավոր է՝ դատի տան

Հարցազրույց «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանի հետ

–Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, անտեսելով կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ ՍԴ որոշումը, աշխատակիցներից կուտակայինները գանձող գործատուներին անվանեց պատասխանատու։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս հայտարարությունը։

–Ես չգիտեմ՝ նախարարն ինչու է այդպիսի գնահատական տալիս, բայց եթե մեր երկրում գործում են Սահմանադրությունն ու օրենքը, առնվազն պետք է արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերել բարձրագույն սահմանադրական ատյանի նկատմամբ։ Եվ եթե ՍԴ–ն կայացրել է պարտադիր բաղադրիչի սանկցիա առաջացնող հոդվածը կասեցնելու որոշում, նշանակում է՝ մնացած բոլոր պարտադրանքները հայեցողական են։ Հետևաբար, բարձր ամբիոնից հնչեցնել ու մեղադրել գործատուներին անպարտաճանաչ լինելու մեջ, եթե նրանք չեն կատարում պահումներն ու փոխանցումները, ընդամենը անպատասխանատու վերաբերմունքի մասին է խոսում՝ հանդեպ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու և տնտեսվարող սուբյեկտի։

–Սա պետական մակարդակով ճնշում չէ՞ գործատուի վրա։

–Ակնհա՛յտ է, և մենք այդպիսի դեպքեր շատ ենք տեսել, երբ կառավարությունը, կատարելով իր մանկության երազանքը, փորձում է ամեն գնով պարտադրել քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին։

–Ինչպե՞ս կարելի է այդ երևույթի դեմ պայքարել։

–Գոյություն ունի դատական մեխանիզմ, և հիմա քննարկում ենք նաև դատական կարգով հետագայում պաշտպանության գործադրումներ իրականացնելու հարցը, այդ թվում՝ կառավարության և նրա առանձին ներկայացուցիչների ոչ իրավաչափ վարքագիծը։

–Այսինքն, դատարանի միջոցով պատասխանատվության ենթարկել կուտակայինները պարտադրաբար պահողների՞ն։

–Այո՛։

–Փաստորեն, ստացվում է՝ պատասխանատվության ենթարկել կառավարությա՛նը։

–Մեծ հաշվով, այո՛։ Երբ կունենանք ավելի լիարժեք պատկեր, մանրամասները կներկայացնենք։ Դեռ նյութերն ենք նախապատրաստում, որ դիմենք դատարան։

–Իսկ այն գործատուներին, ովքեր չեն գանձում պարտադիր կուտակայինները, հնարավորություն կա՞ պատժել օրենքով։ Իշխանական թևից տարածում են, թե, օրինակ, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի շրջանակներում կպատժվեն։

–Ո՛չ, որևէ անգամ վարչական պատասխանատվության չեն կարող ենթարկվել, որովհետև չկատարելու պատճառաբանությունը կամ կապը հիմնված է ՍԴ–ի աշխատակարգային որոշման կասեցված սանկցիայի կամ պարտադրող նորմի վրա։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը