Քաղաքական

15.02.2014 14:44


Վարդան Օսկանյան. «Այս համագումարով ԲՀԿ–ն նոր փուլ է թևակոխում»

Վարդան Օսկանյան. «Այս համագումարով ԲՀԿ–ն նոր փուլ է թևակոխում»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը ԲՀԿ–ի այսօրվա համագումարից հետո լրագրողներին ասել է, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում շեշտել է՝ երկրի առաջ բազմաթիվ խնդիրներ են ծառացած, և կուսակցությունն իր ամբողջ իմաստը կկորցնի, եթե այդ խնդիրների մասին չխոսի ու այլընտրանքային լուծումներ չառաջարկի։

–Այսօր մեր կուսակցության առաքելությունը հենց դրանում է՝ լինել այլընտրանքային լուծումներ առաջարկող կուսակցություն, և դրա շուրջ համախմբել բոլոր այն ուժերին, որոնք նման կերպ են մտածում։ Պարոն Ծառուկյանի այսօրվա ելույթում շատ հետաքրքրական և կառուցողական առաջարկներ կային։ Կարծում եմ՝ այս համագումարով ԲՀԿ–ն նոր փուլ է թևակոխում, և դա նաև թելադրված է մեր ժողովրդի պահանջներից, երկրում ստեղծված իրավիճակից։ Եվ ոչիշխանական 4 քաղաքական ուժերի համախմբված աշխատանքը համատեղվում է այն մտքերի հետ, որոնք այսօր արտահայտվեցին,–ասել է Վ. Օսկանյանը։

Նա նաև համոզմունք է հայտնել, որ այդ խմբակցությունների համատեղ գործունեությունը՝ժողովրդի հետ միասին, անպայման իր դրական արդյունքներն է տալու եկող ամիսների ընթացքում։

–Մեր այդ քննադատությունն ինքնանպատակ չէ. դա ժողովրդի սրտից է գալիս։ Իսկ եթե կան մարդիկ այսօրվա իշխանական շրջանակներում, որ դա չեն տեսնում, սա մեզ առավել մտահոգվելու առիթ պետք է տա։ Նշանակում է՝ այն սխալ ուղին, որ իրենք վերցրել են, շարունակվելու է և առավել խորանալու։ Եվ պարոն Ծառուկյանն այսօր առաջարկեց՝ պետք է սթափվենք, գնահատական տանք իրավիճակին և փորձենք կառուցողական մոտեցումներով, միասնաբար՝ բոլորը, իրենց նեղ անհատական, անձնական շահերը մի կողմ դնեն, փորձեն և՛ մեր երկրի ներսում, և՛ Սփյուռքում երկիրն այս ծանր իրավիճակից դուրս բերել։ Այնպես որ, մենք բեկումնային մի ժամանակահատվածում ենք ապրում՝ կա՛մ երկիրն առավել կխորանա այս խնդիրների մեջ, և մենք կգնանք խորտակման ճանապարհով, կա՛մ կկարողանանք հստակ, ճիշտ գնահատական տալով, միասին աշխատելով՝ մեր երկրի առջև ծառացած խնդիրներին լուծումներ տալ,–նշել է Վ. Օսկանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը