Հարցազրույց

18.02.2014 13:25


Ստեփան Դանիելյան. «Բոլշևիկի պահը բավականին խորհրդանշական ստացվեց՝ գեներալ Մանվելի ցանկությունից անկախ»

Ստեփան Դանիելյան. «Բոլշևիկի պահը բավականին խորհրդանշական ստացվեց՝ գեներալ Մանվելի ցանկությունից անկախ»

Հարցազրույց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի հետ

Ինչպե՞ս կմեկնաբանեք Երկրապահ կամավորական միության համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթը:

–Երկրապահը, սկսած 1995 թվականից, երկրի հիմնական կառույցներից մեկն էր, որից կախված էր լինում, թե իշխանությունն ում կանցնի: Իշխանությունը գնում է Երկրապահի մոտ՝ աջակցություն ստանալու: Երկրապահն աջակցում է նրանց իշխանությունը պահելու գործում: Այստեղ այս պահն է հետաքրքիր: Սերժ Սարգսյանի ելույթը մի ելույթ էր, որտեղ ասելիք պարզապես գոյություն չուներ: Մենք չլսեցինք երկրի առաջ կանգնած խնդիրների պատասխանը:

Երբ երկրի նախագահն ասելիք ու առաջարկներ չունի, առկա խնդիրները լուծելու համար ի՞նչ է պետք անել, ո՞վ պետք է անի:

–Եթե գործող իշխանությունն իրեն սպառել է և չունի օրակարգ, որը հասկանալի և ընդունելի կլինի հասարակության կողմից, ապա ընդդիմությունը պետք է ձևավորի իր օրակարգը: Այդ օրակարգը պետք է լինի ընդունելի և հասկանալի հասարակության համար: Այդ օրակարգը պետք է ձևավորվի բաց և թափանցիկ, որովհետև այսօր ձևավորվում է քաղաքացիական տարր, որն ակտիվ է, գործողություններ է անում, որի հետ պետք է համագործակցել: Եթե այդ օրակարգը միասնական ձևավորվի, ապա մնացածն արդեն տեխնիկայի խնդիր է:

–Ի՞նչ եք մտածում Մանվել Գրիգորյանի՝ Սերժ Սարգսյանին դիմելաձևի մասին՝ «վերջին բոլշևիկ». լեզվի սայթաքո՞ւմ էր, թե գիտակցված: Չմոռանանք՝ ովքեր են եղել բոլշևիկները:

–Եթե մենք այն կարծիքին ենք, որ գեներալ Մանվելի գլխում ինչ-որ մտքեր են ծագում, ինչ-որ բան ծնվում է, ապա կարելի է դա մեկնաբանել: Իսկ եթե նրա գլխում ոչինչ չի ծնվում, և դա ինքնաբուխ է տեղի ունենում, ապա դա կարելի է մեկնաբանել որպես այդպիսին: Խնդիրն այն է, որ բոլշևիկի պահը բավականին խորհրդանշական ստացվեց՝ գեներալ Մանվելի ցանկությունից անկախ: Այդ բոլշևիկը մեզ տանում է Մաքսային միություն, նույն բոլշևիկն անհասկանալի խաղեր է խաղում Արևմուտքի հետ, Իրանի հետ, և նա այդ առումով անհասկանալի է բոլորի համար:

–Ինչպե՞ս կմեկնաբանեք շաբաթ օրը տեղի ունցած երկու համագումարները՝ ԵԿՄ-ի մի կողմից, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ մյուս:

–Կարելի է ասել՝ «Բարգավաճ Հայաստանը» խփեց իշխանությանը և իրեն պահեց ճիշտ դիրքերում: Ճիշտ հակառակ դիրքերից հանդես եկավ իշխանությունը ԵԿՄ համագումարին: Մյուս կողմից, դա Երկրապահի համագումարն էր, որտեղ երևի եղան պատասխաններ, որ մեր կողմն է ուժեղը... Ամեն դեպքում, քաղաքական գործընթացները երկրում գնում են բյուրեղացման ճանապարհով։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը