Խմբագրական

Օգոստոս 20, 2009 09:50

Լեռնիկը «մու՞կ» ծնեց

Լեռնիկը «մու՞կ» ծնեց

Փորձը ցույց է տալիս, որ, մեծ հաշվով, Հայաստանում իշխանության են գալիս և հեռանում այնտեղից արցախյան մոտիվներով։ Եվ դա բնական է։ Բայց մեկ ճշգրտում՝  ոչ թե արցախյան, այլ հայաստանյան մոտիվներով։ Սա շատ կարևոր ճշգրտում է, քանի որ Արցախի հարց, մեծ հաշվով, չկա։ Կա Հայաստանի անվտանգության հարց։ Մարտակերտում,  Իջևանում և Հորադիզում կանգնած մեր զինվորները նույն գործով են զբաղված՝ Հայաստանի անդորրն են ապահովում։ Հետևաբար, պետք  չէ զարմանալ, որ երբ իշխանությունը շոշափում է Հայաստանի անվտանգության թեմատիկան, անմիջապես բոլորի ուշադրությունը կենտրոնանում է։ Դա նույնիսկ ենթագիտակցական մակարդակով է տեղի ունենում։ Իսկ ենթագիտակցությունը լարված պահերին ավելի վճռող է  դառնում, քան նույնիսկ գիտակցությունը։ Ճիշտ է, ենթագիտակցականի մեջ  նաև իռացիոնալիզմ կա, բայց դա արդեն մարդուս բնույթն է,  և ոչինչ  չես կարող անել։

            Հավանաբար, այդ ենթագիտակցականի վրա առավել հզոր ազդեցություն թողնելու համար է,  որ մեր քաղաքական գործիչները հաճախ միմյանց մեղադրում են «Ղարաբաղը ծախելու» մեջ։ Ենթադրվում է,  որ հանրության լայն շրջանակները մեղադրվողին պետք է չընդունեն. եթե «ծախողը» իշխանությունն է,  ապա հեռացնեն նրան այնտեղից, իսկ եթե  ընդդիմությունը` չթողնեն, որ գա իշխանության։ Շատ պարզ սխեմա է, բայց աշխատում է, ու հասկանալի է, թե ինչու է աշխատում։

Այդ  պարզագույն «տրյուկն» օգտագործեց իր մրցակից  Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ նաև այն օրերի ՀՀ վարչապետ և նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանը 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ։ Լրագրողների այն հարցին, թե ինչու՞ է ՀՀ  առաջին նախագահը խոստացել ընտրվելու դեպքում ընդամենը 3 տարի մնալ այդ պաշտոնում՝  Սերժ Սարգսյանն  ասաց, թե երևի Տեր- Պետրոսյանին այդքան ժամանակ է պետք Ղարաբաղը ծախելու համար։ Դրանով Սարգսյանն  ուզում էր չծախողի իմիջ ձեռքբերել։ Արհեստականորեն ստեղծվեց «ծախող» - «չծախող» հակադրությունը։

Նախ նկատենք, որ «Ղարաբաղ ծախել» ձևակերպումն առավելապես էմոցիոնալ դրսևորում ունի։ ՀՀ ոչ մի նախագահ և ոչ մի քաղաքական գործիչ  չի  ուզում, չի ուզել, չի ուզի և չի կարող «ծախել Ղարաբաղը» այնպես,  ինչպես ժողովրդական բանահյուսությունն է ներկայացնում՝ «Էսքան փող են տվել Ղարաբաղի դիմաց» կամ «Սարկոզին, Պուտինն ու Բուշը Ղարաբաղը  տվել են Ալիևին, որ էժան նավթ  առնեն» տարբերակներով։

Երբ քաղաքական գործիչները (օրինակ՝ Սերժ Սարգսյանը) իրենց հակառակորդներին (օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին) մեղադրում են « Ղարաբաղը ծախելու» մեջ, հավանաբար նկատի ունեն  Արցախյան խնդրի կարգավորման այն մեխանիզմները, որոնք առաջարկում է «ծախող» գործիչը, և որոնք, ըստ իրենց, կվնասեն Արցախին։

1988-ին «Ղարաբաղ ծախողի» պիտակը կրում էր կոմունիստական փտած վարչակարգը։ 10 տարի անց՝ 1998-ին, ճակատագրի հեգնանքով «ծախողի» կարգավիճակում հայտնվեց «Ղարաբաղ» կոմիտեի լիդերներից Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իսկ հիմա եկել է Սովետական Ադրբեջանի պարտկոմական «շկոլան» անցած Սերժ Սարգսյանի «աստեղային» ժամը։ Բոլոր դեպքերում էլ գործել է բումերանգի էֆեկտը. նա, ով մեղադրել է դիմացինին «ծախելու» մեջ, հետո ինքն է դարձել մեղադրվող։

1998-ին իշխանափոխություն եղավ ոչ թե այն պատճառով, որ «Լևոնը  ծախում էր Ղարաբաղը», այլ այն, որ իշխանության մի թևը և Արցախի իշխանությունները չէին ընդունում խնդրի փուլային լուծման տարբերակը (անշուշտ, իշխանափոխությունն այլ ենթատեքստ էլ ուներ, բայց մենք դիտարկում ենք դրա հրապարակային մասը)։ Ու, որպեսզի տերպետրոսյանական լուծման տարբերակի անընդունելի լինելը լայն զանգվածներին ավելի հասկանալի դառնա և ունենա էմոցիոնալ ֆոն, «փուլայինի» անունը դրվեց «Ղարաբաղ ծախել»։

Որպեսզի զերծ մնանք լյումպենահաճ և էժանագին քարոզչության հնարքներից, ասեմ,  որ Տեր-Պետրոսյանի փուլային լուծման տարբերակը ոչ թե պետք է  ընկալվի «Ղարաբաղ  ծախելու» պրիզմայով, այլ հետևյալ կերպ. 1997-ին առաջարկվող լուծումը չէր ապահովում կայուն խաղաղություն,  Արցախի կարգավիճակը չէր ճշգրտվում, և մեծանում էր նոր պատերազմի վտանգը։ Ասել, որ Տեր- Պետրոսյանը դիտմամբ էր գնում դրան և ուզում էր «ծախել Ղարաբաղը», մեծագույն հիմարություն կլինի։ Ի վերջո,  Տեր-Պետրոսյանը պակաս հայրենասեր չէ և ավելի մտահոգ է Հայաստանի անվտանգության խնդիրներով,  քան նրան մեղադրողներից շատ շատերը։ Ուրեմն, Տեր-Պետրոսյանին ոչ թե պետք է մեղադրել «Ղարաբաղը ծախելու» կամ հայրենասիրության պակասի մեջ, այլ,  ըստ իս, ռազմավարական սխալ մտածողության։ Այստեղ արդեն գաղափարական բանավեճ կարող է ծավալվել։

Իմ խորին համոզմամբ՝ այն մտածողությունը, որի կրողն է Տեր-Պետրոսյանը, փակուղային է և տանում է Արցախը դեպի  գետտոյացում, մեծացնում է  պատերազմի վերսկսման հավանականությունը և չի համապատասխանում ՀՀ շահերին։ Սա՛ է խնդիրը։ Բայց Տեր-Պետրոսյանը համոզված է,  որ իր պատկերացումներն են  ճիշտ,  և միայն այդպես է հնարավոր կայուն խաղաղություն ապահովել։ Հիմա ի՞նչ կարող ես անել։ Մարդն այդպես է մտածում։ Բայց դրանից չի բխում, որ նա ուզում է  «ծախել Ղարաբաղը»։ Դրանից բխում է, որ Տեր-Պետրոսյանի  առաջարկած լուծումները, ըստ նրա ընդդիմախոսների,  ճիշտ չեն։  Մասնավորապես  ես այդ կարծիքին եմ։

Փակուղային է նաև գործող նախագահի «նախաձեռնողականությունը»։ Բայց դա չի նշանակում, որ Ս. Սարգսյանը մանկուց երազել էր առաջին իսկ հնարավորության դեպքում ծախել Ղարաբաղը։ Դա նշանակում է, որ այսօրվա անգրագետ դիվանագիտությունը կհանգեցնի նրան, ինչը ժողովրդական բանահյուսությունը որակել է որպես «Ղարաբաղը ծախել»։

«Ղարաբաղը ծախում են» ձևակերպման ենթատեքստերից մեկն էլ վերաբերում է ազատագրված հողերը տալ-չտալուն։ Եթե այդ կտրվածքով նայենք Արցախի խնդրի կարգավորման ներկա գործընթացին, ապա կարելի է  ասել,  որ եկել է Սերժ Սարգսյանի «Ղարաբաղը ծախելու» ժամանակը։ Առնվազն  մեկ շրջան արդեն հայտնի է,  որը Սարգսյանը մեր հայրենիքը չի համարում.  դա Աղդամն է։ Մնացածի մասով օրերս ուշագրավ բացահայտում արեց ՀՀ գործող նախագահի գաղափարական ընկեր Լեռնիկ Ալեքսանյանը։  Հանրապետական խմբակցության պատգամավորը «Ազդակ» ակումբում ասել է, որ թեև Արցախի անկախության և անվտանգության դիմաց հայկական կողմն ազատագրված տարածքներից մի քանիսը պետք է հանձնի, սակայն չի գտնվի մի հայ, այդ թվում նաև՝ ՀՀ նախագահը, որ ուզենա շատ շրջան զիջել։ «Սերժ Սարգսյանն այն մարդկանցից մեկն է, ովքեր ավելի շատ դոզայով ազգայնականություն ունեն։ Նա ավելի քիչ շրջաններ կուզի տալ...»,-նկատել է Սերժ Սարգսյանի կուսակիցը։ Այսինքն՝ վերջ այն խոսակցություններին, թե Սարգսյանին հող հանձնելու մեջ մեղադրողները զրպարտում են, նրա լավը չեն ուզում, այլ փիս-փիս բաներ են մտածում։ Հող հանձնելու թեմաներով Սարգսյանի կուսակից ընկերներն են խոսում, և ուրեմն դա լուրջ է։ Հիմա մնում է միայն պարզել, թե հանձնվելիք շրջանները, բացի ՀՀ նախագահի չսիրած Աղդամից, էլ ո՞ր տարածքներն են ներառել, և ի՞նչ ասել է քիչ շրջան զիջել. դա մե՞կն է, երկուսը՞, թե՞ հինգը կամ յոթը։ «Քիչ» հասկացությունը շատ հարաբերական է։

Քանի որ «7 օրը» ազատ, բայց «անպատասխանատու» լրատվամիջոց է, ուստի մեզ բախտ չի վիճակվի ՀՀ նախագահից անձամբ ճշտել իր կուսակից ընկերոջ հայտարարած հանձնվելիք շրջանների կոնկրետ քանակը։ Իսկ եթե նախագահը չի ընդունում Լեռնիկի ասածները և համարում է, որ նա «մուկ» է ծնել, այսինքն՝ «հավայի շուխուռ» է դրել, որի տակ իրականում բան չկա, ապա կարող է ասել, որ կուսակցությունը ոհմակ չէ (Գալուստ Սահակյանի ականջը կանչի), և ամենքի ասածը չպետք է հիմք ընդունել։ Քանի դեռ դա չի արվել, «Ղարաբաղ ծախողի» պիտակը քերելը շատ դժվար կլինի։ Պիտակը դեռ ոչինչ, միշտ պետք է հիշել Արցախի, այսինքն՝ Հայաստանի անվտանգության հետ կապված հասարակական առողջ էմոցիոնալ ֆոնի մասին, որը իշխանության է բերում կամ իշխանությունից հեռացնում մարդկանց։ Իսկ Սերժ Սարգսյանը պատրաստ է ամեն ինչի՝ միայն ոչ իշխանությունը հանձնելուն, ինչն էլ հույս է ներշնչում, որ Արցախի մասով վտանգավոր զարգացումներ չեն լինի։

Հետաքրքրական մի դիտարկում. հայաստանյան բոլոր այն իշխանությունները, որոնք ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտ են ունեցել,  փորձել են այդ բացը լրացնել արտաքին դաշտում, ու ինքնաբերաբար թիրախը դարձել է Արցախը։ Այդպես եղավ 1996-ի նախագահական ընտրություններից հետո։ Այդպես է նաև հիմա, երբ 2008-ի խայտառակ ընտրությունները «ջրելու» մտադրությամբ գործող վարչախումբը գնաց «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության և սկսեց «ֆուտբոլ» խաղալ Թուրքիայի հետ՝ վերջինիս դարձնելով Արցախյան խնդրի կարգավորման ակտիվ խաղացող և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը փաստացի հանելով մեր արտաքին քաղաքականության օրակարգից։

Ներքին լեգիտիմության խնդիր ունեցող իշխանությունը, կամա թե ակամա, նժարի տարբեր կողմերում է դնում Հայաստանի անվտանգության և իր իշխանության պահպանման խնդիրները ու դառնում «նախաձեռնողական»։ Դա ոչ միայն զուտ հայկական երևույթ է, այլ հատուկ է բոլոր ազգերի ու բոլոր ժամանակների լեգիտիմության դեֆիցիտ ունեցող ղեկավարներին։ Կան բազում օրինակներ։ Մասնավորապես՝ առաջին համաշխարհային պատերազմը իմպերիալիստական կոչելով և պատրաստակամություն հայտնելով իշխանության գալու դեպքում դուրս գալ այդ պատերազմից՝ ռուս բոլշևիկները ֆինանսական աջակցություն ստացան ցարական Ռուսաստանի ու Անտանտի մաս կազմող երկրների պաշտոնական  հակառակորդ Գերմանիայից և երկրի ներսում հրահրեցին քաղաքացիական պատերազմ հանուն սեփական իշխանության և, իշխանության գալով, դրսերին հանձնեցին այն ամենն, ինչ հնարավոր էր։

Ամփոփենք. մեկ բան անվիճելի է, որ Արցախի խնդրի կարգավորումը,  հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններն ու տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումը  բխում է մե՛ր շահերից։ Բայց դա չի նշանակում, որ ներքին լեգիտիմության բացը  լրացնելու հաշվին պետք է դա արվի, որովհետև, երբ զուտ իշխանության պահպանման  կամ իշխանության հասնելու խնդիրն ես դնում որպես առաջնային նպատակ՝ Հայաստանի անվտանգությունն ավտոմատ կերպով դառնում է արտաքին առևտրի առարկա, և դուրսը փորձում է զիջումներ պարտադրել՝ տեսնելով «պատրաստակամ» և «խաղաղասեր» սուբյեկտին։ Միշտ էլ այդպես է եղել, բայց դա չի կարելի թույլ տալ։        

Անդրանիկ   Թևանյան

Հ. Գ.։ Սույն հոդվածում ես անդրադարձա Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ ինքը պատրաստ էր իշխանության գալու դեպքում հեռանալ 3 տարուց։ Այս մասին շատ է խոսվել և տարբեր մեկնաբանություններ են եղել և հստակեցման անհրաժեշտություն կա։  

Նկատենք, որ իրականում Լ. Տեր-Պետրոսյանն այդպիսի ուղիղ հայտարարություն չի արել հանրահավաքի ժամանակ, ինչպես որ շատերը ներկայացնում են։  Եռամյա պայմանաժամկետի մասին Տեր-Պետրոսյանը խոսել է 2007 թվականի նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հանրահավաքում (տե՛ս http://www.levonpresident.am/?catID=20&contID=86), որտեղ չկա ուղղակի խոստում, որ ինքը երեք տարուց կհեռանա։ Մեջբերեմ նրա ելույթի մեզ հետաքրքրող հատվածն ամբողջությամբ. «Քաղա­քա­կան ուժերի հետ իմ ունե­ցած բո­լոր հանդի­պումնե­րում ես որեւէ սակարկության չեմ գնացել: Պար­զա­պես շարադրել եմ իմ տե­սա­կետները՝ ներկա իրա­վի­ճակից դուրս գալու անհրա­ժեշ­տության եւ քոչարյանական ռե­ժի­մի վեր­արտադրման վտանգը կան­խելու մասին: Թե՛ Ստեփան Դե­միրճյանի, թե՛ Հրանտ Մար­գար­յանի, Վազ­գեն Մանուկյանի, Րաֆ­ֆի Հով­հան­նիս­յանի, Ար­տա­շես Գեղամյանի, Ար­թուր Բաղդա­սարյանի, Լյուդ­մի­լա Սարգսյանի հետ հանդի­պում­ներում ես նշել եմ, որ առա­ջիկա ընտրարշավում իմ միակ թի­րախը լինելու է ներկա իշխա­նությունների ներ­կայացուցիչը: Մյուս թեկնածուների հետ ես բանավեճի մեջ չեմ մտնելու, չեմ պա­տասխանելու նրանց քննա­դա­տու­թյուններին եւ հարձա­կում­ներին:
Իսկ այժմ, անվանապես դիմե­լով վերը թվարկված քաղաքա­կան գործիչներին (բացի Ստե­փան Դեմիրճյանից եւ Լյուդմիլա Սարգսյանից, որոնք արդեն ար­տահայտել են իրենց դիրքորո­շումը), դիմելով նաեւ նախագահի մնացյալ բոլոր հնարավոր թեկ­նա­ծուներին, այս հանրահավաքի անունից կոչ եմ անում միանալ քոչարյանա-սերժական ավազա­կա­պետության դեմ ձեւավորվող համաժողովրդական շարժմանը: Մենք, այսինքն՝ անձամբ ես եւ իմ կողմնակիցները, մեզ ամբողջո­վին դնում ենք ձեր տրամա­դրու­թյան տակ: Մեզ պարզապես օգ­տա­գործեք որպես գործիք՝ հան­ցավոր վարչախմբից ազատվելու եւ իշխանության ձգտման ձեր օրի­նական իրավունքն իրացնելու նպատա­կով, ինչի համար ձեզա­նից ընդամենը պահանջվում է համբերել երեք տարի, գուցե եւ ավելի քիչ:
Եթե այս կոչն էլ մնա «ձայն բար­բառոյ յանապատի», եւ եթե ընդդիմությունն ընտրություն­նե­րին մասնակցի տրոհված շար­քերով, ապա դա կծառայի միայն Սերժ Սարգսյանի շահերին: Կո­չին չարձագանքելու պարագա­յում, ձեր տված ոչ մի հիմնա­վո­րում ու բացատրություն երբեւէ հասկա­ցո­ղություն չի գտնի ժո­ղովրդի սրտերում: Այդ պարագայում, բնականաբար, չեղյալ կհայտարարվի նաեւ վերը նշված իմ առաջարկի եռամյա պայմանաժամկետը»:  

Ինչպես տեսնում ենք, Տեր-Պետրոսյանը նախապայման էր առաջ քաշել և խոստացել այդ դեպքում միայն «համբերել երեք տարի, գուցե և ավելի քիչ», իսկ եթե իր նախապայմանը չկատարվի, ապա «Այդ պարագայում, բնականաբար, չեղյալ կհայտարարվի նաեւ վերը նշված իմ առաջարկի եռամյա պայմանաժամկետը»։  Ասել է, թե 3 տարվա խոսակցությունները վերացական բնույթ ունեին, բայց  «հեղափոխական» այն օրերին ո՞վ էր նման «մանրուքների» ուշադրություն դարձնում։ Շատերի մոտ (այդ թվում և՝ Լևոնին չուզողների) տպավորվել էր այն, որ Տեր-Պետրոսյանը  միայն 3 տարով է գալիս՝ «ավգյան  ախոռները» մաքրելու համար, և նրանք չէին ուզում վերլուծել, որ Տեր-Պետրոսյանն այդ 3 տարվա համար այնպիսի նախապայման է առաջ քաշել, որն ինքն էլ էն գլխից գիտեր, որ չլինող բան էր և, հետևաբար, եթե գար իշխանության, ապա 3 տարուց հաստատ չէր հեռանալու՝ ասելով, որ իր նախապայմանը չէր կատարվել և ինքը չի պատրաստվում հեռանալ։  եվ պատկերացրեք, որ խաբած չէր լինի իր ընտրողներին։ Կասեր՝ ուշադիր ընթերցեք իմ խոսքերը, և վերջ։

3 տարվա դիմաց առաջ քաշված նախապայմանի մասին նախընտրական փուլում շատ չխոսվեց։ Այդ փուլում շրջանառվեց միայն երեք տարվա մոգական խոստման մասին PR-ը և դա դարձավ նույնիսկ Տեր-Պետրոսյանի հակառակորդների համար նրան ընտրելու լուրջ հիմնավորում՝ «Ճիշտ ա Լևոնն էլ մի բան չի, բայց սրանց քշենք՝ հետո մեկ ա Լևոնը 3 տարուց գնալու ա» թեմայով։ Այսքանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: