Լրահոս

02.05.2014 19:25


Ջավախահայությունն ազգային ինքնության պահպանման խնդիր ունի

Ջավախահայությունն ազգային ինքնության պահպանման խնդիր ունի

Հարգազրույց Սամցխե-Ջավախքի Հայկական Հասարակական Կազմակերպությունների Խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի հետ՝

-Ինչպես Արցախը, այնպես էլ Ջավախքը Հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունեցող երկարամաս է: Այն Հայաստանի Հանրապետությունից դուրս մեր պատմական Հայրենիքի միակ տարածքն է, որտեղ դեռևս Հայ ժողովուրդ է բնակվում: Բոլորին հայտնի է, որ Ջավախքն ու ջավախքահայությունն ունեն բազմաթիվ խնդիրներ. որո՞նք են ջավախքահայության կարևորագույն խնդիրները:

- Ջավախքի հիմնախնդիրները բազմազան են ու բազմաբնույթ: Կփորձեմ առանձնացնել հույժ կարեւոր խնդիրները: Նախ Վրաստանի ցանկացած իշխանության խտրական քաղաքականության արդյունքում բոլոր խնդիրների տողատակերում քաղաքական ենթատեքստ կա եւ բոլոր խնդիրները համարվում են քաղաքական խնդիրներ: Այսօր ջավախահայությունն ազգային ինքնության պահպանման խնդիր ունի: Առկա են լեզվական, կրթական, մշակութային, առողջապահական եւ, ամենակարեւորը, սոցիալ-տնտեսական խնդիրներ: Հետխորհրդային ժամանակաշրջանում, երբ Վրաստանն անկախացավ, իշխանության գլխին կանգնած էր Գամսախուրդիան, որն այսպիսի մի հայտարարություն արեց. «Վրաստանը վրացիների համար»: Այսինքն՝ Վրաստանը, լինելով բազմազգ երկիր, այդ հայտարարության տրամաբանության համաձայն պետք է թողնեին մյուս ազգությունները եւ հեռանային Վրաստանից: Դա տեղի չունեցավ եւ իրենք սկսեցին իրագործել ձուլման քաղաքականություն՝ հատկապես հայերի շրջանում, որովհետև հետխորհրդային ժամանակաշրջանում՝ 90-ական թվականներին, հայերը եւ թվաքանակով էին շատ, եւ ակտիվ էին: Դա ինչ-որ չափով ստացվեց իրենց մոտ եւ դա մանավանդ արվեց վիրահայության շրջանակներում: Ջավախքում այդքան շատ չգնաց ձուլման պրոցեսը, որովհետեւ Ջավախքը միատարր էր, իսկ մնացած շրջաններում՝ բուն մայրաքաղաք Թբլիսիում, Կախեթիում, Գորիի շրջաններում, ուր բավական թվով հայեր էին ապրում, չդիմանալով ձուլման այդ գործըթացին՝ արտագաղթեցին, իսկ մի մասն էլ ձուլվեցին:
Առողջապահական համակարգը մասնագետների կարիք ունի: Չկան համապատասխան բժշկական սարքավորումներ: Ջավախքում առաջին բուժօգնություն են միայն կարողանում ցուցաբերել: Ջավախքի հանդեպ խտրական վերաբերմունքն առկա է նաեւ սոցիալ- տնտեսական բնագավառում: Անգամ գյուղատնտեսական արտադրանքների ձեռք բերման առւմով Վրաստանը նույն ապրանքը նախընտրում է ձեռք բերել Թուրքիայից, այլ ոչ թե Ջավախքից: Բնականաբար, ձեռք է բերում համեմատաբար ավելի էժան գնով, բայց անորակ ապրանք:
Աշխատանք չլինելու պատճառով երիտասարդություն արտագաղթում է: Եւ ցավալին այն է, որ գրագետ երիտասարդությունն էլ է գնում: Երիտասարդների մի մասը Հայաստանի բուհերում ուսումն ավարտելուց հետո չի վերադառնում Ջավախք, քանզի աշխատատեղ չկա եւ պետական լեզվին էլ չեն տիրապետում, իսկ դա կարեւոր է: Ցավով պետք է նշեմ, որ հավանաբար առաջիկայում Ջավախքի դպրոցներում լուրջ մանագետներ չեն լինի:
Ջավախքում բոլոր դպրոցները հանրակրթական դպրոցներ են: Հայկական դպրոց, որպես այդպիսին, դե յուրե գոյություն չունի, բայց դե ֆակտո այդ դպրոցները հայկական են: Վրացիները ուսուցման համար երկլեզու համակարգ են մշակել, բայց եթե տեղի մանկավարժը վրացերենին չի տիրապետում, ինչպես կարող է դասը երկլեզու անցկացնել: Եվ այս ամենը անորոշություն է ստեղծում:
Վրաստանը մի շարք պարտավորություններ ու պարտականություններ է ստանձնել Եվրոպայի խորհրդի առաջ, իսկ ամենակարեւոր պարտականություններից մեկը, որ ծրագրել է, դա «ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիան է», որը ներառում է մի շարք ենթակետեր. դրանց մեջ առանձնացվում է լեզվի մասին հարցը: Ըստ այդ կոնվենցիայի՝ ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն, որ իրենց մայրենի լեզուն ստանա պետական երկրորդ լեզվի կարգավիճակ: Այսինքն, Սամցխե -Ջավախքի տարածաշրջանում հայերենը կարող է դառնալ երկրորդ պետական լեզու կամ տարածաշրջանային լեզու: Չգիտես ինչու արեւմուտքն այս ամենի վրա աչք է փակում, ինչը համարվում է կոպիտ խախտում, քանզի ստորագրել է տվյալ շրջանակային կոնվենցիան, սակայն իրականացրել է որոշակի վերապահումներով:
-Ջավախքահայությունը Վրաստանում հաճախակի է խնդիրների առաջ կանգնում՝ հատկապես վրացերեն լեզվի չիմացության պատճարով, ինչը ևս մեկ առիթ և ճնշման լծակ է հանդիսանում վրացական իշխանությունների համար: Մի փոքր մանրամասնեք այդ խնդրի մասին:
- Խորհրդային Միության ժամանակաշրջանում օրենքին համապատասխան գործում էին հայկական դրպոցներ եւ այդ հարցում որևէ խնդիր չկար, իսկ այսօր Վրաստանի սահմանադրությամբ ամրագրված է, որ Վրաստանի պետական լեզուն վրացերենն է: Վերջին 10 տարիների ընթացքում՝ Սահակաշվիլիի իշխանության ժամանակաշրջանում, ստեղծվեց լեզվի պետական ոստիկանություն, այսինքն՝ յուրաքանչյուր իրավաբանական անձ, եթե ինչ-որ մեկի հետ շփվում է, ապա պետք է խոսի վրացերեն, այն էլ գրագետ լեզվով: Ջավախքցիների ամենակարեւոր խնդիրը պետական լեզվին՝ վրացերենին տիրապետելն է: Սակայն պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ պետական լեզվի չիմացությունը տեղի ժողովրդի մեղավորության արդյունք չէ: Ինչպես գիտենք, 1921 թվականին Ադրիանապոլսի պայմանագրով ինչպես հայկական Արցախն է տրվել Ադրբեջանին, այնպես էլ հայկական Ջավախքն է տրվել Վրաստանին: Դրան հաջորդեց Խորհրդային Միության 70 տարի տեւողությամբ ժամանակահատվածը: 1991-2003 թվականներին վրացերեն լեզվի իմացության խնդիրը խիստ չէր դրված, իսկ վերջին տարիներին Սահակաշվիլիի իշխանությունն ուզում էր, որ միանգամից կախարդական փայտիկի օգնությամբ ամբողջ ժողովրդին վրացերեն սովորեցներ: Տեղի իրավիճակն ուսումնասիրելով՝ եկել ենք այն եզրակացության, որ նախորդ իշխանություններն իրենց առաջ լուրջ խնդիր չէին դրել վրացերեն լեզվի իմացության համար եւ հավանաբար իրենց ձեռնատու էլ չէր, որ հայերը տիրապետեն վրացերեն լեզվին: Իսկ այն ինտեգրման քաղաքականությունը, որն այս տաս տարիների ընթացքում քարոզեցին եւ Արեւմուտքից դրա համար բավականին լուրջ գումարներ ստացան, չի ծառայել իր նպատակին: Ջավախքի ժողովուրդն իրականում ուզում է սովորել վրացերեն, բայց դրա համար համապատասխան կենտրոններ չկան, համապատասխան մեթոդներ չկան, որպեսզի դպրոցական մակարդակից զատ, ինչ-որ տեղ լինի, որ չափահաս մարդը կարողանա սովորել լեզուն: Եւ լեզվի չիմացության պատճառն իրենց համար առիթ էր, որպեսզի ճնշման քաղաքականությունն էլ ավելի մեծացնեին հայերի նկատմամբ: Ջավախքից 4000-4500 ուսանողներ են սովորում են Երեւանի բուհերում, իսկ Վրաստանի բուհերում մի քանի հարյուր ուսանող է կրթություն ստանում: Ջավախքի ժողովրդի կապը հիմնականում Երեւանի հետ է:
-Նոր կառավարությունը ի՞նչ փոփոխություններ մտցրեց ջավախքահայության կյանքում:
- Սահակաշվիլի իշխանության ժամանակ տարածաշրջանը ղեկավարվում էր հիմնականում ուժային կառույցների կողմից: Այդ առումով որոշակի փոփոխություն կա, բայց սահմանին առկա խնդիրները դեռ շարունակվում են: Ուժային կառույցների կողմից հետապնդումներ չկան արդեն: Սակայն հաշվի առնելով, որ այս նոր իշխանությունը ընդամենը մեկ տարվա իշխանություն է, բնականաբար նրանք չէին էլ հասցնի որոշակի շոշափելի արդյունք ցույց տալ, որպեսզի հասարակ ժողովուրդն իր մաշկի վրա զգա նախկին եւ ներկա իշխանությունների տարբերությունը: Բայց, իմ կարծիքով, բավականին խոստումնալից է Վրաստանի այս նոր իշխանությունը:
Ի դեպ, վերոնշյալ խնդիրները բազմիցս բարձրացվել են Վրաստանի նախորդ իշխանությունների առաջ: Այդ հարցերը բարձրացվել են նաեւ Եւրոպական խորհրդարանում: Ներկայումս ուզում ենք ակտիվ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ, քանի որ հունիսին Վրաստանը ստորագրելու է ասոցացման համաձայնագիր:

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը