Հարցազրույց

14.05.2014 17:00


Էդմոն Մարուքյան. «Փորձ է արվում ինձ ներքաշել «մուտիլովկաների» դաշտ»

Էդմոն Մարուքյան. «Փորձ է արվում ինձ ներքաշել «մուտիլովկաների» դաշտ»

Հարցազրույց Վանաձորի թիվ 30 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր դարձած Էդմոն Մարուքյանի հետ

–«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թեև 2009թ. հունիսի 13-ից մինչև 2010թ. հունիսի 30-ը չեք եղել Հայաստանում, սակայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության լուռ հայացքի ներքո, Ձեզ է տվել վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտական բնակության մասին վիճելի տեղեկանք: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հրապարակումը։

–Եթե իրոք կարողացել եմ Հայաստանում չբնակվելով մարդկանց հասցնել ընտրությունների, ուրեմն ես սուպերմենն եմ։ Իրավական մեխանիզմներով այդ հարցը վաղուց փակվել է:

–Բայց տարածված տեսակետ կա, որ դուք Սերժ Սարգսյանի և երիտօլիգարխիայի հովանավորությամբ եք պատգամավոր դարձել։ Այդ համատեքստում այս հրապարակումը ինչո՞վ եք պայմանավորում։

Պատվիրված նյութ է։ Մարդ կա, ով չի հարմարվում իր պարտության հետ, անընդհատ նյութեր է պատվիրում մամուլում։ Դա նորություն չէ, դա երկու տարի է՝ տպվում է։ Մարդիկ կան, որ դրա պատճառով դարձել են լրագրող։ Ի պաշտոնե և ի մասնագիտությամբ լրագրող չեն եղել, հիմա դարձել են լրագրող ու հոդվածներ են գրում։ Դա լավ է, որ եթե կարող են իմ անունն օգտագործել, ավելի թերթ վաճառեն, դրան նորմալ եմ նայում, խնդիր չկա։

–Այսինքն, հերքո՞ւմ եք, որ երիտօլիգարխիայի և Սերժ Սարգսյանի հովանավորությունն եք վայելում։

–Ձեր հարցը կոռեկտ չէ, և, ընդհանրապես, ինձ նման հարց տալը կոռեկտ չէ, որովհետև ես իմ գործունեությամբ ցույց եմ տվել՝ ես ով եմ, ու ինչ եմ անում։ Ի՞նչ է նշանակում երիտօլիգարխիա, երիտօլիգարխներն ովքե՞ր են։ (Այս պահից սկսած Մարուքյանը նյարդային ու ջղաձիգ դարձավ– Ա.Մ.)։

–Ասում եք՝ Ձեր գործունեությամբ ցույց եք տվել, բայց հենց քվեարկությունները գալիս են ապացուցելու, որ «նեղ» պահերին միշտ օգնության եք հասել ՀՀԿ–ին՝ պլյուս մեկ ձայն ավելացնելով։

–Իմ քվեարկությունները նայե՞լ եք։

–Նայել եմ, որ հարցնում եմ։

–Տեսե՞լ եք մի նախագիծ, որ ընդդիմությանը դեմ քվեարկած լինեմ։ Եթե մի այդպիսի օրինակ կարող եք բերել ... մարտի 1–ի նախագծից բռնած՝ ես կողմ եմ քվեարկել։ Ձեր այդ բոլոր փաստարկները, կամ, չգիտեմ, փաստարկ են, կարծիք են, չգիտեմ՝ որտեղից եք վերցրել դրանք ընդհանրապես, որտեղ էլ որ ասեք, ուղղակի ծիծաղ կառաջացնի մարդկանց մոտ։ Եթե կոնկրետ պատվեր կա՝ ցեխ շպրտել իմ վրա, չի ստացվի։ Երկու տարի է՝ դա փորձում են, չի ստացվում։

–Բայց, դրան զուգահեռ, խնդրահարույց օրինագծերի ժամանակ միշտ Ձեր քվեարկությամբ օգնության եք հասել քաղաքական մեծամասնությանը։

–Ո՛չ, ձեր կարծիքը սխալ է. մտե՛ք, քվեարկությունների ցանկը նայե՛ք, կտեսնեք, որ նման բան չկա։ (Տեղեկացնենք, որ մասնավորապեսՏիգրան Սարգսյանի ներկայացրած կառավարության ծրագրին ու բյուջեների նախագծերին Մարուքյանը կողմ է քվեարկել–Ա.Մ.)

–Հետո տեսակետ կար, որ Քեսաբ «գաղտնի» մեկնածները, որոնց թվում էիք նաև Դուք, կարծես երիտօլիգարխիայի ոչ պաշտոնական խումբը լինեին։

–Թևան Պողոսյա՞նն էլ։

–Դե, նա էլ էր այդ խմբում։

Ձեր ասածն աբսուրդ է։ Մարդ, որ ընդդիմադիր խմբակցությունում ընդգրկված է, ասում եք՝ օլիգարխիայի ներկայացուցիչ։ Մարդ, ով անկախ պատգամավոր է և իր գործունեությամբ դա ցույց է տվել, ասում եք՝ օլիգարխիայի ներկայացուցիչ։ Օլիգարխիան ո՞րն է։ Օլիգարխիայի ներկայացուցիչն ինձ նման վարձո՞վ է ապրում Ավանում։ Բաներ կան, որ ոչ մի տրամաբանական հարթության մեջ չեն քննարկվում։

–Չե՞ք կարծում, որ եթե ինչպես Դուք եք ասում, Ձեր դեմ աշխատում են, ապա այդ աշխատողները իշխանության ներսում՝ Ձեր շրջապատում պետք է փնտրեք։ Համ էլ ի՞նչ է նշանակում պատվեր։ Թերթը փաստեր է ներկայացրել, կա՛մ հիմնավոր հերքեք, կա՛մ հաստատեք։

Ես գիտեմ՝ որտեղից է պատվերը։ Ես շատ լավ գիտեմ, ու բոլորը գիտեն՝ դա ով է։

–Ո՞վ է։

–Մտածե՛ք, կկռահե՛ք։

–Իշխանությունի՞ց չէ։

Հիմա ես չգիտեմ՝ էդ մարդը որտեղից է, բայց գիտեմ՝ ով է։ Կոնկրետ մարդ է, կոնկրետ իմ դեմ է աշխատում, և հրապարակված այդ ինֆորմացիան կեղծ և սուտ է, որն անիմաստ տարածվում է, և փորձ է արվում ինձ ներքաշել «մուտիլովկաների» դաշտ։ Ես պրոֆեսիոնալ իրավաբան եմ, ժամանակին՝ հայտնի փաստաբան, ես «մուտիլովկաների» դաշտ մտնող չեմ։ Եթե կա վիճահարույց հարց, ես պատրաստ եմ դատական բոլոր ատյաններում իմ շահերը պաշտպանել։ Կա՞ հարց, խնդրե՛մ, գնանք դատարան։ Չկա՞ հարց, էդ «մուտիլովկաների» վրա ես այդքան չարչարվե՞մ։

–Կառավարության ծրագրին կո՞ղմ եք քվեարկելու։

–Կառավարության ծրագիրը ես չեմ տեսել։ Կտեսնեմ, կկարդամ։ Նայե՛ք իմ սեղանին. ԱԺ ինչ մտնում է, ես կարդում եմ, ես այդ պատգամավորներից եմ, որ կարդում եմ։ Կկարդամ, կհասկանամ՝ ինչ է։ Ենթադրում եմ՝ նաև հանդիպումներ, քննարկումներ կլինեն, հնարավորություն կլինի, որ ես առաջարկներ ներկայացնեմ, և երբ այդ բոլոր փուլերն անցնենք, և ես տեսնեմ՝ ինչքանով եմ բավարարված, ինչքանով՝ ոչ, ըստ այդ կողմ, դեմ, ձեռնպահ կքվեարկեմ։ Կարող եմ չմասնակցել էլ։ Որևէ առումով որևէ բանով ես կաշկանդված չեմ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը