Խմբագրական

28.05.2014 14:53


Առաջին հանրապետության ստեղծման և վերացման դասերը. Սերժ Սարգսյանը պետք է հեռանա

Առաջին հանրապետության ստեղծման և վերացման դասերը. Սերժ Սարգսյանը պետք է հեռանա

Այսօր նշում ենք առաջին հանրապետության ստեղծման տարեդարձը։ Նշում ենք կա՛մ կենացային մակարդակով, կա՛մ իմիջիայլոց՝ առանց հարցի մեջ խորանալու։

Մինչդեռ հարկավոր է դասեր քաղել ու հասկանալ, թե ինչո՞ւ մենք կորցրեցինք անկախ Հայաստանը և խորհրդայնացվեցինք, ինչպե՞ս կարողացանք հարյուրամյակներ անց անկախ պետություն ձևավորել և ընդամենը երկու տարի պահել այն, ո՞րն էր առաջին հանրապետության վերացման հիմնական պատճառը։ Այս հարցերի պատասխանները կօգնեն մեզ խուսափել ներկա ու ապագա սխալներից։

Ցավով պետք է արձանագրել, որ հայ պատմաքաղաքական միտքը մինչև վերջ չի գնացել ու անհրաժեշտ եզրահանգումներ չի արել։

Առաջին հանրապետության մասին հիմնականում հերոսական պատումներ են մեզ փոխանցվում, այնինչ հպարտանալու քիչ բան կա. պետություն ենք կորցրել, այն էլ՝ խայտառակ ձևով։ Այս ամենի քաղաքական ու պատմական գնահատականը տալ է պետք, թե չէ, կենացներով ու սրտաճմլիկ պատմություններով հեռու չենք գնա։

Մեզանում ընդունված է առաջին հանրապետության վերացման մեջ մեղադրել անգլիացիներին (Արևմուտքին) կամ ռուսներին՝ նայած, թե ով ինչամետ է իրեն դիրքավորում։ Բայց դա սխալ մոտեցում է։

Առաջին հանրապետության ստեղծումն էլ, կործանումն էլ մեր՝ հայերիս ձեռքի գործն է։ Ոչ մի երրորդ ուժի պետք չէ խառնել ու մեղադրել այս ամենի մեջ։

Սարդարապատում մենք ապավինեցինք մեր ուժերին ու կարողացանք ստեղծել պետություն։ Հույսներս չդրեցինք ուրիշների վրա։ Ի դեպ, Սարդարապատից հետո անմիջապես հայտնվեցին մեզ հետ դաշնակցել ցանկացողներ։

Հայտնի լեզվաբան Ռաֆայել Իշխանյանը հենց այդ պահը նկատի ուներ, երբ իր ծրագրային հոդվածի մեջ կոչ էր անում բացառել երրորդ ուժին և առաջարկում էր դրսում դաշնակիցներ փնտրել, այլ ոչ թե ապավինել դրսի ուժերին, ինչպիսին էլ դրանք լինեն։

Առաջին հանրապետության ստեղծումը սեփական ուժերին ապավինելու վառ օրինակ է (ինչպես որ վառ օրինակ է ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը)։ Արժե այս համատեքստում առանձնահատուկ ընդգծել առաջին հանրապետության օրոք գործունեություն ծավալած ականավոր ռազմաքաղաքական գործիչների՝ Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Դրոյի դերը։ Էլի ֆիգուրներ կային, բայց այս երեքն են անկյունաքարային ֆունկցիա կատարել։

Մենք անկախությունը կորցրեցինք, երբ սկսեցինք ոչ թե ապավինել մեր ուժերին և իրատեսական քաղաքականություն վարել, այլ դրսի խաղերի մեջ մտնել։ Սևրի դաշնագրին միանալն ու «բոմժական» արտաքին քաղաքականություն վարելն այն հիմնական պատճառն էր, որը բերեց առաջին հանրապետության կործանմանը։

Այն ժամանակվա ղեկավարները, պատկերավոր ասած, ուզում էին հա՛մ ԵՄ–ի հետ ասոցացվել, հա՛մ ՀԱՊԿ–ի շրջանակներում գործակցել Ռուսաստանի հետ։ Բայց այդպես չի լինում։ Հայաստանը հաշվի չառավ տարածաշրջանային միտումները, համաշխարհային գործընթացները և սկսեց գերտերությունների հետ վտանգավոր խաղեր տալ։ Արդյունքում՝ կորցրեց անկախությունն ու հայտնվեց ԽՍՀՄ կազմում։

Ասում են, թե պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Ասում են նաև, որ պատմությունը դաժանորեն պատժում է այն ազգերին ու պետություններին, որոնք պատմությունից դասեր չեն քաղում։

Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը որևէ դաս չի քաղել։ Նա սկսեց «և, և» խաղալ Արևմուտքի ու Ռուսաստանի հետ ճիշտ այնպես, ինչպես առաջին հանրապետության անհեռատես քաղաքական գործիչները։ Արդյունքում՝ մենք հայտնվեցինք «կամ, կամ»–ի արանքում, իսկ հետագայում բռնեցինք Գյուլիստանի ճամփան ու հիմա քննարկում ենք ստալինյան ռեպրեսիաների գործիքներից հանդիսացող Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը։

Ի դեպ, ՄՄ մտնելու որոշումը մոտավորապես ԽՍՀՄ կազմում հայտնվելու պես մի բան է, բայց ավելի վատ տարբերակով, քանզի անվտանգության հարցը, մեծ հաշվով, չի լուծվել։

Հայ ժողովորդի գլխավոր խնդիրն այս ամենից հետո պետք է լինի Սերժ Սարգսյանին ու նրա նեղ թիմին պետական կառավարման համակարգից հեռացնելը։ Դա կլինի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, թե ավելի շուտ՝ արդեն քննարկման հարց է։

Հարկավոր է իշխանափոխություն կատարել և վերականգնել Հայաստանի միջազգային դիրքերը՝ վերադառնալով հավասարակշռված և կոմպլեմենտար քաղաքականությանը։ Այլապես առաջին հանրապետության ճակատագրից խուսափել հնարավոր չի լինի, և դա լավագույն դեպքում։ Քանզի Հայաստանի սովետականացումը յուրօրինակ ինկուբացիոն շրջան դարձավ նորանկախ պետության ստեղծման համար։ Հիմա նման բան չի կարող լինել, եթե, Աստված մի արասցե, մենք Սերժ Սարգսյանի ներքին ու արտաքին «նախաձեռնողական» քաղաքականության պատճառով կորցնենք պետությունը։

Եվ ուրեմն, իշխանափոխությունը դառնում է ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի ու Ղարաբաղի պահպանման և զարգացման խնդիր։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը