Խմբագրական

02.09.2009 13:10


Եվս մեկ «գիշերային» որոշում

Եվս  մեկ   «գիշերային»  որոշում

Սերժ  Սարգսյանը շարունակում է «հաճելիորեն» զարմացնել Հայաստանի հանրությանն իր «գիշերային» որոշումներ ընդունելու հատկությամբ։ Օգոստոսի 31-ին՝  գիշերը՝ մթության քողի  տակ, մեզ հրամցվեց հերթական փաստաթուղթը, որը «ֆուտբոլային»  տխրահռչակ դիվանագիտության  պտուղ  էր։ Փաստորեն, ՀՀ նախագահն այնքան է ուզում Թուրքիայում տեսնել մեր ֆուտբոլիստների անհաջող խաղն իր սեփական աչքերով, որ պատրաստ է պարբերաբար «քիրվայության պրիստուպներ» ունենալ։ Իրականությունն այն է, որ շախմատասեր և, ինչպես պարզվում է, ֆուտբոլասեր մեր նախագահին ասում են, թե ձեռք ես տվել, պիտի խաղաս, շախմատի օրենք է։

«Նախաձեռնողական» քաղաքականության շրջանակներում թուրքերն այլևս լեգիտիմ հնարավորություն ստացան ուղղակիորեն միջամտելու Արցախի խնդրին,  իսկ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին ֆունդամենտալ հարված է  հասցված, բայց այս անգամ ոչ միայն Թուրքիայի, այլև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության կողմից։

Որքան էլ որ Սարգսյանն ու պալատական սազանդար «վերլուծաբաններն» այժմ պնդեն, թե որևէ նախապայման չի եղել, ու Արցախի հարցը կապված չէ հայ-թուրքական հարաբերությունների հետ, ակնհայտ է, որ սահմանի բացման պարզունակ հարցը թուրք-ադրբեջանական երկյակը կապիտալիզացնում է բոլոր ուղղություններով։ Պատահական չէ, որ հայ-թուրքական արձանագրություններին նախորդել էին Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարության ակտիվ շփումները, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը, իհարկե, ոչ հրապարակավ,  նույնպես մասնակցել է օգոստոսի 31-ին ընդունված արձանագրությունների կազմմանը։

Ստորագրմանը հաջորդող գործընթացները ևս վկայում են, որ թուրքերը սահմանի բացելը կապելու են Արցախի խնդրի հետ։ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարություններն ու նրա զրույցը ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ, երբ նա խնդրել էր ռուսաստանցի իր պաշտոնակցին աջակցել Արցախի խնդրի արագ լուծման հարցում, ցույց են տալիս, թե իրականում ինչ է ներկայացնում հայ-թուրքական «գիշերային» որոշումը։

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի միջնորդությամբ տարածված Թուրքիայի և Հայաստանի համատեղ  տարածած փաստաթղթի նույնիսկ մակերեսային վերլուծությունը  ցույց է տալիս,  որ Թուրքիան կարողացել է իր նախապայմանները թելադրել հայկական կողմին,  ստանալ շատ առարկայական զիջումներ և փոխարենը ստանձնել միայն սահմանների բացման հիպոթետիկ պարտավորությունը՝ «իշու զատկին» կատարելու խոստմամբ։ Թող չթվա, որ արձանագրությունում նշված երկամսյա ժամկետը կոնկրետություն է մտցնում սահմանի բացման հարցում։ Դրան պետք է նախորդի երկու երկրների խորհրդարանների կողմից փաստաթղթի ընդունման գործընթացը։ Այ այդտեղ թուրքերը պնդելու են, որ հարկավոր է արագ լուծել (հասկանալի է, թե ինչպես և ում օգտին) Արցախի հարցը և հստակ նախապայման են դնելու, որպեսզի մեկ փաթեթի մեջ ներառեն «ֆուտբոլը»։  

«Ֆուտբոլային» կոչված դիվանագիտության  ամբողջ ընթացքում Թուրքիան՝  իշխանության ամենաբարձր մակարդակով,  հայտարարում էր   Արցախի  հարցում Ադրբեջանի կողմից իր շահագրգիռ լինելու և գործընթացին անմիջականորեն մասնակցելու մասին։ Օգոստոսի 31-ի   արձանագրության մեջ Թուրքիային հաջողվել է միս ու արյուն տալ այդ հարցի լուծմանը։ «ՀՀ-ն և Թուրքիան, վերահաստատելով իրենց հանձնառությունը տարածաշրջանային և միջազգային վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա»,- մասնավորապես նշված է արձանագրության մեջ։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են  Հայաստանն ու Թուրքիան տարածաշրջանային վեճերը և հակամարտությունները կարգավորելու  մասին համատեղ  արձանագրություն ստորագրում։ Այդ ի՞նչ վեճեր ու հակամարտություններ ունեն ՀՀ-ն ու Թուրքիան համատեղ խաղաղ կարգավորելու։ Պարզ է,    չէ՞,  որ  տարածաշրջանային այդ վեճերն ու հակամարտություններն Օսիային կամ Աբխազիային չեն վերաբերելու, այլ Արցախին։ Այս արձանագրությամբ Թուրքիան պաշտոնապես կարողանալու է միջամտել Արցախի հարցում՝ հղում անելով Հայաստանի իշխանության  հետ ձեռքբերված համաձայնությանը։

Ընդունված համատեղ փաստաթղթում շեշտված է  տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, և ոչ մի խոսք  ազգերի ինքնորոշման վերաբերյալ։ Դեռ թողնենք այն հարցը, թե ինչ կապ ուներ հայ-թուրքական հարաբերությունների արձանագրությունում տարածքային ամբողջականության կետի ամրագրումը, բայց եթե դա միջպետական փաստաթղթերի ստանդարտի շրջանակներում էր, ապա չէր խանգարի նաև ազգերի ինքնորոշման մասին հիշատակումը, ինչը չի արվել։

 Եթե հիշում եք,  Սերժ  Սարգսյանը Գյուլի՝  Երևան այցելության  ժամանակ նշել էր, որ ինքը խնդրել է  Թուրքիայի նախագահին  օժանդակել Արցախի հարցում։ Թուրքերը հիմա այնպես  կօժանդակեն,  որ քիչ չի  թվա։ Եվ  այդ ամենը   Ս. Սարգսյանի՛ «ֆուտբոլի» հետևանքով։

Հաջորդը.   Հայաստանի և Թուրքիայի  միջև նախաստորագրված արձանագրության մեջ Ցեղասպանություն  բառն     ընդհանրապես բացակայում է, և առնվազն կասկածի տակ է դրված Հայոց ցեղասպանության  փաստը. «Հայաստանը և Թուրքիան համաձայնեցին նաև իրականացնել երկու ժողովուրդների միջև  փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար»,- նշված է   արձանագրության մեջ։ Եթե նկատում եք,  ձևակերպման մեջ անգամ տարեթիվ  նշված չէ, թե ո՞ր ժամանակահատվածի պատմական դեպքերն են ուսումնասիրվելու։ Միգուցե սկսեն շումմերների՞ց կամ սելջուկների՞ց։

Ըստ արձանագրության՝ շատ լղոզված  մի  կառույց է ստեղծվելու՝ «պատմական հարթությամբ   զբաղվող   ենթահանձնաժողով»  անվամբ։ Ի՞նչ  է  նշանակում պատմական փաստաթղթերի և   արխիվների  անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար ձևակերպումը։ Այդ ի՞նչ պետք  է հստակեցնել և առաջարկել։ Եվ պետք չէ դեմագոգիայով զբաղվել ու ասել, որ պատմաբանների հանձնաժողով չի ստեղծվել։ Ստեղծվել է, պարզապես այլ անվան տակ։ Այդ ենթահանձնաժողովի գիտնականները ուրանի միջուկի մասնագետներ չեն լինելու։ Նրանք պատմաբան են լինելու, այն էլ՝ գիտնական։ Կարելի է ենթադրել, թե հայկական կողմից ովքեր են լինելու այդ պատմաբանները; Նրանց այս օրերին կարելի է տեսնել՝ մամուլի ակումբից-ակումբ «չարտերային չվերթներ»  իրականացնելիս, ազատ, բայց պատասխանատու հեռուստաեթերը «բռնաբարելիս» ու Սարգսյանի դիվանագիտական «բարեմասնությունները» գովերգելիս։

Այս ամենից զատ ՀՀ իշխանությունները տողատակերում համաձայնել են Կարսի պայմանագրի վավերացմանը։ Սա էլ որպես «գարնիր»։

Եվ  ի՞նչ  է   ստանում Հայաստանն  այս ամենի դիմաց։ Ոչինչ։ Բաց սահմանը «փուչիկ» խոսակցություն է։ Երբ գա սահմանն իբր թե բացելու  պահը, թուրքերը Սարգսյանին դեմ են տալու Արցախի հարցում զիջումների գնալու անհրաժեշտությունը։  

Այո՛, լավ կլինի, որ Թուրքիայի հետ սահմանը բացվի, բայց ո՞վ ասեց, որ բաց սահմանի գինը Արցախը մանրադրամ սարքելն ու  Հայոց ցեղասպանության հարցը փաստացի «ջրելն» է։ Թքած այդպիսի բաց սահմանի վրա, որը պետք է լինի Արցախի, այսինքն՝ Հայաստանի անվտանգության հաշվին։  Եթե ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Արցախի հարցը ներառված չէ հայ-թուրքական փաթեթում, ապա ինչո՞ւ չեն պահանջել, որպեսզի Թուրքիան պաշտոնապես հրաժարվի այս ընթացքում արված իր բոլոր այն հայտարարություններից, որտեղ անթաքույց կողմնակալ դիրքորոշում է հայտնվել  հօգուտ Ադրբեջանի։ Թող այդ չարաբաստիկ  արձանագրության մեջ հստակ նշվեր,  որ   հայ-թուրքական  հարաբերությունները  որևէ  կերպ  չեն շաղկապվելու Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ,  և  Թուրքիան պաշտոնապես հայտարարում է իր չեզոքության  մասին։

Հիմա Ճիշտ հակառակն է. Թուրքիան տարածաշրջան մտնելու լայն հնարավորություն  է ստացել, և  դա միայն այն պատճառով, որ  Սերժ Սարգսյանն իր ներքին լեգիտիմության  դեֆիցիտն ուզում է լրացնել արտաքին  դաշտում վտանգավոր զիջումներ անելու գնով։

Ամփոփենք. օգոստոսի  31-ին հրապարակված փաստաթուղթ-արձանագրություններով  Թուրքիան բազում դիվիդենտներ շահեց այդ  փաստաթղթի գոյությամբ  իսկ՝  անկախ դրանց կյանքի կոչվելու հանգամանքներից։ Մեր մասով շահեց միայն Սերժ Սարգսյանը, ով իր իշխանության երկարաձգման  ինչ-ինչ հնարավորություններ  ստացավ։

Կրկնեմ. օգոստոսի 31-ին հրապարակված փաստաթուղթն առավելապես   արցախյան  վտանգներ  է պարունակում, և Թուրքիան սահմանը բացելու  խոստման  դիմաց ստացել է  և՛ Հայոց ցեղասպանության  ճանաչման գործընթացն աշխարհում վիժեցնելու, և,՛  որ  ամենամտահոգիչն  է, Արցախի հարցում հայկական կողմից զիջումներ կորզելու հնարավորությունը։ Այլ  կերպ այս փաստաթուղթը մեկնաբանել հնարավոր չէ։   

Այժմ  խոսքը քաղաքական ուժերինն է։ Ընդդիմության ազդեցիկ ներկայացուցիչներ համարվող ՀԱԿ-ը,  ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» հստակ պետք է  հայտնեն իրենց վերաբերմունքն ընդունված փաստաթղթի մասով։ Լղոզված ձևակերպումները հօգուտ Սերժ  Սարգսյանի   կլինեն։ Պետք է  ամբողջական  գնահատական տրվի։ Ակնհայտ  է,  որ ընդունված փաստաթուղթն իր  մեջ լուրջ  վտանգներ  է  պարունակում նախ և առաջ Արցախի մասով,  և թուրք-ադրբեջանական  տանդեմն  արդեն  իսկ սկսել  է  դիվանագիտական  զուգերգը՝ թատերական նեյնիմությունների զուգորդմամբ։ Հետևաբար, եթե  նշված ուժերից որևէ մեկը  հայտարարի, որ  արձանագրության այս մի քանի կետերը լավն են, իսկ այն մի քանիսը՝ վատ, պարզապես ճիշտ չի լինի։ Ցավոք, այդպիսին էր ՀԱԿ-ի տարածած հայտարարությունը։ «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են այդ ուղղությամբ»,-նշված է ՀԱԿ հայտարարության մեջ։ Նախ՝ հասկանալի չէ, թե զգալի տեղաշարժ ասելով՝ ՀԱԿ-ում ի՞նչ նկատի ունեն՝ բացասակա՞ն, թե՞ դրական տեղաշարժ։ Իմ տպավորությամբ՝ հայտարարության փլիսոփայությունից բխում է, որ դրական։ Իսկ դա արդեն հակասության մեջ է մտնում ՀԱԿ հայտարության մյուս կետերի հետ, որտեղ մտահոգություն է հայտնվել, ու անընդունելի են համարվել այն գործընթացները, որոնք կապված են Հայոց ցեղասպանության և Արցախի խնդրի հետ։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ ՀԱԿ-ն ամբողջական չի գնահատել փաստաթուղթը։ Չէ՞ որ Արցախի հետ կապված վտանգների մեկ տոկոսանոց հանգամանք արդեն պետք է բավարար լիներ, որպեսզի ընդունված արձանագրությունն ամբողջությամբ բացասական գնահատվեր։ Կամ եթե ՀԱԿ-ի համար սկզբունքային հարց է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարը, ապա գնահատականները հստակ բացասական պետք է լինեին, ինչը չի արվել։ Ինչևէ։

«Ժառանգությունից» այս պահի դրությամբ (սեպտեմբերի 2-ի) դեռ պաշտոնական արձագանք չկա։

Կոշտ էր ՀՅԴ-ի հայտարարությունը, բայց Դաշնակցությունը խնդիր ունի դուրս գալու «կիսահղի» ընդդիմադրի կարգավիճակից։ Նալբանդյանի հրաժարականը պահանջելով՝ շատ առաջ չես գնա։ Բոլորն էլ գիտեն, թե իրականում ով է «սլանյոնոկը»։

Եթե   ՀԱԿ-ը,  ՀՅԴ-ն  և «Ժառանգությունը»  համագործակցության պլատֆորմներ  են առաջարկում միմյանց, որոնք  ավելի շուտ «Չհամագործակցության մասին ցանկություն» են հիշեցնում, ապա այժմ եկել է   ճշմարտության պահը։ Շատ հստակ դաշտ  կա, որի շուրջ կարելի է  համագործակցել՝ դա ապրիլի 22-ին և օգոստոսի 31-ին ընդունված փաստաթղթերի  վտանգների վիժեցման համատեղ գործունեությունն է։

Որպես համագործակցության պատրաստակամություն՝  ցանկալի կլիներ, որպեսզի  ՀԱԿ-ը  և «Ժառանգությունը» լիդերների մակարդակով մասնակցեին այսօր կայանալիք  ՀՅԴ-ի հրավիրած հանրահավաքին, իսկ սեպտեմբերի 18-ին  ՀՅԴ-ն  և «Ժառանգությունը» մաս կազմեին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին։ Հավակնությունները պետք է մի կողմ դրվեն, եթե, իհարկե, այս ուժերից որևէ մեկը չի գտնում, որ ողջունելի է ընդունված արձանագրությունը։

Այս երեք ուժերը կարող են հայտարարել, որ  համագործակցությունը  մարտավարական բնույթի  է, և իրենց համագործակցության պլատֆորմը ներառում  է մեկ կետ՝ «ֆուտբոլային» դիվանագիտության  վիժեցումն իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ։ Հետագա գործընթացներն արդեն ցույց կտան, թե որքանո՞վ  է  հնարավոր  այդ  3 ուժերի միասնական ընթացքը։ Ըստ իս՝ ռազմավարական առումով դա հնարավոր չէ, բայց մարտավարական տեսանկյունից նրանք պարտավոր են նշածս հարցի շուրջ մեկտեղել քայլերը։ Այլապես կստացվի, որ քաղաքական ուժերի պայքարը միայն իշխանության շուրջ է, ինչն արդեն գցում է քաղաքական պայքարի մակարդակը։

Անդրանիկ     Թևանյան

Հ.Գ.։ ՀՅԴ-ի տարածած թռուցիկներում նկատեցի, որ նրանք կրկին պահանջելու են արտգործնախարար Է. Նալբանդյանի հրաժարականը։ Դա, կներեք, արդեն սոլիդ չէ։ Մարդը նույնիսկ հարցազրույց տվեց ու ասեց, որ ինքը բան չի որոշում, այլ միայն կատարում է Սերժ Սարգսյանի հանձնարարությունները։ Վերջ։ Ի վերջո, ՀՀ Սահմանադրությամբ էլ արտաքին քաղաքական ուղեգծի պատասխանատուն ՀՀ նախագահն է։ Այսինքն, պահանջելուց պետք է «բիկա զա ռագա» անել։ Իսկ եթե այս պահին դա ինչ-ինչ պատճառներով նպատակահարմար չէ, ապա ավելի լավ է իզուր փոթորիկ չանել մեկ բաժակ ջրում։ Նալբանդյանը, համոզված եմ, հայ-թուրքական վերջին արձանագրություններին ծանոթացել է «Հայլուրի» եթերից՝ չնայած, որ հայտարարությունը տարածվել էր ԱԳՆ-ի լոգոտիպով։ Հետևաբար, Նալբանդյանի հրաժարականը պահանջելը, ինքներդ եք հասկանում, թե ինչ տպավորություն կթողնի։

Հ.Գ.-2։ Սերժ Սարգսյանի գործողությունների վտանգավորությունն այն է, որ նա իրեն միսիոներ է զգում։ Մարդուն թվացել է, թե ինքը բոլորից տարբերվում է իր խորաթափանցությամբ և ռիսկի դիմելով՝ կարող է փաթեթով լուծել բոլոր կնճռոտ հարցերը։ Սա արդեն «Գորբաչովի կոմպլեքս» կոչվածն է։

ՍՍՀՄ առաջին և վերջին նախագահ Գորբաչովը ծայրագավառից ժամանելով կենտրոն և ստանձնելով պետության ղեկավարի դերը՝ ուզում էր մեկ հարվածով լուծել դարի խնդիրները։ Լուծելը՝ լուծեց, բայց այն երկիրը, որն ինքը կառավարում էր, այլևս չկա։ Գորբաչովին էլ, ինչպես հիմա Սարգսյանին են խոստանում սահման-դռնակը բացել ու «անուշ-անուշ կաթ տալ», խոստացան, որ ՆԱՏՕ-ն կդադարեցնի իր գոյությունը, եթե Վարշավյան պայմանագիրը վերացվի, Բեռլինյան պատը քանդվի, և ՍՍՀՄ-ը գնա մարտագլխիկների միակողմանի կրճատման։ Գորբաչովն ամեն քայլի գնաց, բայց ՆԱՏՕ-ն չդադարեցրեց իր գոյությունը, այլ հակառակը՝ հիմա ընդհուպ մոտեցել է Ռուսաստանի սահմաններին։ Ահա՛ թե ուր կարող է հասցնել «նախաձեռնողականությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը