Հարցազրույց

19.06.2014 13:03


Վահե Հովհաննիսյան. «Հայաստանում իրականությունն արդեն փոխվել է ու շարունակելու է փոխվել»

Վահե Հովհաննիսյան. «Հայաստանում իրականությունն արդեն փոխվել է ու շարունակելու է փոխվել»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը iLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է վերջին երկու օրերին ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի կողմից քվորումի տապալման դեպքերին:

- Պարոն Հովհաննիսյան, ոչ իշխանական ուժերն ինչո՞ւ երկու օր է՝ ընտրում են քվորումը տապալելու ճանապարհը եւ, ՀՀԿ-ականների խոսքերով ասած՝ խանգարում խորհրդարանի բնականոն աշխատանքը:

- Ես կարծում եմ՝ այստեղ անիմաստ է փնտրել դավադրություններ եւ բարդ սցենարներ: Իհարկե, սա քաղաքական եւ քաղաքացիական դիրքորոշում է, որի առանցքը հետեւյալն է՝ ես եւ իմ գործընկերները չենք ուզում առանց օրինագծերը կարդալու, վերլուծելու, մասնագետների հետ խորհրդակցելու, հանրության կարծիքը լսելու՝ քվեարկել եւ այդպիսով խաղալ հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերի հետ: Սա ինչ-որ իմաստով նաեւ բեկումնային էր խորհրդարանի՝ որպես պետության կարեւորագույն ինստիտուտներից մեկի գործունեության համար: Մի օր պետք է դադարեցվեր կառավարության կողմից տասնյակ օրինագծերի՝ վերջին պահին ԱԺ ուղարկելու ավանդույթը եւ խորհրդարանը որպես բացառապես դակիչ մարմին տեսնելու միտումը: Այս գործելաոճը երկար տարիների պատմություն ունի: Ես կարծում եմ, որ ոչ իշխանական ուժերի՝ երեկվա ու այսօրվա քայլերը նաեւ կարելի է դիտել որպես ԱԺ ղեկավարության ու կառավարության հետ աշխատելաոճը փոխելու հարմար առիթ: Շատ հանգիստ կարելի է պայմանավորվել կառավարության եւ ԱԺ ղեկավարության հետ՝ աշխատանքի նոր սկզբունքների շուրջ, ինչու չէ՝ եթե պետք է, կարելի է գնալ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխության:

- Ի՞նչ նկատի ունեք, ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն գործունեության սկզբունքներում ու ԱԺ կանոնակարգում:

- Նկատի ունեմ՝ հստակ ընթացակարգերի սահմանում, որը կբացառի, բառիս բուն իմաստով՝ քվեարկությունից րոպեներ առաջ օրինագծերի բաժանումն ու դրանց քվեարկությունները՝ առանց ծանոթանալու: Սա նաեւ մարդկայնորեն վիրավորական է:

- Իսկ արդյո՞ք մեծամասնությունը չունի անհրաժեշտ ձայներ՝ առանց ոչ իշխանական ուժերի՝ հին գործելաոճով առաջ գնալու համար:

- Իհարկե, զուտ քանակական մասով ունի, եւ մեծ ջանքերի գնով կարող է ապահովել իր համար անհրաժեշտ ձայներ: Բայց սա քաղաքական մտածելակերպ չէ: Հայաստանում իրականությունն արդեն փոխվել է ու շարունակելու է փոխվել: Եթե իշխանությունները գնան ձեր ասած ճանապարհով ու անտեսեն նոր իրականությունը, ապա սա կհանգեցնի խորհրդարանական ու քաղաքական ճգնաժամի: Մեր դրած հարցերը շատ տրամաբանական եւ ընկալելի են:

Արման Գալոյան

Այս խորագրի վերջին նյութերը