Հարցազրույց

27.06.2014 13:43


Ռոբերտ Նազարյան. «Կգաք՝ կտեսնեք, թե ինչպես կքվեարկեմ»

Ռոբերտ Նազարյան. «Կգաք՝ կտեսնեք, թե ինչպես կքվեարկեմ»

iLur.am-ի զրուցակիցն է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը

- Պարոն Նազարյան, ՀԾԿՀ-ն նախատեսել է 3,85 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները: Այս ընթացքում միշտ հնչել է հարց, որ եթե ՀԷՑ-երը մոտ 20 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք ունեն, ինչո՞ւ պետք է մասնավոր ընկերության վատ աշխատանքի հետեւանքներով առաջացած խնդիրը լուծվի ՀՀ քաղաքացիների գրպանի հաշվին:

- Որեւէ ձեւով, որեւէ ընկերության վատ աշխատանքի արդյունքը ես չեմ կարող սակագնի վրա բեռ դարձնել: Դրանք այն վնասներն են, որ նրանք կրել են սակագնային մարժայում նախատեսված մեծությունների կանխատեսումների տարբերության ժամանակ, եւ նաեւ այն խնդիրներն են, որ նոր են առաջացել՝ պայմանավորված վարկային միջոցների ժամանակացույցով գումարի մարման անհրաժեշտությամբ: Չեն կարող որեւէ ընկերության վատ մենեջմենթի արդյունքներն ազդեցություն ունենալ սակագնի վրա: Չկա նման բան: Մենք ընդամենը ամրագրել ենք այն ճեղքվածքը, որ առաջացել է նախորդ սակագնային հաշվարկներում, կանխատեսումների մեծությունները չապահովելու ժամանակ: Եվ մենք ասել ենք, թե որոնք են եղել պատճառները՝ սակավաջուր լինելը, ատոմակայանի՝ ցանցին ուշ միանալը: Արդյունքում՝ ՀԷՑ-երը կրել են 16.3մլրդ դրամի վնաս: Դա վատ աշխատանքի արդյունք չէ, դա ֆորս-մաժորային իրավիճակների հետեւանք է: Որեւէ մեկը չէր սպասում, որ ատոմակայանը նախատեսվածից 88 օր ավելի կկանգնի: Նախկինում կանգնել է 1 օր, 2 օր, բայց ոչ 88 օր: Արդյունքում՝ մենք ստացել ենք հոսանք Հրազդան ՋԷԿ-ից:

- Հնարավո՞ր է՝ սկզբում հայտարարեք, որ ցանկանում եք 3.85 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, բայց հետո բարձրացնեք ավելի քիչ՝ տպավորություն ստեղծելով, թե իշխանությունները հօգուտ ժողովրդի քայլ արեցին:

- Ես չեմ կարող հիմա նման բան ասել: Կառավարությունը եթե կգտնի 17,9 մլրդը, կտրամադրի՝ դա այլ հարց է: Բայց այս պահին ես նման պաշտոնական տեղեկատվության չեմ տիրապետում: Այս պահին որեւէ մեկը պաշտոնական, գրավոր չի դիմել ինձ, ոնց եղավ անցյալ տարի գազի դեպքում:

- Հնարավո՞ր է՝ առաջիկայում կառավարությունը դիմի ձեզ:

-Չեմ կարող ասել, իրենց հարցրեք:

- Հիմա, այսքանից հետո դուք ո՞նց եք քվեարկելու. կրկին կո՞ղմ եք լինելու թանկացումներին:

- Աշխատակազմին ներկայացված նախագիծը դեռեւս քննարկումների փուլում է: Այդ օրը կգաք՝ կտեսնեք, թե ինչպես կքվեարկեմ: Այսօր որեւէ բան չեմ կարող ասել: Հանձնաժողովում 5 անդամ ենք, յուրաքանչյուրս ունենք մեկ ձայնի իրավունք, եւ այդ օրը պարզ կլինի, թե ես ոնց եմ քվեարկել:

Մանրամասները՝ iLur.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը