Հարցազրույց

04.08.2014 15:20


Արմեն Պողոսյան. «Անճարակ ղեկավարությանը Սահմանադրությունը չի օգնի»

Արմեն Պողոսյան. «Անճարակ ղեկավարությանը Սահմանադրությունը չի օգնի»
Հարցազրույց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի հետ
–Ինչպե՞ս կմեկնաբանեք էլեկտրաէներգիայի թանկացումը և դրա հետևանքները։
–Գոյություն ունի հաշվարկ, ըստ որի՝ լույսի թանկացումը ամեն ընտանիքի համար կարժենա մոտ 10 ՀՀ, բայց այդ հաշվարկը մեզ համար հիմք չէ, որովհետև այդտեղ կան շատ հետևանքներ. այդ բոլոր ապրանքների մեջ կա էներգիայի մաս՝ իրենց գնագոյացման մեջ։ Օրինակ՝ սննդում դա 20-30 % է, և բնականաբար, կանդրադառնա այդ ապրանքների ու ծառայությունների գնի վրա՝ սկսած տրանսպորտից։ Օրինակ՝ ցեմենտի գործարաններից մեկն արդեն սնանկացել է։ Ես անձանբ գիտեմ մի քանի մարդու, որոնք ինձ դիմել ու ասել են, որ ձմեռը գազի սպառումից կա՛մ չեն տաքանում, կա՛մ պարտքերի մեջ են խրվում. չեն կարողանում վճարել։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կապ ունի գազը հոսանքի հետ, նշեմ, որ մեր հոսանքի մոտ 30 տոկոսը հենց գազից է ստացվում։ Ե՛վ մեկն է թանկանում, և՛ մյուսը։ Հիմա ես խոսում եմ ոչ միայն լույսի թանկացման մասին, այլ ընդհանրապես թանկացումների մասին։ Թանկացումները փոխկապակցված են և հաջորդում են միմյանց։
–Կարո՞ղ ենք փաստել, որ դա ոչ արդյունավետ կառավարման մասին է խոսում։
–Ես հենց դրա մասին եմ խոսում։ Այժմ մենք խոսում ենք էլեկտրաէներգիայի մասին, բայց էլեկտրաներգիան էներգիայի տեսակներից մեկն է։ Մեր երկրում գործում է կարկատանային եղանակը։ Կասկադը վաճառեցին, հետո թանկացրեցին... կարկատանային մեթոդներ են, իսկ լուծման ճանապարհը չկա, ես չեմ տեսնում։ Առաջին հերթին մենք պետք է մտածենք ոչ թե թանկացման դեմ պայքարելու, այլ կոմպենսացնելու մասին։ Այդ ճանապարհներից երկուսը նշեմ։ Առաջին՝ դիֆերենցված սակագին։ Վերջերս Ռուսաստանի սոցնախարարը հնչեցրեց այն միտքը, որը ես 97 թվականինց ամեն օր ասում եմ։ Կա մարդ, որ ունի 8–սենյականոց բնակարան, և կա մարդ, որն իր գոյությունը մի կերպ պաշտպանում է մեկ սենյակում։ Ինչո՞ւ պետք է երկուսը նույն սակագնով վճարեն, եթե բարի լինեն՝ դղյակատեր հարուստները բարձր սակագնով վճարեն, այն մյուսի համար էժան կնստի։ Երկրորդ՝ մենք ունեցել ենք էլեկտրական հոսանքով գործող տրանսպորտ, հիմա չունենք։ Փոխանակ զարգացնենք այդ տրանսպորտը և այդ էներգիան ռացիոնալ օգտագործենք, մենք այն ֆիզիկապես ոչնչացնում ենք ու ներկրում ենք բենզինով աշխատող փոխադրամիջոցներ՝ թանկացնելով տրանսպորտը։ Մի հավելում ևս։ Մեր երկրի նախագահն ուներ որոշում 2012 թվականին, ըստ որի՝ որոշ գերատեսչությունների հանձնարարված էր հայթայթել միջոցներ՝ ՀՀ մասնաբաժինը «Հայռուսգազարդում» բարձրացնելու։ Չկատարված որոշում է։ Մենք ունեինք 45%, հետո ունեցանք 20%, իսկ հիմա՝ 0։ Նախագահի չկատարված որոշումն անհեթեթություն է, նման բան չի լինում։ Նախագահը շատ հստակ էր տվել՝ հայթայթել միջոցներ, որ մեր բաժնեմասը բարձրանա։
–Այսինքն, մեզ այսօր առաջին հերթին անհրաժեշտ են սոցիալ-տնտեսական փոփոխություններ, մինչդեռ իշխանությունը փորձում է գնալ սահմանադրական փոփխությունների։
Անճարակ ղեկավարությանը Սահմանադրությունը չի օգնի։ Ավելի գրագետ ղեկավարություն է պետք։ Այսինքն, տնտեսական կուրսի մասին է, այն ավելի գրագետ վարելու։ Ի՞նչ կապ ունի Սահմանադրությունը։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը