Հարցազրույց

03.09.2014 12:31


Արտակ Գաբրիելյանը՝ Նինոծմինդայի սահմանակետում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Արտակ Գաբրիելյանը՝ Նինոծմինդայի սահմանակետում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ջավախքի Հայ Համայնքը ներկայացնում է Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի հետ հարցազրույցը, օրերս Նինոծմինդայի սահմանակետում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: (Հարցազրույցը վարեց Էդուարդ Այվազյանը):
-Օրերս լուրեր շրջանառվեցին, որ Վրաստանից Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու ժամանակ, Նինոծմինդայի անցակետում Ձեզ բերման են ենթարկել Ախալքալաքի շրջանային ոստիկանություն, կասեք` ի՞նչ է տեղի ունեցել:
- Օգոստոսի 28-ին, ժամը 7:30-ի սահմաններում էր, ես Նինոծմինդայի անցակետում էի գնում էի Հայաստանի Հանրապետությունը: Այնտեղ հերթ էր, եւ բոլորն էլ սպասում էին, ասեմ, որ այդ օրը կարծես թե դանդաղ էին գրանցումները կատարում` պատճառաբանելով, որ համակարգիչներում նոր ծրագիր է տեղադրված եւ համակարգիչները դանդաղ են աշխատում: Այնուհետեւ աշխատակիցներից մեկը հայտարարեց, թե համակարգիչները լավ չեն աշխատում, պետք է սպասել: Այդ ընթացքում ինձ մոտեցավ Նինոծմինդայի շրջանային ոստիկանության աշխատակիցը եւ ասաց, որ ինձ պետք է տանի բաժին, ինչ-որ օպերատիվ ինֆորմացիա ունեն, եւ նստեց իմ մեքենայի ղեկին ու տարավ Ախալքալաքի ոստիկանություն:
-Դուք ճանապարհին, գնալու ընթացքում, ոստիկանին հարցրի՞ք, թե ինչո՞ւ է Ձեզ տանում բաժին:
- Հարցրի, ասաց, որ ինքն ընդհանրապես տեղյակ չէ, իրեն զանգել են Ախալցխայից:
-Իսկ Ախալքալաքի ոստիկանությունում Ձեզ ի՞նչ հարցեր տվեցին, եւ ինչպե՞ս էին վերաբերվում Ձեզ:
-Հարցրեցին, թե մեքենայի մեջ ի՞նչ կա, մեքենաս դատարկ էր, հետո էլ ասեցին իբր թե թյուրիմացություն է եղել, շփոթել են մեքենայի պետհամարանիշը: Ես դիմելու եմ ոստիկանություն պաշտոնական պատասխան ստանալու համար: Ինձ հետ շատ նորմալ եւ կուլտուրական էին վերաբերվում:
-Կարո՞ղ է այս ամենը կապված լինի Ձեր քաղաքական գործունեության հետ:
- Մեր քաղաքական գործունեությունը, որը որ խորհուրդն իրականացնում է, բխում է Վրաստանի շահերից, մենք հակաօրինական, հակապետական ոչ մի գործողություն չենք իրականացնում, խնդիրներ կան որոնց մասին բարձրաձայնում ենք եւ առաջարկում ենք դրանց լուծման եղանակները, մենք այս երկրի թշնամիները չենք, թշնամիները կամ չուզողները նրանք են, ովքեր փորձում են կոծկել եղած խնդիրները:

Այս խորագրի վերջին նյութերը