Քաղաքական

16.09.2014 19:25


Երվանդ Բոզոյան. «Կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց չեն շահի ո՛չ գործող նախագահը, ո՛չ երկիրը»

Երվանդ Բոզոյան. «Կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց չեն շահի ո՛չ գործող նախագահը, ո՛չ երկիրը»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը վստահ է, որ հայաստանյան ներկա պայմաններում կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց չեն շահի ո՛չ գործող նախագահը, ո՛չ երկիրը։

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության հրավիրած «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ նա հասկանալի է համարել Սահմանադրությունը փոխելու և այդ ճանապարհով իր դիրքերն ամրապնդելու գործող նախագահի ցանկությունը. ողջ աշխահում է նմանատիպ գործընթաց տեղի ունենում, նույնը փորձեց անել նաև Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, բայց չստացվեց։

–Կայացած դեմոկրատական բոլոր երկրներում հաստատված է կառավարման պառլամենտական համակարգը, քանի որ այն ավելի շատ է արտահայտում հասարակության տեսակետները։ Իսկ անցումային փուլում գտնվող երկրներում անխուսափելի է կիսանախագահական կառավարման համակարգը, որին պետք է անցնել զարգանալուց հետո։ Վերջին 5–6 տարիներին Հայաստանում ոչ թե ամրապնդվեցին միջին խավը, քաղաքացիական ինստիտուտները, քաղաքական կուսակցությունների դերը, այլ նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ հետզարգացում արձանագրվեց բոլոր ուղղություններով,–ասել է Ե. Բոզոյանը՝ հավելելով, որ այդ տարներին մեր երկիրը ոչ թե մոտեցավ կառավարման պառլամենտական համակարգին, այլ՝ հեռացավ։

–Եվ եթե գործող նախագահը հիմա փորձի պրակտիկորեն կիրառել կառավարման խորհրդարանական համակարգը, արդյունքը կլինի վրացական օրինակով, և դրանից ո՛չ անձամբ ինքը կշահի, ո՛չ պետությունը։ Երբ կուսակցական համակարգը կայացած չէ (իսկ Հայաստանում կայացած չէ), ձևավորվող իշխանությունը կլինի ոչ թե անձնիշխանություն, այլ կուսակցական իշխանություն։ Եվ որպեսզի այն մյուս քաղաքական ուժերին փորձի իր տակ վերցնել, կգնա մի այլանդակ քաղաքական առևտուր՝ պառլամենտը կդառնա քաղաքական բորսա, որտեղ կվաճառվեն և կգնվեն քաղաքական գործիչները, իսկ իշխանությունն էլ կլինի շատ թույլ,– ասել է քաղաքագետը։

Ե. Բոզոյանի համոզմամբ՝ այս փուլում Հայաստանում իսկապես պետք է կիսանախագահական կառավարման համակարգը գործի, որով պետք է ավարտել բարեփոխումների մի փուլ՝ ուժեղացվի կուսակցությունների դերը, անցում կատարվի 100 % համամասնական ընտրություններին, մեծացվի ընդդիմության դերակատարումը խորհրդարանում, ինչպես նաև հզորանա տնտեսությունը, որպեսզի հիմք ստեղծվի հետագայում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու համար։

–Այս համակարգերի զարգացումից հետո նոր կարելի է անցնել պառլամենտական կառավարման համակարգին։ Իսկ այս պայմաններում դա կբերի նրան, որ կա՛մ ՀՀԿ–ն կփորձի վերարտադրվել, բայց չի հաջողի, կա՛մ կհաղթի մեկ այլ քաղաքական ուժ, որը վաղ թե ուշ կդառնա նույն Հանրապետականը, և իրավիճակը ոչնչով չի տարբերվի նախկինից։ Այն մարդիկ, ովքեր խորհուրդ են տալիս գործող նախագահին, վերջում արջի ծառայություն են մատուցելու նրան, քանի որ դրանից չեն շահելու ո՛չ նա, ո՛չ երկիրը,–նշել է Ե. Բոզոյանը։

Նրա խոսքերով՝ քաղաքական ուժերը և իշխանությունը կարող էին կոնսենսուսի գալ և լուրջ բարեփոխումներից հետո դեկլարացիա ընդունել, որ հերթական կամ արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններից հետո բոլոր քաղաքական ուժերը հայտարարում են կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու մասին։

–Իսկ այս պարագայում նույնիսկ այն մարդիկ, ովքեր այս պահին խորհրդարանական համակարգի կողմնակից են, դեմ կլինեն դրան, քանի որ մարդիկ տեսնում են, որ դա վերարտադրության համար է արվում,–ասել է Ե. Բոզոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը