Մեկնաբանություն

14.09.2009 12:42


Ամեն կլոր բան դեռ ընկույզ չէ կամ նորից հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների մասին

Ամեն կլոր բան դեռ ընկույզ չէ կամ  նորից  հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների մասին

Ես արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ հայ-թուրքական արձանագրությունները սխալաշատ և թերի փաստաթղեր են: Ամեն  ընթերցելիս մի նոր թերություն է ի հայտ գալիս: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրության տասերորդ կետը նախատեսում է «դիվանագիտական առաքելությունների փոխանակում» (to exchange Diplomatic Missions). Առերես անշառ ձևակերպում է: Սակայն մասնագիտական քննությունը ցույց  է տալիս, որ այն հղի է հետագա լրջագույն բարդություններով: Սույն ձևակերպումը չի հստակեցնում, թե այդ առաքելությունները ի՞նչ մակարդակի պետք է լինեն: Այս անորոշությունը, ցանկության դեպքում, հնարավորություն կտա Թուրքիային de jure հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, de facto դրա արդյունավետությունը մոտեցնել զրոյի: Մենք հո՞ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չենք հաստատում, որ Երևանի կենտրոնում ծածանվի թուրքական դրոշը: Մենք դա անում ենք, որպեսզի երկու երկրներն ունենան հնարավորություն  առկա խնդիրները միմյանց պաշտոնապես ներկայացնելու և գործնական լուծումներ տալու համար: Արձանագրության մեջ չհստակեցնելով դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը, մենք այդ գործընթացն էապես սահմանափակելու հնարավորություն ենք տալիս: Օրինակ, Թուրքիան կարող է «դիվանագիտական առաքելություն» բացել Երևանում և հավատարմատար նշանակել մի երրորդ քարտուղարի: Այս պարագային մենք Երևանում կունենանք դիվանագիտական փոստի թուրքական  ընդունման կետ միայն: Միևնույն ժամանակ Թուրքիան հավատարմագրելով հայ դիվանագետ/ներ/ի Անկարայում, կարող է մերժել Հայաստանի Հանրապետության դեսպանի հավատարմագրումը, պատճառաբանելով, որ նման բան չի նախատեսված արձանագրությամբ:

Տեսնենք ի՞նչ նախադեպեր ունենք այս հարցում: Օրինակ, Ուկրաինայի հետ Թուրքիայի դիվանագիտական հարաբերություններ  հաստատող արձանագրությունը [3 փետրվարի 1992թ.] ամրագրում է «փոխանակել դիվանագիտական առաքելություններ դեսպանությունների մակարդակով» (to exchange diplomatic missions at the level of embassies):[1] Այսինքն, ստեղծվում է իրավական հիմք և պարտավորություն արտակարգ և լիազոր դեսպանների  հավատագրման համար, քանի որ երկկողմ հարաբերություններում դեսպանի կողմից գլխավորվող դիվանագիտական առաքելությունն է կոչվում դեսպանություն□:

Ամերիկայի հետ հարաբերություններում թուրքերն ավելի առաջ են գնացել: Երբ 1927թ. փետրվարի 17-ին, նոտաների փոխանակման ճանապարհով, ԱՄՆ և  Թուրքիան հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ, ապա նաև պարտավորվեցին հնարավորինս արագ  ձեռնամուխ լինել դեսպանների նշանակմանը: (to proceed to the appointment of Ambassadors as soon as possible.[2]Սա բխում էր Թուրքիայի շահերից, քանի որ Սենատում թուրք-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ընդդիմացող մեծաթիվ խումբ կար: Այսինքն, Թուրքիան հեռու էր նայում և նման ձևակերպմամաբ իրեն ապահովագրեց, որ ապագայում Սենատը չկարողանա մերժել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկանածությունը, ինչպես նաև առարկել Թուրքիայի դեսպանի ժամանմանը Վաշինգտոն:

Եթե դիվանագիտական հարաբերություններ հաստատելու  արձանագրությունը կնքվելու լիներ մեկ այլ երկրի հետ, գուցեև այդքան անհանգստանալու կարիք չէր լինի: Սակայն Թուրքիայի հետ  պատմական փորձը մեզ մղում է հնարավորինս հաշվենկատ և հեռատես լինելու:

Այո, դեսպանությունը դիվանագիտական առաքելություն է, սակայն ամեն դիվանագիտական առեքելություն դեռ դեսպանություն չէ: Տեղին է հիշել պարսիկի խոսքը «Գերդու գերդ ասթ ամմա հար գերդի  գերդու նիստ (Ընկույզը կլոր է, սակայն ամեն կլոր բան ընկույզ չէ)»։

Արա Պապյան


[1] United States, Treaty Series, vol. 1711, I-29601, New York, 1993,  p. 209.

[2] Papers Relating to the Foreign Relations of the United States, 1927, v. III, Washington, 1942, p. 794.

Այս խորագրի վերջին նյութերը