Հարցազրույց

22.09.2014 19:19


Երվանդ Բոզոյան. «Հայաստանն անկայուն պետություն է դարձել սեփական ժողովրդի համար»

Երվանդ Բոզոյան. «Հայաստանն անկայուն պետություն է դարձել սեփական ժողովրդի համար»

Ներկայացնում ենք Nyut.am-ին տված քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հարցազրույցը

- Պարո´ն Բոզոյան, ի՞նչ կարծիքի եք` հասարակությունը դո՞ւրս է եկել թմբիրից և ավելի լրջորե՞ն է մոտենում այս հարցին, թե՞ ոչ:
- Ոչ, որովհետև հասարակությունը նման տիպի քննարկումների մեջ է մտնում, եթե քաղաքական վերնախավը, հասարակական շրջանակները այդ ուղղությամբ կոնստրուկտիվ քննարկումներ են տանում: Այսօր մեր քաղաքական և հասարակական վերնախավերը մեծ հաշվով պատրաստ չեն կոնստրուկտիվ քննարկումներ տանել արտաքին քաղաքականության շուրջ, իսկ պետությունն էլ արտաքին քաղաքականության հստակ ուղեգիծ չունի, ինչի ապացույցը մեկ գիշերվա մեջ կատարած 180 աստիճանի կտրուկ փոփոխությունն էր: Սա նշանակում է, որ չկան պետական ինստիտուտներ, որոնք ի ցույց կդնեն, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Այս մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում արտաքին քաղաքականություն. նրանց մոտ այդ ինստիտուտը գոյություն չունի: Հայաստանն անկայուն պետություն է դարձել սեփական ժողովրդի համար, դրսի գործընկերների համար. ոչ մեկն այլևս չի վստահում Հայաստանին` որպես ինքնուրույն որոշումներ կայացնելու ընդունակ երկրի: Բայց այստեղ մեղավոր են ոչ միայն իշխանությունները, այլև ընդհանուր քաղաքական վերնախավը, իսկ հայ ժողովուրդը մեծ հաշվով գնում է վերնախավի հետևից, լսում է քաղաքական վերնախավի կարծիքը, որը նրան տանում է այս կամ այն ուղղությամբ:
- Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները, ուկրաինական իրադարձությունները կարո՞ղ են խանգարել ԵՏՄ-ի կազմավորմանը և, բնականաբար, Հայաստանի` դրա մի մաս կազմելուն:
- Բնականաբար, արդեն իսկ խանգարում են: Եվրամիության կողմից որդեգրված արևելյան գործընկերության քաղաքականությունը լավ մշակված քաղաքականություն չէր: Նրանք նպատակ ունեին հետխորհրդային երկրներին իրենց արբիտայի մեջ մտցնել` առանց հաշվի առնելու Ռուսաստանի շահերը: Ռուսաստանն էլ, տեսնելով, որ իր քթի տակից փորձում են փախցնել նախկին խորհրդային միության երկրներին, որպես պատասխան սկսեց ձևավորել Եվրասիական տնտեսական միությունը: Կարծում եմ, այս տարածքում ինտեգրացիոն կառույց ձևավորելը հնարավոր է և լավ բան է, քանի որ մեկուսացման մեջ ապրելով` հնարավոր չէ բարեկեցության հասնել, բայց դա երկար ժամանակ պահանջող գործընթաց է: ԵՄ-ն երկար ճանապարհ անցավ, մինչև որ դարձավ կառույց:
- ԵՏՄ-ի կազմավորման հարցում Ռուսաստանը շտապողականությո՞ւն է ցուցաբերում:
- Միության կայացման համար պետք է ռեալ տնտեսություններ զարգացնել: Այսօր Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ադրբեջանում ռեալ տնտեսություններ չկան: Հայաստանում կա առևտուր, սննդամթերքի արտադրություն, բանկային համակարգ, բայց լուրջ արտադրություն չկա: Դրությունը նույնն է նաև Ռուսաստանում և Ադրբեջանում: Ռուսաստանի տնտեսությունը հիմնված է էներգետիկ ոլորտի` գազի, նավթի արտադրության վրա: Ռուսաստանի համախառն ներքին արդյունքի մոտ 80 տոկոսը այդտեղից է գալիս, իսկ Ադրբեջանի բյուջեն էլ հավաքվում է նավթադոլարներից: ԵՏՄ-ն պետք է կազմավորվի Սովետական միության մոդելով, պարզապես միայն շուկայական հարաբերությունների, տնտեսության մակարդակով: Ինտեգրացիայի պահ դեռ չի հասունացել, բայց Ռուսաստանը գնաց ֆարսիրովկայի, որովհետև տեսավ, որ Արևմուտքն ուզում է իր ձեռքից տանել այն, ինչ կարող է իրենը լինել: Ռուսաստանին պարտադրեցին, որ ստեղծի ԵՏՄ, այլապես իր հնարավոր դաշնակից երկրները կդառնային ԵՄ մի մասը: Սա Արևմուտքի կողմից դեստրուկտիվ քաղաքականություն է, որից ոչ մեկը մեծ հաշվով չի շահում, պարզապես Արմուտքում որոշումներ կայացնելիս բացարձակապես հաշվի չեն առնում ուրիշների շահերը: Ի տարբերություն Արևմուտքի, Ռուսաստանն ավելի շուտ պաշտպանվող է, գոնե իր շահերը Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում չի տեսնում. ինքն իր հարևանների շրջանակներում է ձգտում իր շահերը պաշտպանել:
- Այս համատեքստում ի՞նչ կարող էին կամ պետք է անեն Հայաստանի իշխանությունները:
- Նախկին իշխանությունները ԵՄ-Ռուսաստան ստաբիլ վիճակը պահելու առումով ավելի ճիշտ քաղաքականություն էին վարում, հետո այս իշխանությունները որոշեցին, որ ավելի ակտիվ, ավելի «խելոք» քաղաքականություն են ուզում վարել` սկզբից սկսեցին արևմտամետ դառնալ, իսկ Ռուսաստանն այդ պատճառով ջղայնացավ, զենք վաճառեց Ադրբեջանին, ռազմական պայմանագիր կնքեց, գազի գինը բարձրացրեց: Փոխարենը պարզվեց, որ Արևմուտքը պատրաստ չէ օգնել Հայաստանին, և Հայաստանին այլ բան չէր մնում, քանի կրկին Ռուսաստանի գիրկն ընկնելը: Հայաստանի քաղաքական վերնախավը լուրջ մակարդակի հայեցակարգ, պատկերացումներ, աշխարհայացք չունի, չի հետևում զարգացումներին և չգիտի ինչ անել:
- Պուտինը հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանն ի վերջո կդառնա ԵՏՄ անդամ, բայց ներկայիս պայմաններում կարելի՞ է ենթադրել, որ ինտեգրացիոն գործընթացը նորից կհետաձգվի:
- Ռուսաստանը մշտապես հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանին ընդունել, բայց գաղտնիք չէ, որ Հայաստանը, նախկինում իր վարած սխալ քաղաքականության պատճառով, պարտադրված է գնում այս ճանապարհով: Արդյունքում՝ Հայաստանը վախեցած վիճակում հայտնվել է Ռուսաստանի գրպանում, որը նկատելի է ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի համար: Իսկ երբ որ վախեցած ես, իմիջդ էլ է ընկնում, և դու արդեն գործոն չես: Եթե քո վախը բռնել են արդեն և մի բան էլ բարկացած են քո վրա, քո մասին կարող են ընդհանրապես մոռանալ:
Հարցազրույցը` Անի Ռափյանի

Nyut.am

Այս խորագրի վերջին նյութերը