Քաղաքական

13.10.2014 15:04


Նիկոլ Փաշինյանը «լղոզեց» սահմանադրական փոփոխությունների մասին հարցի պատասխանը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը «լղոզեց» սահմանադրական փոփոխությունների մասին հարցի պատասխանը (տեսանյութ)

Այսօր՝ «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման մամուլի ասուլիսի ժամանակ, «7օր»–ն այդ միավորման կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։

–Մենք պետք է հասկանանք, որ երբ Սերժ Սարգսյանը և մյուս ուժերն ասում են Սահմանադրության փոփոխություններ, իրենք բոլորովին ուրիշ բան նկատի ունեն, և դա, ըստ էության, քաղաքական մեծ աֆյորա է, և ոչ ուրիշ բան։ Այսինքն, խնդիրը հետևյալն է՝ սահմանադրական փոփոխությունը մի պրոցես է, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում անընդհատ տեղի է ունենում, բայց էս պահին Սերժ Սարգսյանը երբ խոսում է սահմանադրական փոփոխությունների մասին, ինքը չի՛ խոսում սահմանադրական փոփոխությունների մասին,–ասել է Ն. Փաշինյանը՝ հավելելով, թե իրենք գիտե՛ն՝ Սերժ Սարգսյանն ինչի մասին է խոսում.

–Մենք ընդհանրապես հրաժարվում ենք քննարկել էդ «սահմանադրական փոփոխություններ» ասվածը, որովհետև, կներեք, մենք համաձայն չենք, որ Սերժ Սարգսյանը և մյուսները հանրությանը փորձեն դարձնել իրենց աֆյորայի զոհը, – թեման ամփոփել է Փաշինյանը։

Անդրադառնալով հոկտեմբերի 10–ին Ազատության հրապարակում ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» կողմից հրավիրված հանրահավաքին՝ Ն. Փաշինյանը հայտարարել է, թե պարզ դարձավ՝ «եռյակը» հեղափոխություն չի անելու, վերջնագիր չի ներկայացնելու. սպասում են իշխանության առաջարկներին։ իսկ ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից հեղափոխություն անելու հնարավորությանը, նա ավելացրել է. «Իշխանափոխության մեր նախընտրած տարբերան այն է, որը տեղի է ունենում որպես իշխանափոխություն»։

«7օր»–ի հարցին՝ եթե այսօր փաշինյանենք հանրահավաք հրավիրեն, քանի՞ մարդ կհավաքեն հրապարակում՝ ի տարբերություն «եռյակի» բազմամարդ հանրահավաքին, Փաշինյանը պատասխանել է.

–Եթե մենք հանրահավաք անենք, դուք կտեսնեք, թե ինչքան մարդ կգա հրապարակ. ես ձեզ հավաստիացնում եմ։

Սակայն թե ե՞րբ է «Քաղաքացիական պայմանագիրը» հանրահավաք հրավիրելու, Փաշինյանն այդպես էլ չի պատասխանել.

–Մենք խոսում ենք քաղաքական նոր օրակարգի և նոր հարթակի ձևավորման մասին։ 20 տարի Հայաստանում խոսել են իշխանափոխության մասին և միա՛յն խոսել են իշխանափոխության մասին։ Եղել են հանրահավաքներ, եղել են շատ ավելի մեծ հանրահավաքներ, եղել են հուժկու բազմաթիվ հանրահավաքներ, բայց դրանք բոլորը չեն հանգեցրել իշխանափոխության։ Մեր պատկերացրած իշխանափոխությունն այն է, որը կայանում է։ Մենք խնդիր ենք տեսնում, որ պետք է լինի նոր հարթակ, նոր օրակարգ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ներգրավված լինի այդ պրոցեսի մեջ։ Նոր քաղաքական ծրագիր, նոր քաղաքական թիմ, նոր քաղաքական օրակարգ և նոր քաղաքական մոտեցում, որի շրջանակներում ոչ թե խոսում են իշխանափոխության մասին, այլ իրականացնում են իշխանափոխություն։

«7օր»–ի դիտարկմանը՝ փաստորեն, մինչ «Քաղաքացիական պայմանագրի» հնարավոր հեղափոխությունը Սերժ Սարգսյանն իր աթոռին մնալու դեռ շատ երկար ժամանակ ունի, և ստացվում է՝ «էշ մի սատկի՝ գարուն կգա» տարբերակ, Ն. Փաշինյանը նախ պապանձվել է, հետո՝ պատասխանել. «Իսկ, կներեք, ձեր հարցի մեջ ո՞ւմ է վերաբերում այդ պիտակը, մակդիրը»։

Հստակեցումից հետո, որ այդ պիտակը պետք չէ՝ որևէ մեկն իր վրա վերցնի, քանի որ դա երևույթին էր վերաբերում, ոչ թե, ասենք, Փաշինյանին, նա նշել է.

–Չերչիլը գիտե՞ք՝ ինչ է ասել։ Ասել է՝ լավն է այն քաղաքական գործիչը, ով ասում է, թե ինչ տեղի կունենա մեկ տարի հետո, և բացատրում է, թե ինչու դա տեղի չունեցավ։ Մենք գործում ենք այնպես, ինչպես գործում ենք։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը