Քաղաքական

16.10.2014 13:59


Ս. Ավետիսյան. «Ովքեր երկիրը թալանել և գնացել, դեսպան են աշխատում, պետք է պատասխան տան»

Ս. Ավետիսյան. «Ովքեր երկիրը թալանել և գնացել, դեսպան են աշխատում, պետք է պատասխան տան»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Համերաշխություն» կուսակցության ղեկավար Սարգիս Ավետիսյանն անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ մեկնարկած համազգային շարժմանը՝ շեշտել է՝ «եռյակի» ղեկավարությունը շատ կազմակերպված և ծրագրված է այդ ամենն անում։

Ավետիսյանի խոսքերով՝ երկրում առկա են զարգանալու հնարավորությունները, բայց խեղդում են, ճնշում թե՛ դրսից, թե՛ ներսից։

Հարցին՝ այն, որ գաղափարական տարբեր ուժերի միավորել է ոչ թե հանուն, այլ ընդդեմ գաղափարը, արդյոք չի՞ հանգեցնի «եռյակի» պառակտման, բանախոսը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ «եռյակն» իսկապես ստեղծված է «հանուն»... Սա «ընդդեմ» չի. գոնե «Բարգավաճ Հայաստանի» ելույթները, ծրագրերը երբ տեսնում ենք, նրանք ընդդեմ չեն, նրանք հանուն են։ Մենք «հանուն»–ի կողմնակից ենք, մենք ընդդեմ չենք։ Հանրապետական կուսակցության անդամներին պատերի տակ չենք գնդակահարելու։ Մենք դրան դեմ ենք։ Տպավորությունն այնպիսին է, կամ այնպես են տարածում կուսակցական ակտիվում, որ հենց իշխանափոխություն լինի, կամ ընդդիմության հետ մենք գնանք ինչ–որ համատեղ քայլերի, պատերի տակ գնդակահարելու են։ Ոչ ոք ոչ ոքի չի գնդակահարելու»։

Սակայն, ըստ Ավետիսյանի, այլ հարց է, որ բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ են կատարել, երկրին վնաս տվել, թալանել և գնացել, դեսպան են աշխատում, պետք է պատասխան տան։

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, նա նշել է, որ «Սահմանադրությունը բացարձականապես չի խանգարում Հայաստանի նորմալ զարգացմանը»։
«Համերաշխության» ղեկավարի խոսքերով՝ բոլորին էլ պարզ է՝ ինչ նպատակով են արվում սահմանադրական փոփոխությունները, և ատելության մթնոլորտում չի կարելի Սահմանադրություն ընդունել.

«Իսկ համերաշխությանը մենք դեռ չենք հասել։ Մենք այսօր տեսնում ենք, որ հասարակության 90%-ը մի կողմում է, 10%–ը՝ մի, և այդ 10%-ը պարտադրում է Սահմանադրություն փոփոխել։ Այդ Սահմանադրությունն ինչպե՞ս է աշխատելու»։

Բանախոսը նկատել է՝ առկա իրավիճակի համար մեղավոր է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում եղածների 90%-ը. «Գագիկ Հարությունյանից սկսած՝ բոլորը կեղծիքների գլխավոր ճարտարապետներն են. դրանց օրոք է ամեն ինչ եղել»։
Բացի այդ, Ավետիսյանի կարծիքով սահմանադրական փոփոխությունների հետևանքով ՀՀԿ–ն ավելի ազնիվ չի աշխատելու, ավելի քիչ չի թալանելու, մարզպետներն էլ գրագետ չեն լինելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը