Քաղաքական

18.09.2009 14:38


Վահան Հովհաննիսյան.«Ցավոք մեր ԱԺ որոշ պատգամավորներ իրենց պահել են որպես այդ տեսակ մի կլակա»

Վահան Հովհաննիսյան.«Ցավոք մեր ԱԺ որոշ պատգամավորներ իրենց պահել են որպես այդ տեսակ մի կլակա»

-Քանի որ նախագահը չի բացառել նախաստորագրված արձանագրություններում փոփոխությունների հնարավորությունը, մենք շարունակելու ենք պայքարն այդ ուղղությամբ,- ասել է Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Ի դեպ, խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ Վահան Հովհաննիսյանը հետաքրքիր դրվագ է նկատել.

-Հին ժամանակներում թատրոններում կիրառվում էր «կլակա» երևույթը, երբ անտաղանդ բեմադրիչներն ու դերասանները դահլիճում նստեցնում էին իրենց հավատարիմ ընկերների խումբ, որոնց, որպես կանոն, վճարում էին, և նրանք ծափահարում էին, որպեսզի այդ խայտառակ բեմադրությունն, այնուամենայնիվ, դրական տպավորություն թողնի,-ասել է Վահան Հովհաննիսյանն ու նշել, թե ինքը, ցավոք, նկատել է, որ մեր ԱԺ որոշ պատգամավորներ իրենց պահել են որպես այդ տեսակ մի կլակա։

Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ նման երևույթ է նկատվել նաև նախագահի հետ հանդիպման ժամանակ։

-Իհարկե, զավեշտալի պահեր ևս եղան։ Պարոն Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ այս տեսակի արձանագրությունների ոգուն ինքը կողմ է եղել 60-ականներից, ինչը, հավանաբար, ենթադրել է տալիս, որ 1965թ., երբ ամբողջ ժողովուրդը հրապարակներում կանգնած էր «Վերադարձրե՛ք մեր հողերը» լոզունգներով, պարոն Մանուկյանի ձեռքում այլ լոզունգ էր։ Հավանաբար, նրա լոզունգի վրա գրված էր՝ «Ճանաչե՛նք Կարսի պայմանագիրը, փակե՛նք այս էջը, մոռանա՛նք Ցեղասպանությունը»։

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավարը հասկանում է «մարդկանց նյարդայնացումը, որովհետև հասարակությունը նրանց դիրքորոշումը կարող է կապել իրենց՝ այսօրվա զբաղեցրած պաշտոնի հետ, և որպեսզի նման տպավորություն չթողնի ու մարդկանց ուշադրությունը շեղի այդ տեսակ կլակային հավատարմություն արտահայտելուց, նրանք սկսում են խոսել իրենց անցյալի հայացքների մասին»։

Սյուզի Մելքոնյան

 

Այս խորագրի վերջին նյութերը