Խմբագրական

Սեպտեմբեր 22, 2009 18:54

Հայաստանն անկախության ճանապարհին

Հայաստանն անկախության ճանապարհին

Սեպտեմբերի 21-ին մեր պետությունը դարձավ 18 տարեկան։ Այսինքն, մենք արդեն չափահաս ենք, և «բանակ» գնալու ժամանակն է։ Բայց արդյո՞ք մենք պատրաստ ենք «բանակում» ծառայել, այսինքն՝ ամենօրյա քրտնաջան աշխատանքով կերտել անկախ Հայաստան։ Փորձենք պատասխանել այդ հարցին։

Հայկական յուրաքանչյուր՝ քիչ թե շատ  մարդաշատ ուտել-խմելու արարողության ժամանակ կարմիր թելի պես անցնում են երկու հիմնական կենացներ կամ խոսակցության թեմաներ, որոնք, ըստ էության, իրարամերժ նպատակներ են պարունակում իրենց մեջ։

Կենացների մի խումբն ակնհայտ «պացիֆիստական» բնույթ է կրում։  Սեղանակիցները միմյանց ցանկանում են անպայման  արու զավակ ունենալ, իսկ եթե տղան արդեն կա, ապա անպայման նրան բանակից ազատելու հնարավորության կենացն  է խմվում։ Եթե բացահայտ չի էլ խմվում այդ կենացը, ապա խոսակցությունների ենթատեքստը հետևյալն է ՝«Մեր  անուշ բալեն չպետք ա ընկնի շուն ու գելի բերան։ Պետք ա վայենկոմատում հիմիկվանից մարդ ճարել, որ նա (ենթադրենք՝ Տիգրանչիկը) բանակ չգնա»։

Երբ քեֆի մասնակիցների օգտագործած խմիչքի դոզան հասցնում է նրանց  համապատասխան կոնդիցիայի, առաջ է քաշվում կենացների կամ խոսակցության 2-րդ՝ «պահանջատիրական»  փունջը՝ «Էս ել խմենք  Ծովից ծով Հայաստան ունենալու կենացը» թեմայով։ Հարբած մասնակիցներն այդ պահին, որպես կանոն, հիշում են Տիգրան Մեծին ու լավ զգում, որ բանակից  ազատվելիք իրենց տղայի անունն էլ է Տիգրան։

Այսպիսով, հայկական «զաստոլիաների» ժամանակ արտահայտված հակասական կենացները կամ ցանկությունները ցույց են տալիս, որ մեր մտածողությունն անկախական չէ և հիմնված է 3-րդ ուժի միջոցով փրկվելու և ապրելու գաղափարի վրա։ Եվ դա «բնական» է, քանի որ միայն հայկական «շուստրիությամբ» է հնարավոր վերը նշված 2 ծրագրերի «իրականացումը»։

Տեսե՛ք.  եթե  մի կողմից ուզում ենք Ծովից ծով Հայաստան, իսկ մյուս կողմից էլ՝ ձգտում տղային բանակ չուղարկելու ծրագիրն իրականություն դարձնել, ապա այդ դեպքում հայ քաղաքական «միտքը» պետք է «հանճարեղ» լուծում գտնի։ Եվ «գտել» է. շատերը կարծում են, որ  կարելի է  ռուսի, ամերիկացու, ֆրանսիացու (հիմա մոդա  է դարձել նաև թուրքը) միջոցով  մեր բոլոր խնդիրները լուծել։ Հայ քաղաքական «միտքը» կարծում է, որ 3-րդ ուժին ճիշտ համոզելով՝ կարելի է  ճարպկորեն կարգավորել սեփական խնդիրները՝ «Չէ՞ որ մենք տուժած ազգ ենք։ Համ էլ առաջինն ենք պետականորեն ընդունել քրիստոնեությունը, և մեզ տանջվել չի կարելի։ Մենք այնքա՜ն տառապել ենք արդեն, ու թող ուրիշները մեր խնդիրները կարգավորեն։» սրտաճմլիկ հիմնավորմամբ։ Ու երբ պարզվում է, որ միայն ինքդ կարող ես քո խնդիրները լուծել, մենք ընկնում ենք խորը դեպրեսիայի մեջ և չենք հավատում մեր ուժերին նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն լուծած ենք լինում շատ կարևոր խնդիր։ Հայ քաղաքական «միտքն» այդ պահին գտնում է մի երրորդ ուժի և նրան վերագրում սեփական հաջողությունը։ Այդպես եղավ նաև Արցախի պատերազմը հաղթելու հետ կապված։ Միջին վիճակագրական հայը «խորաթափանցորեն» նկատում է, որ միայն ռուսների շնորհիվ հաջողվեց հաղթել արցախյան ռազմի դաշտում։ Այդպես, երևի, ավելի ապահով է ու անհոգ։ Թե չէ հետո պետք է տեր կանգնես քո հաղթանակին, իսկ դա ուժերի գերլարում է պահանջում, որը չի մտնում մեր «ծրագրերի» մեջ։ Երբ համոզված ես, որ ուրիշներն են քո փոխարեն հաղթել, ապա ուժերի գերլարումն էլ կարող ես ուրիշից պահանջել ու հանգիստ ապրել։ Ու եթե հանկարծ այդ ուրիշը հույսերդ չարդարացնի, ապա ոչինչ. կարող ես հավերժ դժգոհողի քո կարգավիճակով շարունակել Ծովից ծով Հայաստան երազել ու տղայիդ բանակից ազատել...

1988-ին շատերը կարծում էին, որ եթե մի լավ նամակ գրենք Գորբաչովին ու Լիգաչովին, ապա Արցախը կտան մեզ։ Պատահական չէր, որ հայ ժողովուրդը Արցախն էր պահանջում՝ «Լենին, Պարտիա, Գորբաչով» պաստառները ձեռքներին։ Հետո պարզվեց, որ այդպես չէ. եթե ուզում ես, որ Արցախը քոնը լինի ու այնտեղի հայերին չկոտորեն, ապա պետք է կռվես։ Այ դրան 88-ի ժողովրդի մեծ մասը պատրաստ չէր։ Իրար հակադրվեցին բանակից ազատվելու կամ բանակում «խլեբառեզի» կարգավիճակում ծառայելու և Ծովից ծով Հայաստանի գաղափարները։

«Կոլցո» օպերացիայից հետո շատերի  աչքերը բացվեցին, ու հասկանալի դարձավ, որ 3-րդ ուժը ոչ միայն չի փրկում մեզ, այլև կարող է բռնություն կիրառել.  սովետական զորքերն ու ադրբեջանական ՕՄՕՆ-ը դատարկում էին Ղարաբաղի հյուսիսային հատվածները։ Այլընտրանք չմնաց։ Պետք էր կռվել։ Ի դեպ, Հայաստանի քաղաքական ուժերի մեջ կային մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ խոսում էին Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հնարավորության մասին։ Նրանց կարծիքով Ադրբեջանն այդ կերպ կդադարեցներ Նոյեմբերյանի, Իջևանի կամ  Ղափանի  ուղղությամբ հրաձգությունը։ Մերոնց «խաղաղասիրությանը» ազերիների նախագահ  Էլչիբեյը պատասխանում էր ոտքերը Սևանում լվալու ցանկության մասին հայտարարությամբ։ Դրանից հետո է, որ Հայաստանի քաղաքական վերնախավում վերջնականապես ընկալեցին, որ Արցախի պատերազմը միայն արցախահայությանը չէ։ Դա տեղի ունեցավ միայն 1992-ին, ու որոշվեց իրականացնել  Շուշիի ազատագրման օպերացիան։ Մինչ այդ՝ պատերազմը գնում էր իր ողջ դաժանությամբ, իսկ Երևանում կային մարդիկ, ովքեր խոսում էին Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու մասին։

Անշու՛շտ, որևէ մեկը դեմ չէ հարևանների հետ խաղաղ ապրելուն, բայց եթե դիմացինդ այլ մոտեցում ունի, ապա խաղաղության հասնելու միակ տարբերակն ագրեսորին համարժեք պատասխան տալն է։ Զարմանալի է, բայց այս պարզ ճշմարտությունները մինչ օրս ոմանք չեն հասկացել։ Հայտնի է, որ միայն ուժեղի՛ հետ են հաշվի նստում։ 1994-ին Ադրբեջանը ստորագրեց, այսպես կոչված, հրադադարի մասին փաստաթուղթը ոչ թե այն պատճառով, որ խաղաղություն էր ուզում, այլ որ ստիպված էր։

Ցավոք, մինչ այժմ մենք չենք  գիտակցել այն, որ Արցախի պատերազմի շնորհիվ էր, որ մենք անկախ պետություն ունենալու ճանապարհին կանգնեցինք։ Հիմա էլ կան մարդիկ, ովքեր տարանջատում են Հայաստանի ու Արցախի շահերը։ Սա հետևանք է հարյուրամյակներով պետություն չունենալու և կարծրացած կղերապահպանողական մտածողության։

Այսօր, երբ մենք ունենք անկախ պետություն,  ճիշտ ժամանակն է դաստիարակել ՀՀ լիարժեք քաղաքացուն, որպեսզի նա ձերբազատվի 3-րդ ուժին ապավինելու մտածողությունից, ձերբազատվի ինքնաոչնչացնող միֆերից ու պատրանքներից և իր ամենօրյա գործունեությամբ կերտի մեր անկախ պետությունը։

Անկախացման բարդ ու ոլորապտույտ ճանապարհին մենք արդեն բազում կեղծ միֆեր ու պատրանքներ ենք պայթեցրել, բուժվել նորանկախ Հայաստանի մանկական հիվանդություններից ու պատվաստվել որոշ վիրուսների դեմ, բայց գլխավոր վիրուսի դեմ դեռ իմունիտետ չունենք։  

Օրինակ՝ 88-ի ժողովրդական բանահյուսությունը ՀՀ անկախ պետության  քաղաքացիների բարեկեցիկ կյանքը ներկայացնում էր «Ջերմուկ հանքային ջուրն ու մոլիբդենը ծախենք՝ կապրենք» բանաձևով։ Սակայն կյանքը ցույց  տվեց, որ դա այդպես չէ։ Ջերմուկն ու մոլիբդենը, այո՛, ծախում ենք, բայց մեր պետությունը դեռ հետամնաց է, իսկ ժողովրդի մի ստվար հատված գտնվում է ծայր աղքատության մեջ։ Հիմա «Ջերմուկի» միֆը պայթել է, և դրա հիշատակումը ժպիտ կարող է առաջացնել  միջին քաղաքացու մոտ, իսկ այն տարիներին դա բավական լուրջ կերպով քննարկվում էր ու մինչև աչքով չտեսան՝  չհամոզվեցին, որ միայն «Ջերմուկով» Հայաստան չես պահի (չնայած հիմա էլ «Հայկական աշխարհի» ճարտարապետները կպել են Ջերմուկից (էլի՜ Ջերմուկ) ու պոկ չեն գալիս. սկսել են մոծակների հարցերը լուծել, բայց էդ երիտբարեշրջիչների թեման մեկ այլ պատմություն է և այս հրապարակման շրջանակներից դուրս է)։

Մեր օրերում շրջանառվող ամենամեծ միֆն ու պատրանքն այն է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանը բացելով՝ հայ ժողովրդի համար երկնքից մանանա է թափվելու, իսկ հակառակ դեպքում մենք խեղդվելու ենք։ Ընդ որում, այս միֆը տարբեր տարիների իշխանությունն ու ընդդիմությունը ներկայացնողների կողմից այնքան երկար տարիներ է քարոզվել մամուլով ու հնարավոր բոլոր այլ ձևերով (սկսած 1990 թվից, երբ գաղափարախոսության գծով պետնախարար էր նշանակվում մեկն, ով Արցախի հարցն ամեն կերպ փորձում էր տարանջատել Հայաստանից ու արցախահայությանը տեսնում էր Ադրբեջանի կազմում), որ հիմա Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դաշտը՝ իշխանությունից մինչև ընդդիմություն, դարձել են «Քիրվայական» կուսակցության  անդամներ ու վարակվել «թուրքական գրիպով»։

«Սերգո ջանի լավ ապրելու միակ հնարավորության» միֆը հատկապես գովազդվեց 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, որը քարոզվում էր «Մինչև Թուրքիայի  և Ադրբեջանի հետ սահմանը չբացվի, մենք լավ չենք ապրելու» բանաձևի օգնությամբ։

Նկատենք, որ «Ջերմուկը ծախելով՝ լավ կապրենք» միֆի հետ համեմատած՝ «Քիրվայությամբ դեպի երջանկություն» միֆը շատ վտանգավոր է և կրում է հակապետական և հակաանկախական բնույթ։ Փաստենք, որ «թուրքական գրիպի» վիրուսը մեզանում տարածվել է շատ հետևողական ու դրա դեմ մեր ազգը դեռ «պատվաստում» չի ստացել։ Բանն այն է, որ եթե բաց սահմանները նույնացվում են երջանիկ կյանքի հետ, ապա «բանակից» խուսափող և դեռևս մեջքը չուղղած ՀՀ միջին քաղաքացու մոտ գայթակղություն է առաջանում զիջումների գնալ այնպիսի հարցերում, ինչպիսիք Արցախի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերն են։ «Ղարաբաղը տանք, լավ ապրենք» բանաձևը նույնացել է  «Սահմանները բացենք, լավ ապրենք» կոդի հետ։ Արդյունքում  միջին հայն սկսում է փախչել ազգային խնդիրներից և դրանք դարձնում է առևտրի առարկա։ Սրա մեղավորն, անշուշտ, քաղաքական այն ուժերն են, որոնք տարիներ շարունակ քարոզում էին այդ թեզերը։ Բայց անկեղծ լինենք. միջին հայ քաղաքացին էլ է փորձում փախչել   ճիգեր գործադրելուց, և արդյունքում ստացվում են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները։

ՀՀ ներկա նախագահի քայլերը հայ կղերապահպանողական մտածողության խտացրած և գռեհիկացված տարբերակն են և Սերժ Սարգսյանը քիրվայականության գործնական իրագործմամբ է զբաղված։ Այնինչ՝ մոտեցումը հետևյալը պետք է լիներ. այո՛, մեզ անհրաժեշտ են բաց սահմաններ, բայց  ոչ մեր անվտանգության գնով։ Եթե Արցախի զիջումների գնով պետք է Թուրքիան սահման բացի, ինչի մասին կրկին հայտարարեց Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ապա մեզ պետք չեն այդպիսի բաց սահմաններ։ Սա՛ պետք է լավ հասկանալ, այլապես կարող ենք պետություն կորցնել։ Որպեսզի խալխից ազգ դառնանք՝ պետք է ամեն օր պայքարենք դրա համար։ Որպեսզի տարածքից ժամանակակից պետություն դառնանք՝ պետք է ճիգեր գործադրենք դրա համար։ Հենց այնպես ոչինչ չի լինում։ Լավ ապրել կարելի է նաև Փարիզում կամ Դուբայում։ Հզոր են այն ազգերը, որոնք կարողանում են ամենօրյա ջանքերով սեփական պետությունը կառուցել և  դասալիքի պես չփախչել ազգային խնդիրներից ու լավ ապրել սեփակա՛ն երկրում։ Չի՛ կարելի ատել սեփական հաղթանակներն ու կոմպլեքսավորվել դրանից։

Զարմանալի է, բայց մենք արցախյան հաղթանակներն այդպես էլ մեր միջոցով չանցկացրեցինք ու չվայելեցինք մեր հերոսությունը։ Մի քանի հարյուր տարի հող չազատագրելուց հետո ձեռքբերել տարածքներ ու դա չգնահատել՝ արդեն հանրային հիվանդության նշան է։ Անկախ պետության առկայությունը մեզ հիմա շանս է տվել մաքրվելու  և բուժվելու։ Կլինի հանրային առողջացում՝ կունենանք անկախ պետություն, որը մենք նվաճել ենք Արցախի ազգային-ազատագրական պայքարի միջոցով և ոչ թե ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ։ Չի լինի ինքնամաքրումը՝ կմնանք այս փտած վիճակում և ոչ մի իրական անկախություն էլ չենք ունենա։ Հիմա ընտրության պահ է։ Իշխանության և ընդդիմության (տարանջատումը գաղափարական չէ) դաշտում  քաղաքական մտածողության փտածությունը հասել է իր գագաթնակետին։ Սրանից հետո կա՛մ համազգային ժայթքում կլինի, կա՛մ՝ դանդաղ ոչնչացում։ Յուրաքանչյուրս իր որոշումը պետք է  կայացնի։ Ինքնամոռաց քիրվայականության կեղտոտ վիրուսից պետք է վերջնականապես ձերբազատվել։

Անդրանիկ   Թևանյան

Հ.Գ.։ Վերջերս, Արցախի խնդրի հետ կապված,  հրավիրվել էի սեմինար վարելու։ Մոտ 40 երիտասարդ աղջիկներ և տղաներ էին եկել։ Երբ հարցրի, թե ո՞րն է, ըստ իրենց, Արցախի հայանպաստ լուծման տարբերակը, ստացա ապշեցուցիչ պատասխաններ։ Ճիշտ է՝ ոչ բոլորը, բայց սեմինարի մասնակիցների գերակշիռ մասը հող հանձնելով էր պատկերացնում Արցախի հարցի լուծումը։ Նրանց միջև վեճը գնում էր 5, 6 կամ 7 շրջան հանձնելու շուրջ։ Բարեբախտաբար,  նախկին ԼՂԻՄ տարածքն Ադրբեջանին հանձնողներ չկային։ Բարեբախտաբար, կային նաև այսօրվա Արցախի ամբողջ տարածքը պահելու կողմնակիցներ,  բայց նրանք քիչ էին։

«Խաղաղասեր» երիտասարդներն այնպիսի հեշտությամբ էին խոսում մի քանի շրջան տալու մասին, որ ես պարզապես ցնցված էի։ Իմ այն հարցին, թե Ալիևը բուն Արցախն է ուզում, Սյունիքն էլ վրադիր, և հող հանձնելով՝ հարց չի լուծվի ու նոր պատերազմն ավելի շուտ կսկսվի, ինձ պատասխանում էին, որ այդ դեպքում միջազգային հանրությունը մեր կողքին կկանգնի, եթե ադրբեջանցիները կրկին որոշեն լվանալ իրենց ոտքերը Սևանա լճում։

Իմ հաջորդ հարցը վերաբերում էր կոնկրետ այն շրջանների անուններին, որոնք պատրաստ էին հեշտությամբ հանձնել սեմինարի մասնակիցներից  ոմանք։ Պարզվեց, որ  ազատագրված 7 շրջաններից առավելագույնը 3-4-ի անունները նրանք գիտեին՝ Քելբաջար, Լաչին և Աղդամ (Աղդամը, երևի, այն պատճառով գիտեին, որ Սերժ Սարգսյանը այն չի համարում իր հայրենիքը և այդ թեման լավ «ռասկրուտկա» է եղել)։ Այսինքն, այդ մարդիկ տարածքները հանձնում էին՝ չիմանալով անգամ դրանց անունները։

Անշուշտ, սեմինարի ընթացքում, երբ ես մեկ առ մեկ ներկայացրեցի բոլոր ազատագրված տարածքների անունները, բացատրեցի, թե որ շրջանն ինչու է ազատագրվել և ներկայացրեցի իմ մոտեցումներն արցախյան խնդրի լուծման վերաբերյալ, հանդիպման վերջում միայն մեկ հոգի էր մնացել, ով էլի խոսում էր ազատագրված տարածքները հանձնելու մասին, բայց դրանց թիվը նա 7-ից իջեցրել էր 5-ի։ Մնացածն արդեն խոսում էին Հայաստանը և Արցախը զարգացնելու, ազատագրված տարածքները բնակեցնելու, մեր ներքին կյանքը բարելավելու և տնտեսությունը հզորացալու մասին։ Նրանք էլ, ինչպես ես, կողմ եղան Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն ու սահմանները բացելուն, բայց ոչ մեր անվտանգության կորստի գնով, ինչը լրիվ իմաստազրկում է բաց սահմանների գաղափարը։

Ես այդ երիտասարդներին չեմ մեղադրում։ Այն, ինչ այսօր կատարվում է մեզանում, հետևանք է անկախ պետության երկարատև բացակայության և մեր քաղաքական վերնախավի մտածողության։ Ո՞վ է այդ երիտասարդներին քարոզել մեր հաղթանակների մասին, ո՞վ է տեր կանգնել մեր հաղթանակներին։ Ոչ ոք։ Հիմա մենք շանս ունենք նորմալ երկիր դառնալու, պարզապես այսօր մեր ազգային «ես»-ի ներքին աղբն ու մոլախոտը լցվել են դուրս։ Քաղաքական ուժերն իրար ձեն ձենի տված ուզում են հող հանձնելու և պարտվողականության մրցավազքի մեջ մտնել ու առաջինը տեղ հասնել, բայց համոզված եմ, որ դա նրանց մոտ չի ստացվելու։

Թուրքերի և ադրբեջանցիների հետ նորմալ հարաբերություններ կլինեն միայն այն դեպքում, երբ Հայաստանը կղեկավարեն քաղաքականապես առողջ մտածողությամբ մարդիկ։ Իշխանության և ընդդիմության դեմքերով հանդես եկող այսօրվա  «խաղաղասերներն» իրականում երկիրը տանում են դեպի պատերազմ և նոր ավերածություններ։ Բայց հուսահատվել պետք չէ։ Կգա նաև ազգային զարթոնքի ժամանակը։ Թարախը մինչև չհասունանա՝ չի պայթի։ Հիմա մենք գործնականում տեսնում ենք, թե ի՞նչ է նշանակում «Ամեն գնով բաց սահմաններ ունենալու» գաղափարը. դա հանգեցնում է Արցախի հարցում անվտանգության կորստին և Հայոց ցեղասպանության ուրացմանը։ Միգուցե մեզ այսօրվա փուլը պե՞տք էր, որպեսզի պայթեր ինքնամոռաց քիրվայության միֆը, և մենք ձերբազատվեինք ազգակործան պատրանքներից։ Միգուցե։ Հետևաբար, չկա չարիք առանց բարիք։ Այժմ մենք հնարավորություն ենք ստացել մաքրվելու հայկական մթնոլորտը թունավորող գաղափարներից։ Այդ առումով Սերժ Սարգսյանը նաև, անկախ իր կամքից, դրական ֆունկցիա է կատարում։ Շատ շուտով ասպարեզից դուրս կմնա վիրուսակիր միֆը, և ասպարեզից կհեռանան նաև այդ միֆի գաղափարախոսներն ու դրա այսօրվա իրագործողները։

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: