Հարցազրույց

15.11.2014 08:52


Բեռնար Շալանդ. «Մեզ տվեցին շատ վատ խաղադաշտ»

Բեռնար Շալանդ. «Մեզ տվեցին շատ վատ խաղադաշտ»

Ներկայացնում ենք ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը Պորտուգալիա-Հայաստան խաղից հետո:

- Նախ՝ շնորհավորում եմ Պորտուգալիային, որը շատ լավ թիմ ունի: Ցանկանում եմ շնորհավորել նաեւ իմ թիմին. նրանք կռվեցին, լավ պայքարեցին, լավ էինք տրամադրված խաղին: Այո, Պորտուգալիան լավ թիմ է, բայց մենք հիմար գոլ ընդունեցինք՝ չկարողանալով գնդակը հեռացնել տուգանային հրապարակից: Մենք կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել: Ես հիասթափված եմ արդյունքից: Բայց ես վստահ եմ, որ մենք լավ ապագա ունենք:
- Հրայր Մկոյանի վնասվածքից հետո Ձեր ծրագրերը որքանո՞վ էին փոխվել:
- Ոչ, այդ վնասվածքը չազդեց: Տարոն Ոսկանյանը լավ խաղ անցկացրեց Սերբիայի դեմ: Մկոյանը երկար ժամանակ չէր խաղացել: Ես ընտրություն ունեի, եւ ես ընտրել էի Ոսկանյանին: Բացի գոլի պահից՝ ես գոհ եմ Ոսկանյանի խաղից: Պետք է նաեւ նշեմ, որ Մկոյանն էլ ասաց ինձ, որ 100 տոկոսով պատրաստ չէ:
- Միգուցե ժամանա՞կն է, որ նոր խաղացողներ հրավիրեք պաշտպանական գծի համար: Դուք գիտեք՝ ում մասին է խոսքը…
- Այս պահին իմ խնդիրը միայն պաշտպանությունը չէ: Մեզ պակասում էին կառուցողական գործողությունները, որոնք պետք է սկսվեն դարպասապահից մինչեւ հարձակման գծի խաղացողներ: Մենք կարող ենք պահել գնդակը, կարող ենք ավելի հաջող գործել: Մենք պետք է ավելի արագ գործենք: Պետք է ավելի արագ անցնենք գրոհների, երկար փոխանցումներով ավելի հաջող գործենք:
- Դուք ասում եք՝ մենք հիմար գոլ բաց թողեցինք, բայց մրցակիցը տարածքային մեծ առավելություն ուներ:
- Դուք գիտե՞ք, թե ով է Պորտուգալիան Եվրոպայում: Պորտուգալիան իր կազմում ունի «Ռեալի» խաղացողներ: Դա հեշտ չէ: Նորմալ է, որ մրցակիցն առավելություն ուներ: Պորտուգալիան միշտ էլ հարձակողական ֆուտբոլ է խաղում եւ ստիպում է մրցակցին պաշտպանվել: Հետաքրքիր կլիներ, եթե այդ հարցը հնչեր 0:0 հաշվի ժամանակ:
Վերջում Բեռնար Շալանդը զայրացած ավելացրեց հետևյալը.
«Ես հարգանք ունեմ Պորտուգալիայի նկատմամբ, բայց երբ մենք ժամանեցինք այստեղ, մեզ տվեցին շատ վատ խաղադաշտ, չտվեցին լավ խաղադաշտ՝ ասելով, որ այնտեղ Պորտուգալիան է մարզվում: Բացի այդ, այսօր խաղին մենք ուշացած եկանք, քանի որ ավտոբուսի վարորդը և ոստիկանները չգիտեին ճանապարհը: 40 րոպե մեզ պտտեցին: Ես շատ զայրացած եմ. սա պատիվ չի բերում Պորտուգալիային: Այդպես չի կարելի»:

Այս խորագրի վերջին նյութերը