Մեկնաբանություն

15.11.2014 15:52


Ինչպես պետք է պատասխանել Ադրբեջանին

Ինչպես պետք է պատասխանել Ադրբեջանին

Ադրբեջանում էյֆորիայի մեջ են ընկել հայկական ուղղաթիռի խոցումից հետո։ Դա թույլի, «աբիժնիկի» ու պարտվածի էյֆորիա է։

Այս օրերին շատ է քննարկվում այն հարցը, թե ինչպիսին պետք է լինի մեր պատասխանը։ Խոսում են բոլորը՝ ռազմական գործից հասկացողներն ու չհասկացողները։

Թե ինչպիսին կլինի կոնկրետ այդ դեպքի հետ կապված պատասխանը, ժամանակը ցույց կտա. զինվորականներն ամենակոմպետենտն են այս հարցում, ու կարիք չկա գիտունիկի պես մեջ ընկնել։ Մեզ՝ ՀՀ ու ԼՂՀ քաղաքացիներիս, այս հարցից առավել պետք է հետաքրքրի մեկ այլ բան։

Բացի լոկալ պատասխանից՝ կա նաև ամբողջական պատասխանի խնդիր։ Մենք Բաքվին մեր պատասխանը պետք է տանք Հայաստանում ու Ղարաբաղում՝ ստեղծելով ժողովրդավարական պետություն, կայացած պետական ինստիտուտներ և դինամիկ զարգացող տնտեսություն։

Ալիևը լկտիացել է Սերժ Սարգսյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության հետևանքով։

Վերջին վեց տարվա ընթացքում ձախողումները հաջորդում են մեկը մյուսին։

Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնության մակարդակը միջազգային ասպարեզում։

«Նախաձեռնողականության» արդյունքում Հայաստանում գլուխ է բարձրացրել 5–րդ շարասյունը, որի ներկայացուցիչներն ադրբեջանցիների հետ Ղարաբաղը հանձնելու փաստաթղթեր են ստորագրում «քաղաքացիական» մակարդակով, ու դա քարոզվում է Բաղրամյան 26–ին կցված լրատվամիջոցներով։

Հայաստանը կորցրել է հարյուր հազարավոր քաղաքացիներ։

Հայաստանը կորցրել է կապիտալ, որը գլխապատառ փախչում է՝ չվերածվելով ներդրումների։

Հայաստանում գաղջ մթնոլորտ է, որը խրախուսվում է ամենավերևից։

Բնական է, որ այս պայմաններում թշնամին լկտիանում է։ Մեր հարվածը, հետևաբար, պետք է լինի համակարգային։ Ադրբեջանի սուլթանատին պետք է հակադրել ոչ թե սերժսարգսյանական սուլթանատ (սահմանադրական փոփոխությունները հենց դրան են միտված), այլ ժամանակակից ստանդարտներով կառավարվող երկիր։

Ադրբեջանն, իր նավթից բացի, այլ բան չունի։ Դա պարտված բանակի ու պարտված քաղաքացիների պետություն է։

Մենք, ուրեմն, չպետք է մսխենք մեր հաղթանակն ու պետք է կապիտալիզացնենք այն այնպես, որ ամեն մեկն իրեն հաղթող զգա, այլ ոչ թե աղքատության ու անօրինականության պատճառով հաղթանակը չգնահատող ու ինչ–որ տեղ՝ նաև ատող։

Հայաստանի պատասխանն Ադրբեջանին մի քանի մասից պետք է բաղկացած լինի։ Առաջին փուլում պետք է իշխանափոխություն անել և կանգնեցնել այս հետընթացը։ Դրանից հետո կգա աշխատելու և բարեփոխելու ժամանակը։ Հաղթանակն ու ապագան այդ դեպքում հաստատ մերը կլինեն։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը