Մեկնաբանություն

19.11.2014 12:35


Ասեցինք՝ «չէ», էլի, «нет»

Ասեցինք՝ «չէ», էլի, «нет»

Երեկ հայտարարվեց, որ «եռյակը» հրաժարվել է բանակցություններ վարել իշխանության հետ։

Ոչիշխանական ուժերի ներկայացրած 12 պահանջների շուրջ երկխոսելու՝ իշխանության՝ իրար հետևած առաջարկներին տրվեց հետևյալ բովանդակությամբ պատասխան. «Մենք ձեզ հետ քննարկելու ոչինչ չունե՛նք»։

Բայց, արի ու տես, որ չեն կարողանում կամ, ավելի ճիշտ, չեն ուզում հստակ ասվածն ընկալել։ Իշխանական քարոզչամեքենան, բնականաբար, նաև Բաղրամյան 26-ի «ասեղի» վրա նստած «ընդդիմադիր» լրատվամիջոցները, շրջանառության մեջ են դրել իշխանություն-«եռյակ» երկխոսության մեկնարկի վերաբերյալ անկապ դատողություններ։

Հասկացանք, որ փող եք ստանում՝ պետք է աշխատեք։ Բայց էդքան կացնայի՞ն։

Ասվել է, չէ՞, երկխոսություն չի լինելու՝ «нет»։ «Բա որ», «բա եթե», «իսկ եթե հանկարծ»... չի՛ լինելու երկխոսություն։

Զուգահեռաբար էլ կրկին առաջ է տարվում արդեն մաշված գիծը. «Եթե կտրուկ գործողությունների չեք անցնում, իշխանությանը շունչ քաշելու շանս եք տալիս։ Ինչո՞ւ դուրս չեք գալիս փողոց»։–Սա արդեն անլուրջ է։

Բաղրամյան 26-ին առաջարկում ենք դադարեցնել վաղուց բացահայտված «ընդդիմադիրներին» ֆինանսավորելը։ Ջուրը գցած փող է։ Ավելի լավ է՝ պահեք ձեզ այդ գումարը. առաջիկայում այն ձեզ հարկավոր կլինի։

Սերժ Սարգսյանի «հրաժարականը պահանջող» նրա իսկ աշխատակիցները, ի վերջո, պետք է հասկանան, որ անիմաստ ջուր են ծեծում։ Ավելի լավ է՝ հետևեք գործող նախագահի ազդեցության տիրույթից դուրս գտնվող գործընթացներին։ Իրականում հենց դրա՛նք են հանգեցնելու իշխանափոխության, որին դուք այդքան «սպասում եք»։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը