Տնտեսական

20.11.2014 13:33


Տնտեսագետ. «Վարձատրվում են այն մարդիկ, որոնք, իբր, կառավարում են»

Տնտեսագետ. «Վարձատրվում են այն մարդիկ, որոնք, իբր, կառավարում են»

Այսօրվա ասուլիսին տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադառնալով 2015 թ. պետական բյուջեի ծրագրին՝ նշել է, որ բյուջեն այնպիսին չի, ինչպիսին պետք է լիներ. «Երկար ժամանակ է, որ բյուջեն՝ որպես այդպիսին, ՀՀ–ում դարձել է մի իմիջիայլոց «ինստիտուտ...»»։

Տնտեսագետի խոսքերով՝ այդ բյուջեն չի ենթադրում դինամիկա, որ, օրինակ, մյուս տարի երկիրը կունենա ավելի մեծ հաջողություններ.

–Գործադիր իշխանությունն արդեն տարիներ շարունակ աշխատում է հանկարծակի ծանրաբեռնված չաշխատել։ Ես այդպես եմ կարծում և չեմ սխալվում։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ավելի մատչելի, ավելի դյուրին ցուցանիշներ են վերցվում եկամուտների կտրվածքով, ծախսերի կտրվածքով, որոնց կատարումը, ըստ էության, խնդիր չներկայանա գործադիր իշխանության համար։

Բանախոսն ընդգծել է՝ երկրում առկա են անհետագձելի սոցիալ–տնտեսական խնդիրներ, որոնք պահանջում են առավելագույն բյուջե և առավելագույն ծախսեր։

–Ինչ վերաբերում է եկամուտների հավաքագրմանը բյուջեի համար։ Տեսե՛ք, սա էլ իր կողմից մի խոցելի ինստիտուտ է. բեռը հավասարաչափ բաշխված չի սուբյեկտների միջև, որի պարագայում ստացվում է դիսոնանս՝ պայմանավորված նրանով, որ գործունեություն ծավալողներիմի ճնշող մեծամասնություն պարզապես դադարում է գործունեություն իրականացնել իր վրա դրվող հարկերի ու տուրքերի պատճառով։ Որոշներն էլ ունեն, այսպես ասած, արտոնություններ՝ ոչ օրինական, և գտնվում են չափազանց հեշտ տնտեսական շրջանառության մեջ. արդյունքում՝ ստացվում է տնտեսական մրցակցության ոչ առողջ մթնոլորտ։

Բոստանջյանը շեշտել է՝ բյուջեի հարցով իշխանություններն անհանգստացած չեն. «Ազգային ժողովում, բացի իշխող կուսակցությունից, ներկայացված է նաև հինգ այլ քաղաքական ուժ, և դուք լսել եք արդեն, որ հինգ քաղաքական ուժ ասել է, որ դեմ է 2015 թ. բյուջեին։ Այս պարագայում դուք նկատե՞լ եք որևէ անհանգստություն իշխող ուժի մոտ։ Ինչպես միշտ, նրանք մտածում են, որ բյուջեի հաստատման օրն անհրաժեշտ քանակի ձայներ կգտնեն։ Այսինքն, լավ է, վատ է, գոհ են, դժգոհ են՝ որևէ նշանակություն չունի։ Իշխանությունները վարվում են այնպես, ինչպես ուզում են։ Ես հասկանում եմ, որ մեր հասարակությունն այլևս չի ուզում, որ մեր իշխանությունները գործեն այնպես, ինչպես գործում են։

Բանախոսն ընդգծել է, որ բյուջեի միայն 18.5 տոկոսը հատկացումներ է պետական հատվածին. «Մի երկիր, որն ունի շատ սահմանափակ հնարավորություններ բոլոր առումներով, գրեթե 20 տոկոսը միայն վարձատրվում են այն մարդիկ, որոնք, իբր, կառավարում են։ Այդ կառավարումն էլ այնպիսին է, ինչպիսին դուք տեսնում եք։ Ողջ հասարակությունը դժգոհ է այդ կառավարումից»։
Ինչ վերաբերում է ներդրումներին պետբյուջեի շրջանակներում, Բոստանջյանը նշել է. «Ընդհանրապես, ներդրումների աճը պայմանավորված է մի հանգամանքով՝ որքանով է կապիտալը պաշտպանված տվյալ երկրում։ Օտարերկրյա ներդրողներն արդեն ընդհանրապես, բացարձակապես հեռանկարներ և հույս չունեն, որ պետք է գան այստեղ՝ շրջանառություն իրականացնելու։ Մեր սեփական, հայրենական գործատուներն արդեն վախենում են ներդրումային գործողություն իրականացնելուց՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կարող են իրենց ներդրումները, սեփականությունը կորցնել։ Ներդրումային քաղաքականությունը, ուղղակի թե անուղղակի, օտարերկրյա թե հայրենական, տեղի կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ խստագույնս պաշտպանված է քո սեփականության իրավունքը, իսկ մեր երկրում գիտեք՝ ինչ ձևով է դա արվում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը