Հարցազրույց

21.11.2014 10:27


Տիգրան Ուրիխանյան. «Մեզ ու հանրությանն ուղղակիորեն խաբեց Կառավարությունը»

Տիգրան Ուրիխանյան. «Մեզ ու հանրությանն  ուղղակիորեն խաբեց Կառավարությունը»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ

–Ինչո՞ւ ԲՀԿ խմբակցությունը չմասնակցեց «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։

–Երկար ժամանակ ես և իմ բազմաթիվ գործընկերները պայքարում էինք երկրում տեղի ունեցող խայտառակության դեմ («խայտառակություն» բառը դեռ մեղմ է ասված)։ Առանց դատարանի վճռի (ինչը հակասահմանադրական երևույթ է)՝ տարբեր տեսակի և հատկապես ճանապարհային երթևեկության, իբր, խախտումների դեպքում մարդկանց տուգանքներ նշանակելու հետևանքով ԴԱՀԿ–ն արգելանքներ է դնում մարդկանց սեփականություն հանդիսացող հաշվեհամարների և նյութական այլ միջոցների վրա։ Մեր գործընկերների հետ օրինագիծ մշակեցինք, հանձնաժողովների քննարկումների ժամանակ արդարադատության նախարարը խոստացավ, որ Կառավարությունն առաջիկայում բերելու է նոր փաթեթ, որպեսզի այդ և մի շարք այլ խնդիրներ ամբողջական փաթեթով լուծվեն։ Բայց արդյունքում մեզ ու հանրությանն ուղղակիորեն խաբեց Կառավարությունը, և Արդարադատության նախարարությունը՝ մասնավորապես, որովհետև բերեցին մի նախագիծ, որով ՀՀ քաղաքացիներին իրենց մտքով անցած չգիտեմ՝ ինչ հնարովի մի գաղափարի արդյունքում բաժանում են տաբեր իրավունքի սուբյեկտների։ Այսինքն, պետության հանդեպ մինչև 200 հազ. դրամի պարտավորություն ունեցող մարդկանց նկատմամբ խայտառակ հակասահմանադրական դրույթ էին ուզում կիրառել և այդ մարդկանց ունեցվածքի տիրապետումն ապօրինաբար՝ առանց դատարանի վճռի, ԴԱՀԿ որոշմամբ սահմանափակել։ Իսկ 200 հազարից ավելի պարտավորություններ ունեցողները դառնում են այլ սուբյեկտներ։ Փաստորեն, ՀՀ–ում օրենքը մի մարդու համար մի ձև է աշխատելու, մյուսի համար՝ այլ ձև։ Սա անթույլատրելի՛ է։ Եվ սրա դեմ պայքարը գնալու է բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով։

–Օրինա՞կ։

–Անձամբ ես և իմ բազմաթիվ գործընկերներն այնպիսի թեժ պայքար ենք ծավալելու, որ քիչ չի թվա, միանշանա՛կ։ Մենք, մասնավորապես, ՕԵԿ–ի հետ, հիմա շրջանառության մեջ ունենք մեր նախագիծը, որը հենց այսօր–վաղը նորից բերվելու է հանձնաժողով, ու մտնելու է ԱԺ քառօրյայի օրակարգ։ Ընդհանրապես, որևէ մեկիս սեփականության տիրապետումը չի կարող սահմանափակվել առանց դատարանի վճռի. դա ՀՀ մայր օրենքի վերօրենսդրական դրույթ հանդիսացող կետի պահանջն է։

–Բայց չէ՞ որ գործող օրենքն ավելի վատն է այս նախագծի համեմատ։ Եվ հիմա Կառավարությունն ասում է՝ այ, տեսեք, մենք լավ բան էինք ուզում անել, իսկ իրենք չընդունեցին այդ օրինագիծը։ Գալուստ Սահակյանն արդեն իսկ հայտարարեց՝ ի՞նչ է՝ ուզում եք, որ օրենքը նո՞ւյնը մնա։

–Այսինքն, տուգանքներով կոտորել մարդկանց ամբողջությանը վատ է, կոտորել մարդկանց մի մասին՝ ավելի՞ լավ է։ Դա ծիծաղելի է։ Եվ երկրորդը՝ սո՛ւտ փաստարկ են բերում, որովհետև այդ տույժերի և տուգանքների 95%–ը, իրենց իսկ վիճակագրությամբ, մինչև 200 հազար դրամն է։ Ու հենց սրա համար էլ այս օրինագիծը մտցրել էին։ Կա նաև մի դրույթ ևս՝ իբր, վարչական ամնիստիա մինչև 2012թ. նշանակված տուգանքների համար (մայր գումարը վճարելու հնարավորությամբ՝ տույժերի մասով միայն): Բայց դա էլ է ծիծաղելի, որովհետև բոլորին հայտնի է՝ արագաչափերը, կարմիր գծերը և մնացած ռեկետային պարագաները հայտնվեցին 2011թ. վերջից, իսկ 2012–13թթ. հեղեղեցին ամբողջ հանրապետությունը։ Այսինքն, որևէ բան այս օրենքով չէր փոխվում, դա սո՛ւտ էր։

–Ականատես եղանք, որ իշխանության համար 2 կարևորագույն օրինագիծ չկարողացան անցկացնել, որովհետև ոչիշխանական բոլոր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը. սա ինչի՞ մասին է խոսում։

–Սա խոսում է իշխանության չկազմակերպվածության և պատգամավորների թվի հետ կապված խնդիրների մասին, և եթե ոչիշխանական բոլոր ուժերը միասնաբար, գոնե այն պահերին, երբ ՀՀԿ–ն քվորում ապահովելու խնդիր է ունենում, համակարգված գործեն, կկարողանանք գոնե այդ եզակի դեպքերում (չունենալով հնարավորություն մեր օրենքներն անցկացնելու) իրենց էլ զրկել հակաժողովրդական նախագծերն անցկացնելուց։

–Հատկանշական է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Գարեգին Նուշիկյանը դեմ քվեարկեց այս նախագծին, երբ ողջ խմբակցությունը կողմ էր։ Սա՞ ինչպես եք գնահատում։

–Ես ողջունում եմ։ Եթե քաղաքական մեծամասնության մեջ կան մարդիկ, ովքեր ընդունում են իրենց կողմից առաջարկվող խայտառակ դրույթների անթույլատրելիությունը, ես ողջունում եմ նման մարդկանց։

–«Եռյակը» որոշել է արտահերթ նիստ հրավիրել «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու հարցով։ Բայց մենք շատ լավ գիտենք, որ ՀՀԿ–ն արտահերթները հաջողությամբ տապալում է՝ պարզապես չներկայանալով դրանց։

–Երբ իշխանությունը միանշանակ ճնշման արդյունքում, երևի թե անելանելիության զգացմամբ լցվելով՝ խոսեց 12 կետերի շուրջ բանակցությունների մասին, մենք հենց դրա համար էլ հայտարարեցինք, որ բանակցելն այսուհետ այլևս անհրաժեշտ է ժողովրդի հետ և միայն մե՛կ ճանապարհով՝ լուծելով այդ խնդիրները։ Խնդրեմ, լուծե՛ք «Ընտրական օրենսգրքի» փոփոխության հարցը, տվե՛ք հնարավորություն մարդկանց՝ գոնե մեկ անգամ իրենց իսկ քվեին համապատասխան իրական արդյունք գրանցելու ընտրությունների ժամանակ։ Այսինքն, դա պարզապես մի կետ չէ, որի շուրջ հրավիրվել է արտահերթ նիստ, և որն իրենք կարող են տապալել։ Դա համաժողովրդական ալիքի գլխավոր պահանջներից մեկն է։

–Իսկ եթե, այդուհանդերձ, տապալեն, ինչի՞ մասին կվկայի դա։

–Դա կվկայի այն մասին, որ իրենք իրենց բանակցելու, չբանակցելու, նորից վերանայելու կամ ինչ–ինչ գործողություններ կատարելու կամ դրանց իմիտացիա ստեղծելու հարցերում այնքան են խճճվել, որ իրենք իրենց հակասում են։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը