Հարցազրույց

24.11.2014 12:36


Վրաստանի նախագահը պատասխանել է «Վրաստանի Հայ Համայնք»–ի ներկայացուցչի հարցերին

Վրաստանի նախագահը պատասխանել է «Վրաստանի Հայ Համայնք»–ի ներկայացուցչի հարցերին

Նոյեմբերի 21-ին Վրաստանի նախագահի նստավայրում հանդիպում է կայացել Գիորգի Մարգվելաշվիլու և Վրաստանի Մարդու Իրավունքների գրասենյակին կից Ազգային փոքրամասնությունների Խորհրդի մեջ մտնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջև: Նախագահի հետ հանդպմնանը ներկա էր նաև Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպան Ուչա Նանուաշվիլին, փոքրամասնությունների հարցերով Վրաստանի նախագահի խորհրդատու Սոֆիո Շամանիդին, ինչպես նաև նախագահի վարչության, Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի այլ ներկայացուցիչներ: Տվյալ հանդիպմանը, որը փակ դռների ետևում տևել է գրեթե երկու ժամ, ներկա է եղել նաև Վրաստանի Հայ Համայնքի ներկայացուցիչը, որը Վրաստանի նախագահի ուշադրությունը հրավիրել է վիրահայությանը հուզող մի շարք հարցերի վրա:
Վրաստանի նախագահը պատասխանեց մի քանի հարցերի, իսկ մի քանիսին էլ պատասխանելուց զերծ մնաց: Չնայած, ավելի շուտ, կարևոր է այն հանգամանքը, որ այդ հարցերն ու թեմաները, այնուամենայնիվ, հնչեցվեցին նախագահական նստավայրի պատերի ներսում: Ընդամենը մի քանի տարի առաջ նման բանն անհնար էր…
Ընթերցողին ենք ներկայացնում այն երկխոսության սղագրությունը, որը կայացել է նոյեմբերի 21-ին «Վրաստանի Հայ Համայնք»-ի ներկայացուցչի և երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու միջև:
-Պարո´ն նախագահ, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել Վրաստանի նախկին քաղաքացիների` մեր երկրի քաղաքացիությունը վերականգնելու հարցի հետ կապված խնդիրներին:

Ցանկանում եմ հիշեցնել, որ քաղաքացիները, որոնք այսօր ապարդյուն փորձում են վերականգնել վրացական քաղաքացիությունը, ժամանակին դիմել են օտարերկրյա քաղաքացիություն ստանալու ոչ թե իրենց կամքով, այլ այն քաղաքականության հետևանքով, որը երկար տարիների ընթացքում վարում են Վրաստանի իշխանությունները: Վրաստանի կենտրոնական իշխանությունները, երկար տարիներ ի վեր, էթնիկ փոքրամասնություններով հոծ բնակեցված շրջաններին անհամեմատ քիչ ուշադրություն էին դարձնում, քան այլ շրջաններին: Իր շրջանների և բնակչության ճակատագրի հանդեպ նման անտարբերությունը այդ շրջաններում մի շարք սոցիալական բնույթի լուրջ խնդիրների առաջացման պատճառ է դարձել:
Խնդրում ենք Ձեզ օգտվել Սահմանադրությամբ սահմանված իրավունքից և վերադարձնել Վրաստանի քաղաքացիությունը բոլոր այն անձանց, ինչքան էլ որ նրանք լինեն` 100, 1000 կամ 10 000, որոնք ցանկանում են վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը:
- Այդ մարդիկ ցանկանում են ստանալ երկքաղաքացիությո՞ւն, թե՞ ցանկանում են վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը:
-Բոլոր այն մարդկանց մեծամասնությունը, ովքեր դիմել են պետությանը քաղաքացիությունը վերականգնելու խնդրանքով, տարվա մեծ մասն անցկացնում են Վրաստանում` իրենց տներում: Ավելին: Այդ մարդիկ այստեղ ունեն ընտանիքներ, որոնց անդամների բացարձակ մեծամասնությունը Վրաստանի քաղաքացիներ են: Չնայած այն բանին, որ Վրաստանի գործող oրենսդրության համաձայն` այդ մարդիկ լիարժեք իրավունք ունեն ստանալ երկրի քաղաքացիություն, նրանք ստանում են մերժում:
Մեզ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ անհատը Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու դիմում է ներկայացրել և մերժում է ստացել հետևյալ մեկնաբանությամբ` «քաղաքացիության շնորհումը պետական անվտանգությանը սպառնալիք է ներկայացնում»:
Ցանկանում ենք դիմել Ձեզ` որպես Ազգային Անվտանգության Խորհրդի նախագահի` Վրաստանի նախկին քաղաքացիների վերադարձը Վրաստան իսկապե՞ս սպառնալիք է ներկայացնում պետական անվտանգությանը:

- Կպատասխանեմ` ո´չ: Ես չգիտեմ, թե ո՞վ է գրում նման պատասխաններ… Ինչպե՞ս կարող է նախկին քաղաքացիների վերադարձը սպառնալիք պարունակել երկրի ազգային անվտանգությանը…
-Այդ դեպքում Մենք խնդրում ենք Ձեզ ուշադրություն դարձնել տվյալ հարցին և պատասխանատու մարմիններին տեղյակ պահել տվյալ թեմայի շուրջ Ձեր դիրքորոշումը: Երկրորդը, ինչի մասին ես պատիվ ունեմ Ձեզ հետ խոսելու, դա Վրաստանի կողմից «Փոքրամասնությունների լեզուների և տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիայի» վավերացման հարցն է: Հայտնի է, որ տվյալ փաստաթղթի վավերացման հարցը օրակարգային է «Վիզային ազատականացման» գործընթացի շրջանակներում: Այդ կերպ, ցանկանում ենք դիմել Ձեզ` որպես երկրի նախագահի, դիմե´ք Խորհրդարանին և երկրի Կառավարությանը քննարկման աշխատանքները սկսելու և հետագայում «Փոքրամասնությունների լեզուների և տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիա»-ն վավերացնելու կոչով:
Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այդ փաստաթղթի վավերացումն անխուսափելի է, և, համապատասխանաբար, ինչքան շուտ ավարտվի այդ գործընթացը, այնքան լավ կլինի մեր պետության համար: Տվյալ հարցում Ձեր մասնակցության և ներգրավման հետ «Վրաստանի Հայ Համայնք»-ը մեծ հույսեր է փայփայում: Նաև ցանկացնում ենք կիսվել Ձեզ հետ մեր անհանգստությամբ այն առիթով, որ Վրաստանի տարածքում գործող արտասահմանյան ընկերությունները, ինչպես մանր, այնպես էլ խոշոր, աշխատակիցներին աշխատանքի ընդունելիս երկրի քաղաքացիների միջև խտրականություն են դնում` ըստ ազգային պատկանելության: Մասամբ, ես խոսում եմ Վրաստանում գործող ադրբեջանական և թուրքական խոշոր ընկերությունների մասին: Մեզ հայտնի են բազմաթիվ փաստեր, երբ այդ ընկերությունները մերժելով աշխատանքի դիմողին և/կամ ստեղծելով սահմանված կանոններին ոչ համապատասխան աշխատանքային պայմաններ, անմիջական խտրականություն են իրականացրել ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիների հանդեպ:
Այդ հարցի կապակցությամբ Վրաստանի Մարդու Իրավունքների պաշտպանը վաղուց արդեն տեղեկացված է: Մինչդեռ, հարցը վերաբերում է մասնավոր ընկերություններին, իսկ վրացական օրենսդրությունը, մինչ վերջերս թույլ չէր տալիս Մարդու Իրավունքների Պաշտպանին հաստատել իր դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ և թույլ չէր տալիս համապատասխանաբար արձագանքել:
Ցանկանում ենք դիմել Ձեզ խնդրանքով` տվյալ հարցը ևս Նախագահի Վարչության կողմից պահել ուշադրության կենտրոնում և թույլ չտալ արտասահմանյան ընկերություններին Վրաստանի տարածքում Վրաստանի քաղաքացիների միջև խտրականություն իրականացնել:
-Ես լիովին հասկանում եմ տվյալ հարցի շուրջ Ձեր անհանգստությունը: Ցավոք, Վրաստանի նախագահի վարչությունը այսօրվա դրությամբ չունի համապատասխան ռեսուրս, որպեսզի ուշադրություն դարձնի նման հարցերին: Մինչդեռ, ինչքան մեզ հայտնի է, օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ, անհրաժեշտ ռեսուրս կունենա Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակը:
Վրաստանի Մարդու Իրավունքների Պաշտպան. Աշխատանքը տվյալ ուղղությամբ արդեն իսկ սկսված է: Մարդու Իրավունքների գրասենյակին կից արդեն սկսել է գործել նոր դեպարտամենտ` իրավահավասարության հարցերով դեպարտամենտ: Առաջ մենք իրոք չէինք կարող աշխատել մասնավոր ընկերությունների հետ, և դա լուրջ խոչընդոտ էր:
- Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել ևս մեկ հարցի շուրջ: 2015թ. կլրանա Հայ ժողովրդի Ցեղասպանության 100-րդ ամյակը: Մենք հասկանում ենք տվյալ հարցի շուրջ վրաց պետության դիրքորոշումը, բայց մենք խնդրանք ունենք, թող Վրաստանի նախագահը` որպես այս երկրի բոլոր քաղաքացիների նախագահ, այդ թվում նաև մեր նախագահը, կանգնի մեր կողքին և զգացնել տա մեզ, որ Վրաստանի իշխանությունները կիսում են մեր ցավը:
- Վրաստանի իշխանությունը միշտ էլ կագնած է իր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կողքին, ինչպես նաև մեծ զգուշությամբ է մոտենում Վրաստանում ապրող բոլոր ազգային խմբերի զգացմունքներին և հույզերին: Մեր մոտեցումը կայանում է նրանում, որպեսզի երկրում ապրող բոլոր ազգային խմբերին զարգանալու հավասար հնարավորություն տանք: Տվյալ հարցում չափորոշիչ են հանդիսանում վրացիները: Այսինքն, ազգային փոքրամասնություններից որևէ մեկը չպետք է ունենա ավելի քիչ հնարավորություն, քան վրացիները: Բացի այդ ամբողջ տարածաշրջանում, տվյալ հարցի կապակցությամբ, Վրաստանը շատ մեծ դեր է խաղում: Մենք պետք է խոստովանենք, որ Վրաստանում ապրող ազգային խմբերը շատ լավ գոյակցում են միմյանց հետ և լավ են զարգանում: Այդ փաստը հանդիսանում է այն մշակույթի և ավանդույթի մասը, որը դրված է վրացական մշակույթի հիմքում:
Այդ ամենից ելնելով` մենք շատ մեծ զգուշությամբ ենք վերաբերվում այդ զգացմունքներին և հարցերին: Մեր գլխավոր նպատակն է` շարունակել ներդաշնակ գոյակցությունը մեր հիասքանչ երկրում:

«Վրաստանի Հայ Համայնք»

Այս խորագրի վերջին նյութերը