Տնտեսական

24.11.2014 15:14


Վարդան Բոստանջյան. «Կարո՞ղ ես՝ այնպես արա, որ քո երկրից մարդիկ չգնան»

Վարդան Բոստանջյան. «Կարո՞ղ ես՝ այնպես արա, որ քո երկրից մարդիկ չգնան»

Այսօրվա ասուլիսին տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Կառավարության ներկայացրած 2015թ. պետբյուջեի նախագիծն անվանել է անհաջող։

–Սրանից անհաջող բյուջե պարզապես հնարավոր չէ, որ լիներ։ Ես ենթադրում եմ՝ ոչ թե 2015 թվականի, այլ նույն ձևի ՀՀ բյուջե կարելի կլիներ կազմել, ասենք, մինչև 3000 թվի համար։ Որովհետև ամեն տարվա բյուջեն նախորդից տարբերվում է մի փոքր։ Մի փոքր շպրտում են գումար՝ իբր, պետք է ծախսերը մեծանան, նետում են տարբեր հոդվածների վրա, որին կբռնի՝ կբռնի։ Ուզում եմ ասել, որ ոչ մի ծրագրային մոտեցում չկա։ Իհարկե, հասարակությանն ապակողմնորոշելու համար սուտ անվանումներ են դնում՝ սոցիալական։ Ի՞նչ սոցիալականի մասին է խոսքը, երբ երկրի 1/3–ն աղքատ է։

Բանախոսն ամոթալի է համարել աղքատության նման ցուցանիշի պայմաններում բյուջեից այդ ոլորտին 30-40 հազար շպրտելը։

–18.6%–ն աղքատ երկրի իշխանության վարձատրության ու պահպանման ծախսերն են։ Դուք պատկերացրեք՝ ինչ նախարարություններ են, ինչ գործեր են անում։ Կամ ընդհանրապես, ամեն մեկը մի մեքենա է վարում այստեղ, իշխանության ամեն մի ներկայացուցիչ այս մոբիլ հեռախոսից մի տաս հատ ունի, իր ընտանիքն ունի, այդ ամբողջը պետության փողն է, պետական բյուջեն է։ 18.6 %–ն իշխանությանը հատկացնելն այս փոքր հնարավորությունների տեր երկրի համար առնվազն հանցագործություն է։

Անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեով ոստիկանությանն ու Ազգային անվտանգությանը 45 մլն դոլարից ավելի հատկացումներին՝ բանախոսն ասել է. «Ես ուզում եմ հասկանալ՝ այդքան վա՞տն է հասարակական կարգի առումով մեր երկիրը, այդքան անհրաժե՞շտ են մեզ մոտ ոստիկանական մոտեցումները... Նման բյուջեով հաջողության հասնելն ընդհանրապես բացառված է։ Հաշվի առնելով նաև, որ մենք այս բյուջեով 2015 թվականին պետք է հանգրվանենք տնտեսական մի նոր միության մեջ»։

Ինչ վերաբերում է ԵՏՄ–ին, Բոստանջյանը շեշտել է՝ անկախ այն հանգամանքից՝ Հայաստանը որտեղ կգտնվի, առաջնահերթ պետք է մտածի երկրի՛ շահերի մասին. «Մենք ընդհանրապես մեր երկրում ի՞նչ ենք անում ԵՏՄ–ից ու ԵՄ–ից անկախ։ Ո՞րն է մեր երկրի առաջընթացը, հաջողությունը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության ասպարեզում։ Դրանք չկան»։

«Կարո՞ղ ես՝ այնպես արա, որ քո երկրից մարդիկ չգնան։ Ինչի՞ մասին է խոսքը»,–եզրափակել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը