Հարցազրույց

25.11.2014 12:32


«Այս իշխանությունները պետք է փոխվեն»

«Այս իշխանությունները պետք է փոխվեն»

Հարցազրույց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանի հետ

–Մի որոշ շրջան ՀԱՍԿ–ը, կարծես, պասիվ էր քաղաքական դաշտում։ Այժմ որոշեցիք միանալ համաժողովրդական շարժմանը։ Ինչո՞ւ։

–Մենք քաղաքական դաշտում միշտ կատարել ենք այն քայլերը, որոնք ինքներս համարել ենք անհրաժեշտ և ի վիճակի ենք եղել կատարելու։ Նախագահական վերջին ընտրություններին մենք սատարեցինք Րաֆֆի Հովհաննիսյանին և մեր ուժերի ներածին չափով մեր մասնակցությունը բերեցինք նոր գործընթացներին։ Մենք երբեք պասիվ չենք եղել և մեր հնարավորությունների սահմաններում մասնակցել ենք քաղաքական բոլոր գործընթացներին։

–Իսկ ինչո՞վ է պայմանավորված համաժողովրդական շարժմանը միանալը։

–Մեր կուսակցությունը ստեղծվել է 1996թ. հունվարին, և այդ օրվանից սկսած՝ մենք միշտ եղել ենք ընդդիմադիր դիրքերում։ Դա պայմանավորված է մեր գաղափարախոսությամբ, քանի որ միշտ կանգնած ենք եղել սոցիալական արդարության դիրքերում։ Համաժողովրդական շարժման նախաձեռնող երեք կուսակցություններն էլ մեզ համար ընդունելի են, մենք այդ երեքի հետ էլ ժամանակին համագործակցել ենք. 2008թ. պաշտպանել ենք Լևոն Տեր–Պետրոսյանի թեկնածությունը, 2013թ. նախագահական ընտրություններում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, իսկ վերջին խորհրդարանական ընտրություններում սատարել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Նրանք էլ ընդդիմադիր կամ այլընտրանքային այն ծրագրերը և մոտեցումներն են առաջարկել, որոնք մեզ համար միանգամայն ընդունելի են եղել։ Ասեմ, որ ԲՀԿ–ի հանդեպ մենք միշտ էլ ունեցել բարյացակամ վերաբերմունք և դա երբեք չենք թաքցրել. հրապարակայնորեն դա արտահայտել ենք։ Մեր դիրքորոշումն այն է, որ այս իշխանությունները պետք է փոխվեն, քանի որ նրանց վարած քաղաքականությունը չի արտահայտում այսօր ժողովրդի առջև կանգնած մարտահրավերների դրական լուծումները։ Գագիկ Ծառուկյանը ճիշտ ասաց՝ պետք է նոր որակի իշխանություն ձևավորել, որը բոլորովին այլ քաղաքականություն կվարի։ Հենց սրանով է պայմանավորված մեր որդեգրած դիրքորոշումը։

–Իշխանափոխության ռեալ հնարավորություն տեսնո՞ւմ եք, որին համաժողովրդական շարժումը կարող է հասնել։

Իհա՛րկե։ Պետք է շատ ավելի իրատես լինել և հաշվարկները ճշգրիտ կատարել, և քանի որ շարժումն արդեն համաժողովրդական բնույթ է ստացել, դրան պետք է մասնակցեն նաև արտախորհրդարանական ուժերը։ Դրանով շարժումն ավելի կհզորանա։ Իսկ ընթացքում պետք է ամեն ինչի պատրաստ լինել. կարող են նաև դիրքորոշումների, պահվածքի փոփոխություններ տեղի ունենալ, բայց դրանից չպետք է հեռուն գնացող եզրակացություններ անել։ Կարևորն այն է, որ գործը սկսվել է, և ես համոզված եմ, որ եթե ընթացքում անգամ ինչ–ինչ հարցեր առաջանան, դրանք իրենց լուծումներն ունենալու են։ Այսօր այնպիսի ձևաչափ է ձևավորվում, որն անպայման կարող է հաջողություններ ունենալ, որովհետև դրա ռեալ հնարավորություններն այսօր կա՛ն։ Համոզված եմ, որ ճիշտ քայլերի դեպքում նոր իշխանության ձևավորման խնդիրը մոտակա ամիսներին անպայման կլուծվի։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը