Մեկնաբանություն

25.11.2014 13:30


«Հայկական աշխարհն» ու դրամի «արկածները»

«Հայկական աշխարհն» ու դրամի «արկածները»

«Օղորմածիկ» Տիգրան Սարգսյանն ամեն ինչ արեց, որ «Հայկական աշխարհը» համալրվի մոտ 300 հազար ՀՀ քաղաքացիներով։

Հիմա, ահա, եկել է «արտաքսվածներից» պտուղները քաղելու և օգուտները հաշվելու ժամանակը։

Բանն այն է, որ անդրադառնալով վերջին օրերին դրամի փոխարժեքի կտրուկ անկմանը՝ ԿԲ–ն համոզմունք է հայտնել, որ ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին:

Ուշադրությո՛ւն դարձրեք հատկապես ԿԲ–ի՝ «բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին» ձևակերպման վրա։ Ստացվում է, որ մեր ԿԲ–ն դրական է գնահատում դրամի թուլացումը, քանզի «Հայկական աշխարհից» փող ուղարկած խոպանչիների հայաստանաբնակ բարեկամների գնողունակությունը կաճի, կամ, այլ կերպ ասած, դոլարը «չենջում» մանրելիս նրանք ավելի շատ դրամ կստանան ու ավելի շատ առևտուր կանեն (եթե, իհարկե, գները մնան նույն մակարդակի վրա)։

Իսկ մյուս նախադասությունները՝ արտահանման մրցունակության բարձրացում, ֆլան, ֆստան, ավելի շուտ բաժակաճառ են հիշեցնում, քանզի պետք է դինամիկ զարգացող բիզնես աշխարհ ունենաս, որ դրամի փոխարժեքի թուլացումից անմիջապես օգտվեն արտադրողներդ, ու արտահանվող ապրանքդ դրսում դառնա գնային առումով մրցունակ։

ԿԲ–ն, փաստորեն, ակամայից խոստովանում է, որ Հայաստանում Բաղրամյան 26–ի կողմից վարվող քաղաքականությունը հետևյալն է՝ ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ արտագաղթեն (մինչև այդ հանձնելով իրենց բիզնեսները կամ սեփականության մի որոշ մասը, որպես կանոն՝ 50 տոկոսը), ու դրսից փող ուղարկեն այստեղ մնացած իրենց հարազատներին։ Դե, իսկ ԿԲ–ն ամեն ինչ կանի, որ դրսից ուղարկած փողն այստեղ ավելի գնողունակ դառնա։

Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ է առաջարկում ԿԲ–ն այն քաղաքացիներին, ովքեր աշխատում են ՀՀ–ում, աշխատավարձը ստանում են ՀՀ դրամով և սպառում են դոլարի «ուժեղացման» հետևանքով թանկացած ներմուծվող ապրանքները։ Ի՞նչ անեն ՀՀ այն քաղաքացիները, ովքեր դոլարով վարկ են վերցրել, բայց եկամուտ են ստանում դրամով, ու հիմա, փաստորեն, պետք է ավելի մեծ գումար հատկացնեն վարկի մարման համար, քան նախատեսել էին։

ԿԲ–ում մոռացե՞լ են, որ տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիներին ԿԲ նախկին շեֆը խորհուրդ էր տալիս խնայողությունները պահել միայն ՀՀ դրամով։ Մի խոսքով...

Ի դեպ, մենք ներկայումս ստեղծված իրավիճակի համար ամենևին էլ ԿԲ–ին չենք մեղադրում կամ, ավելի ճիշտ, ԿԲ–ին չենք համարում գլխավոր մեղավորը։ ԿԲ–ն ընդամենը փորձում է արագ արձագանքման խմբի ֆունկցիա կատարել, և մենք դա շատ լավ հասկանում ենք։

Ձուկը գլխից է հոտած։ Եվ այս մասին գիտեն բոլորը։

Եթե նախագահական նստավայրը վերածվել է «քեշ» փող հաշվելու և տնտեսության յուղոտ քվոտաները բաշխելու բիզնես կանտոռայի, ապա այսպես էլ պետք է լիներ։ Եվ ուրեմն, գլխից է պետք բռնել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը